Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության եւ նրանց պիրկ նյարդերի վրա». Անահիտ Ավանեսյան

Հունիս 07,2022 13:08

«Ունեցել ենք մի քանի ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ եւ նրանք ընթացքում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել են, դուրս են գրվել: Ունենք մեկ քաղաքացի, ով վիրահատվել է, այս պահին առողջական վիճակը բավարար է, նորմալ ընթացք է լավացման եւ մոտակա օրերս նա եւս դուրս կգրվի: Հիմնականում դրանք հարվածի, հրմշտոցի հետեւանքով են վնասվածքները: Փոքրաթիվ ունեցել ենք մանր պատռվածքներ, ընթացքը ցույց կտա, դա մեր լիազորությունների մեջ չի պարզել, թե ինչի հետեւանքով է եղել: Բայց նշեմ, որ դրանք հիմնականում եղել են հարվածների արդյունքում»,- առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով բուժհաստատություններ դիմաց քաղաքացիների առողջական վիճակը:

Հարցին՝ դուք ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության գործողությունները՝ հատկապես հունիսի 3-ի բախումներից հետո՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը եւ բոլորը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համաձայն ու իրենց ծառայությունները իրականացնում են ամենայն պատշաճությամբ: Իսկապես, երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության եւ նրանց պիրկ նյարդերի վրա: Նրանք իսկապես փայլուն ծառայություն են մատուցում»:

Երբ լրագրողները հիշեցրին՝ Փաշինյանն ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ ոստիկանների ձեռքից մահակներ եք վերցնում, հարվածում՝ Անահիտ Ավանեսյանը հորդորեց հիշել համատեքստը. «Հիշեք կոնտեքստը 2017, 2018, 2008 եւ ընդհանրապես 2003: Շատ մեծ տարբերություն կա»:

Հարցին՝ կառավարական մասնաշենքի մոտ, որտեղ նաեւ ձեր նախարարությունն է տեղակայված, ոստիկանը վերցնում է քաղաքացուն ու «ծեփում է ասֆալտին», դուք այդ կադրերը չե՞ք տեսել, որ ասում եք՝ խիստ ժողովրդավար է գործում ոստիկանությունը՝ Ավանեսյանը պատասխանեց. «Այո, ես գնահատում եմ խիստ ժողովրդավարական ու ճիշտն ասած ինձ համար անհասկանալի է կառավարության առջեւ մուտք գործելու այդ մղումները եւ ոչ օրինաչափ գործողությունները: Այո, մենք օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետեւենք: Ցանկացած անձ, որն իրականացնում է ոչ իրավաչափ գործունեություն, պետք է պատրաստ լինի, որ նաեւ նրա նկատմամբ պետք է համաչափ պատասխանատվության եւ զսպման միջոցներ կիրառվեն»:

Դիտարկմանը՝ գուցե իրենք 2018-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու պահն են վերհիշել, որ որոշել են մտնել հատուկ պահպանվող տարածքներ՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց,որ այդ երկու տեսարաններն իրար հետ որեւէ առնչություն չունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930