Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խախտումները կրկնվում են, կա իրավական կարգավորումների խնդիր, և որոշ խնդիրներ գուցե բխում են իրավական կանոնակարգումների բացերից ու թերություններից». Եղիշե Կիրակոսյան

Հունիս 07,2022 16:52

«Արդեն 20 տարի է` ՀՀ-ն անդամակցում է կազմակերպությանը և ստանձնել է պարտավորություններ կոնվենցիոն շրջանակներում: Այս 20 տարիներին բավականին աշխատանք կատարվել է հենց Եվրոպական կոնվենցիայի տարբեր իրավունքների երաշխավորման և այդ ուղղությամբ դատական, իրավական համակարգի թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու»,-Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կազմակերպած «ՄԻԵԴ վճիռների կատարումը՝ որպես արդար դատաքննության իրավունքի երաշխիք» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման վերաբերյալ ՀՀ նկատմամբ կայացված ՄԻԵԴ վճիռների կատարմանն առնչվող խնդիրները։ Աշխատաժողովի առանցքում Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի «ՄԻԵԴ վճիռների կատարման վերլուծություն. արդար դատաքննության իրավունք» հետազոտությունն է։ Ուսումնասիրվել են ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացրած մի շարք անկյունաքարային վճիռներ, որոնցում արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում։ Հետազոտության շրջանակներում վերլուծվել է այս վճիռների կատարման ընթացքը, ուսումնասիրվել այդ ուղղությամբ պետության ձեռնարկած ընդհանուր միջոցները և վեր հանվել դրանց առնչվող խնդիրները թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ դատական պրակտիկայում։ Ներկայացվել են առաջարկություններ, որոնք միտված են ապագայում նման խախտումները կանխելուն և բացառելուն։

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացը կոնկրետ գործով պայմանավորված չպետք է լինի: Եղիշե Կիրակոսյանը նկատեց՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքում հանդիպում են խնդիրներ, որոնք տարաբնույթ են և առաջին հայացքից կարող են թվալ շատ պարզ, բայց իրականում շատ բարդ են:

Եղիշե Կիրակոսյանը նաև կարևորեց այն բոլոր քննարկումներն ու ուսումնասիրությունները, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ ինչո՞ւ են կրկնվում նմանատիպ խախտումները՝ արդար դատաքննության իրավունքի խախտումները, գուցե կան խնդիրներ, որոնք բխում են իրավական կարգավորումներից կամ ուղիղ նաև այն իրավական համակարգերից՝ դատական, իրավապահ համակարգ, որոնք պատասխանատո՞ւ են այդ երաշխիքների ապահովման գործում: Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ այս դաշտում կատարելության հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու: Այս առիթով նա նշեց. «Խախտումները կրկնվում են, կա իրավական կարգավորումների խնդիր և որոշ խնդիրներ գուցե բխում են իրավական կանոնակարգումների բացերից ու թերություններից: Առաջնային ուղղությունն է խախտումների կրկնման պատճառները պարզելը, հասկանալ, թե ինչու են կրկնվում խախտումները: Դա կարող է ուղենիշ լինել պետության համար բարեփոխումների իրականացման հարցում»:

Եղիշե Կիրակոսյանի համոզմամբ՝ վճիռները կազմակերպելու գործընթացում կառավարությանն էլ է անհրաժեշտ օգնություն, և այսօրինակ քննարկումները ըստ նրա՝ նաև լավ հարթակ են նման հարցերն անընդհատ քննարկման առարկա դարձնելու և ուշադրության կենտրոնում պահելու համար: Նա հայտնեց՝ ունենք առանձին ուղղություն, որը զբաղվում է վճիռների կատարման համակարգման աշխատանքներով: Գործում է ֆունկցիոնալ ուղղություն, որի նպատակն է անել հետազոտություն և առաջարկություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930