ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:
Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները, հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները:
Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը:
Կարդացեք նաև
Այս համատեքստում Արթուր Դավթյանը շեշտել է, որ պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում առաջնահերթություն է նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ սահմանային պաշտպանության և անվտանգության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմանների ապահովման պահանջների կատարման, ինչպես նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող սոցիալ-տնտեսական, լոգիստիկ բազում ծրագրերի նպատակային և որակով իրականացման խնդիրները:
Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել Դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձնել մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը:
Գլխավոր դատախազը խորհրդակցության ժամանակ ինչպես Սյունիքի մարզի դատախազությանը, այնպես էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է նախանշված այս առաջնահերթություններից բխող կոնկրետ հանձնարարություններ:
Քննարկվել են նաև մինչդատական վարույթում գտնվող գործերով քննությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին