Այսօր ԱԺ-ում 2021-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը փոխանցեց բուժառուների նկատմամբ բժիշկների ոչ մարդասիրական վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ. «Հիվանդները իրականում կարիք ունեն սպասարկման բարձր մակարդակի, ձեր ուշադրությունն եմ ուզում դարձնեք այդ ուղղությամբ, որ բուժանձնակազմը լինի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաեւ ունենա ճիշտ մոտեցում հիվանդի նկատմամբ: Այդ մասով մեզ եկած դժգոհություններն ավելին են, քան բուժանձնակազմի բարձր մակարդակի պատրաստվածությունը»:
Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Իհարկե, ընդհանուր առմամբ բուժօգնության որակը նաեւ գոհունակությամբ է չափվում, դա կարեւոր բաղադրիչ է: Մենք 2020-ին իրականացված «Բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքի փոփոխությունով ներառեցինք բուժկենտրոններում էթիկայի հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտությունը ու հիմա դրա ենթաօրենսդրական ակտերը մշակված են: Մենք պետք է կամաց-կամաց ունենանք մեխանիզմներ: Գիտեք, երբ պացիենտը հիվանդ է, նրա բարեկամները ջղագրգիռ են, ցանկացած անգամ նեյտրալ՝ չեզոք արտահայտությունը կամ վերաբերմունքը կարող է շատ սուր ընկալվել: Դրա համար մենք մի կողմից պետք է պաշտպանենք պացիենտներին, բայց նաեւ բժիշկներին պետք է պաշտպանենք: Ցավոք, ականատես ենք լինում, որ օրինակ շտապօգնության բժշկին մետաղական ձողով հարվածում են: Սա եւս շատ ցավալի, անընդունելի երեւույթ է, որի դեմ պետք է պայքարենք: Էթիկայի հանձնաժողովները պետք է քննեն բողոքները, հասկանան դրանց օբյեկտիվությունը եւ շտկման աշխատանքներ տանեն, ոչ թե պատժիչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ