Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան մուտք է գործել 618 313 անձ, ՀՀ-ից ելքը կազմել է 624 368։ ՀՀ մուտքերի եւ ելքերի բացասական սալդոն կազմել է 6 055։ Այսինքն`այս տարվա չորս ամիսներին ՀՀ-ից 6 055-ով ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել։
Վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակել է 2022-ի առաջին չորս ամիսների սոցիալ ժողովրդագրական իրավիճակի ցուցանիշները։
Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների, ՀՀ մուտք գործած 618 313 քաղաքացիներից 260 564-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ մեկնած 624 368 քաղաքացիներից 260 564-ն են եղել ՀՀ քաղաքացի, բացասական սալդոն կազմել է 21 299։
Այս չորս ամիսներին մեկնումների եւ ժամանումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլ ամսին․ մուտքերը ապրիլին կազմել են 179 603, մեկնումները՝ 183 217։ Այսինքն, ապրիլին ՀՀ-ից ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել, բացասական սալդոն կազմել է 3 614։
Կարդացեք նաև
Հունվար, փետրվարին եւս ավելի շատ մարդ է մեկնել, քան ժամանել, այս ամիսներին բացասական սալդոն կազմել է համապատասխանաբար 5789 եւ 1823։ Մարտ ամսին այլ պատկեր է գրանցվել, Հայաստան ավելի շատ ժամանել են, քան մեկնել։ Մարտին մեր երկիր է ժամանել 159 662 մարդ, մեկնել՝ 154 491։ Այսինքն, այս տարվա մարտին 5171-ով ավելի շատ մարդ է ժամանել մեր երկիր։
Այս չորս ամիսներին ՀՀ այցելուների գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են եղել, եւ այս ամիսներին ՌԴ-ից մեր երկիր այցելուների թիվը գերազանցել է մեկնումների թվին։ Այսինքն՝ հունվար-ապրիլին 197 187 ՌԴ քաղաքացի է ժամանել, մեկնել՝ 186 434։ Այցելուների թիվը 10753-ով ավելի է մեկնումներից։
Նույն դրական պատկերն է նաեւ Վրաստանի քաղաքացիների այցելության դեպքում։ Մեր երկիր առաջին չորս ամիսներին ժամանել է Վրաստանի 54 771 քաղաքացի, մեկնել՝ 50 702։
Հայաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացիների թիվը նույնպես գերազանցում է մեկնածների թվին։ Հունվար-ապրիլին ՀՀ է ժամանել Ուկրաինայի 7 890 քաղաքացի, մեկնել՝ 7 370 քաղաքացի։
Թուրքիայից եւս ժամանումներ կան, նախկինում էլ այդ երկրի քաղաքացիների՝ ՀՀ այցեր են գրանցվել։ Այս տարվա առաջին չորս ամիսներին Թուրքիայի 2 187 քաղաքացի է ժամանել Հայաստան, մեկնել՝ 2 051։ Այսինքն՝ Թուրքիայի քաղաքացիների մուտքը ՀՀ 136-ով ավելի է ելքերից։
Նշենք, ըստ նույն սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշի, այս տարվա չորս ամիսներին մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին։ Հունվար-ապրիլին ծնունդների թիվը կազմել է 10665, մահերը՝ 10700։ Մահերը 35-ով ավել է եղել ծնունդներից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ