«Առաջին անգամ կամ եզակի դեպքերից է, երբ Հանրային հեռուստաընկերությունն այնքան ազատ է լինում, որ եթե նախկինում ասում էին, թե շատ դեմքերի համար փակ է եւ նրանք չպետք է եթերում հայտնվեն, ապա այսօր ունենք իրավիճակ, երբ հանրային շատ դեմքեր իրենք են հրաժարվում մասնակցել հանրային հեռարձակողի կազմակերպած բանավեճերին, քաղաքական հարցազրույցներին»,- ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին։
Գաբրիելյանը նշեց․ «Նաեւ քաղաքացիներն են տեսնում, որ այս մասով ազատությունը բավականին մեծ է։ Մենք էլ հուսանք, որ մեր ընդդիմադիր գործընկերներն ավելի շատ կգան Հանրային հեռուստաընկերություն։ Եթե ժամանակին խոսվում էր սեւ ցուցակների, արգելքների մասին, ապա այս պահի դրությամբ հակառակ պատկերը, ցավոք, երբեմն տեսնում ենք»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը համաձայնեց դիտարկմանը եւ հավելեց․ «Ավելի հաճախ Հանրայինով տեսնում եմ ընդդիմադիր կամ ընդդիմադիր խոսք ասող մարդկանց, քան իշխանության ներկայացուցիչներին։ Տպավորություն է, որ նրանք ավելի շատ են լինում Հանրայինում, այսինքն, ոչ միայն բացարձակ ազատություն կա, այլեւ նրանք ավելի շատ հնարավորություն ունեն խոսքը տեղ հասցնելու։ Սա գովելի է եւ քննադատության տեղ չի թողնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ