Արդեն 7 օրից ավել է, ինչ Մեղրի համայնքի բնակիչները ջուր չունեն։ Մեղրեցիների խոսքով՝ օրվա մեջ ջուրը տալիս են մի քանի րոպեով՝ այն էլ գիշերվա կեսին։ «Վեոլիա»-ից ասում են իբր վթար է, ջրամբարը մաքրում են, որից հետո կանոնավոր ջրամատակարարում կլինի։ Բայց քանի՞ օր են մաքրում, չո՞րս, յո՞թ»,-մեզ հետ զրույցում նշեց Մեղրի բնակիչ Արամ Ալավերդյանը։
Վերջինս պատմելով՝ կոնկրետ Մեղրի քաղաքի ջրամատակարարումը կատարվում է երկու ջրամբարից, որոնց մեջ ջուրը լցվում է ավելի մեծ ջրամբարից, որը քաղաքի վերեւի մասում է գտնվում։ «Վերեւի ջրամբարում հնարավոր չի ջուր չլինի, քաղաքում խոսում են, որ ջուրը այդտեղից, միանգամից մատակարարվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ արտադրական գործընթացի համար»,-նշում է մեր զրուցակիցը։ Ագարակ քաղաքում նույնպես նույն վիճակն է։ Ավելին, ըստ ագարակցիների՝ եթե մեղրեցիներին օրվա ընթացքում մի 15 րոպե ջուր են տալիս, ագարակցիները դրանից էլ են զրկված։
Կարդացեք նաև
Նախկինում նման դեպքեր էլի են եղել, բայց ըստ մեղրեցիների՝ 1-2 օր է տեւել։ «Բայց 7 օրից ավելի ջուր չլինի՞՝ ամռան այս օրերին, այն էլ Հայաստանի ամենաշոգ վայրում։ Ի՞նչ են մտածում պատկան մարմինները»,-հարցնում է Արամ Ալավերդյանը։ Մեղրիի համայնքապետարան են դիմել՝ պատասխանել են խմելու ջրի հարցերով «Վեոլիա» ընկերությունն է զբաղվում։
Դիմում են ուղարկել Սյունիքի մարզպետարան՝ հույս ունեն, որ հնարավոր կլինի մարզպետարանի միջնորդությամբ ինչ-որ բան փոխել։
Aravot.am-ը պաշտոնական գրավոր հարցում է ուղարկել Սյունիքի մարզպետարան եւ «Վեոլիա» ընկերությանը՝ խնդրելով պարզաբանել, թե իրականում ինչ է կատարվում, որ Մեղրի համայնքը օրերով ջրազրկված է։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ