Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ թույլ եմ տալիս, որովհետեւ լիքը բան գիտեմ, տիկի՛ն». ՀՌՀ նախագահը՝ գողացած փողերով ֆինանսավորվող հեռուստաընկերությունների մասին

Հունիս 07,2022 16:22

Հանրային հեռուստաընկերությանը տալի՞ս եք զգուշացումներ՝ իշխանությանն այդքան շատ լուսաբանելու, ամեն մի մետր ասֆալտի համար մի ռեպորտաժ պատրաստելու համար. այսօր ԱԺ-ում լրագրողները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին այս հարցն ուղղեցին: Նա ի պատասխան ասաց, որ լրատվության խնդիրներից է, որ որեւէ լրագրող չի զանգում իրեն ու չի ուզում ծանոթանալ մշտադիտարկման համակարգի հետ. «Ցանկացած ժամանակ եկեք, բացենք, ցույց տանք տոկոսները, ուզում եք սաղ դավթարները բերե՞մ: Մենք դիտարկումներ ունենք, հա: Եթե բոլոր հեռուստաընկերությունները փորձեն հավասարություն պաշտպանեն, մենք միգուցե այդ դիսոնանսը տեսնեինք, բայց Հանրայինի գործառույթներից է լուսաբանել ամբողջը, ինչ կատարվում է ՀՀ-ում: ՀՀ-ում կատարված իրադարձությունների զգալի մասը կապված է իշխանական գործողությունների հետ, բացեք CNN-ը, BBC-ն, մեծ մասը կապված է իշխանական օղակների գործունեության հետ: Ի՞նչ անի Հանրայինը, գա էլի ուղիղ եթերում միտինգնե՞ր լուսաբանի: Հա՞, լո՞ւրջ եք ասում: Իսկապե՞ս այդպես եք կարծում, դուք ուզում եք բոլոր ֆունկցիաները, որոնք պետք է կատարեն բոլոր հեռարձակողները, գցեք միայն Հանրայինի վրա՞: …Կոռեկտության խնդիրներ կան, խոսացեք մի քիչ ձեր մասին»:

ՀՌՀ նախագահը դժգոհեց, որ շատ հեռուստաընկերություններ բազմաթիվ խախտումներ են թույլ տալիս, մենք՝ լրագրողներս, դա չենք տեսնում, տեսնում ենք միայն Հանրային հեռուստաընկերության սխալները. «Մենք կարող ենք ենթադրել, որ այստեղ կողմնակալություն կա»: Երբ հիշեցինք, որ Հանրայինը սնվում է հարկատուների հաշվին՝ նա պատասխանեց. «Բոլորն են հարկատուների հաշվին: Այն գողացած փողերը, որով որոշ հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են, դա ի՞նչ է, հարկատուների հաշվին չի՞»:

Մեր հարցին՝ դուք հանրային պաշտոնյա եք, ո՞նց եք ձեզ թույլ տալիս ասել՝ գողացել են փողերը, երբ որ չկա դատական ակտ՝ նա պատասխանեց. «Ես ինձ թույլ եմ տալիս, որովհետեւ լիքը բան գիտեմ, տիկին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930