Լրահոս
Օրվա լրահոսը

Կան ընտանիքներ, որոնք կրկին երեխա են ունեցել եւ 2-րդ անգամ օգտվել հիպոթեքի մայր գումարը մարելու ֆինանսական աջակցությունից. Գայանե Ղարագյոզյան

Հունիս 07,2022 14:44

2022 թվականին գրանցվել է դիմումների աննախադեպ աճ եւ արդեն մայիսի կեսերին սպառվել է այն գումարը, որը կառավարությունը, որպես աջակցություն տրամադրում է երեխա ունեցող ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու կամ հիպոթեքից մարում կատարելու նպատակով: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

Նախարարության պաշտոնյան նշեց, որ պատճառն այդ է, որ դիմել են կառավարություն՝ բյուջեի վերաբաշխում կատարելու: Ասաց, որ կառավարության կողմից նախագիծը հաստատվել է, եւ 400 միլիոն դրամ վերաբաշխում է արվել:

Գայանե Ղարագյոզյանի տվյալներով, 2022 թվականի պետական բյուջեով նախատեսվել էր 1 միլիարդ 200 միլիոն դրամ, որը համամասնորեն բաժանվել էր եռամսյակների մեջ, սակայն մայիսի կեսերին այդ գումարը սպառվել է. «Արդեն կան 900 շահառուներ, որոնք օգտվել են ծրագրից եւ արդեն 600 միլիոն դրամը սպառվել է: Այս պահի դրությամբ էլ 230 շահառու սպասում է իր աջակցությանը, որը կազմում է 190 միլիոն դրամ»: Նախարարության պաշտոնյայի հաշվարկներով, եթե այս տեմպերով շարունակվի, տարեկան առնվազն 2000 շահառու կունենան: Ըստ նրա, 2021 թվականին ծրագրերից օգտվել են 1750 շահառուներ, գումարը կազմել է 1 միլիարդ 230 միլիոն դրամ, ինչը կրկին նախատեսվածից կրկնակի, եռակի ավելի է եղել: Ասաց, որ 2020 թվականից մինչ օրս ծրագրից օգտվել է 3250 շահառու:

Գայանե Ղարագյոզյանը վստահեցրեց, որ որեւէ քաղաքացի չի մերժվել՝ ֆինանսներ չլինելու պատճառով, որքան հայտ ունեցել են՝ բավարարվել է: Նրա խոսքով՝ կան ընտանիքներ, որոնք նույնիսկ երկու անգամ են օգտվել ծրագրից՝ նոր երեխայի ծննդով պայմանավորված: Այդպիսի ընտանիքների թիվը 27-ն է:

Ըստ նախարարության մասնագետի, սոցաջակցության ծրագրերից օգտվող առավել ակտիվը Կոտայքի մարզն է, ամենապասիվը՝ Արագածոտն ու Վայոց ձորի մարզերը: Ասաց նաեւ, որ ծրագրերից օգտվելու համար չկա տարիքային սահմանափակում՝ ինչպես պետության այլ ծրագրերի պարագայում է:

Գայանե Ղարագյոզյանը թվարկեց այն 3 ծրագրերը, որոնք մեկնարկել են 2020 թվականից՝ ժողովրդագրությունը բարելավելու եւ ծնելիությունը խթանելու նպատակով: Ասաց, որ առաջինը միանվագ դրամական աջակցությունն է, որը տրամադրվում է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին՝ մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու համար: Ըստ նրա, գույքի արժեքը չպետք է գերազանցի 30 միլիոնը, որը հաջորդ երեխայի դեպքում ավելացվում է եւս 5 միլիոնով: Երկու անչափահաս երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է մինչեւ 1 միլիոն դրամ, երեք երեխայի դեպքում մինչեւ 1,5 միլիոն դրամ եւ 4 եւ ավելի երեխայի դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ:

Հաջորդը` կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակներում ֆինանսական աջակցությունը տրվում է առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին եւ կապ չունի՝ գույքը ձեռք է բերվում մարզո՞ւմ, թե՞ Երեւանում: Աջակցությունն ուղղվում է կանխավճարի ապահովագրավճարի մարմանը: Այս դեպքում եւս գույքի շուկայական արժեքը չպետք է գերազանցի 30 միլիոն դրամը: Աջակցության չափը կազմում է տարեկան ապահովագրավճարի 90 տոկոսը՝ բայց ոչ ավել, քան 180 հազար դրամ:

Երրորդ ծրագիրն, ըստ Գայանե Ղարագյոզյանի, ամենաակտիվն է: Այն համարվում է երեխայի ծննդյան աջակցության ծրագիր, եւ ֆինանսական աջակցություն է տրամադրվում է այն ընտանիքներին, որտեղ նոր երեխա է ծնվում եւ որոնք հիպոթեքային վարկ են մարում: Գումարն ուղղվում է մայր գումարի մարմանը: Առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում աջակցությունը կազմում է մինչեւ 500 հազար դրամ, բայց, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25-ը՝ մինչեւ մեկուկես միլիոն դրամ: Երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում մինչեւ 2 միլիոն դրամ: Սակայն, եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը՝ մինչեւ 4 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930