Մայիսի 31-ի լուսադեմին բնակարանագողը հրելով բացել էր Գյումրիի Ղորղանյան փողոցի տներից մեկի պատուհանը, մտել տուն, գողացել էր զարդատուփ, արծաթյա կախազարդ, դրամապանակ, կենցաղային իրեր: Թոշակառու տանտիրուհին ձայնից արթնացել էր, բղավել, բայց գողին տեսնել կամ գողությունը կանխել չէր կարողացել. բնակարան մտած անձը փախել էր:
Դեպքից րոպեներ անց ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Ղորղանյան փողոց, ուսումնասիրեցին դեպքի վայրը:
Փաստի առթիվ տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Կումայրիի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի 34-ամյա մի բնակիչ:
Կումայրիի բաժնի ոստիկաններն ու Շիրակի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած միջոցառումներով կասկածվողին հայտնաբերեցին Ջիվանու փողոցում, բերման ենթարկեցին ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Կարդացեք նաև
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը բնակարանային գողություն էր արել նաև մայիսի 11-ից 27-ն ընկած ժամանակահատվածում. Ղորղանյան փողոցի մի տնից գողացել էր նոութբուք և «Wi-Fi» սարք։
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն