Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Գալչյանը համամիտ չէ Հրանտ Բագրատյանի հրապարակած թվերի հետ

Հունիս 07,2022 12:40

Երեկ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, ընդունել է երկիր՝ 43 հազար 700 քառակուսի կիլոմետր, որից ներկայումս հայերի տրամադրության տակ է 31 հազար 400 քառակուսի կիլոմետր, 2 հազար 900 քառակուսի կիլոմետրն Արցախից: Ըստ Հրանտ Բագրատյանի, 44-օրյա պատերազմում, բացի Ադրբեջանի նվաճած 42 հազար կիլոմետրից, մենք հոժարակամ տվել ենք եւս 340 քառակուսի կիլոմետր տարածք:

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը (լուսանկարում) համաձայն չէ Հրանտ Բագրատյանի ներկայացրած թվերի հետ: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում անդրադառնալով այդ թեմային՝ Ռուբեն Գալչյանն ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո մենք Ադրբեջանին տարածք չենք տվել. «Պարզապես Ադրբեջանը քանի որ հաղթող ուժն էր, խորհրդային քարտեզները խախտելով՝ իրենք քարտեզներ են գծել, որ սա մեր սահմանն է. Սեւ լիճը մերն է, Իշխանասարը մերն է, Շորժայի տարածքները, որոնք իրենք գրավել են, մերն է: Դա իրենցը չէ: Իրենք ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք այդ մասերում»:

Հակադարձելով դիտարկմանը, որ որեւէ հակազդեցության չեն հանդիպել այդ ներխուժման ընթացքում, Ռուբեն Գալչյանն ասաց. «Որովհետեւ մենք ունենք մի դաշնակից, որը պետք է մեզ պաշտպաներ եւ չարեց: Ավելի շատ նրանց կողմն են պաշտպանում»: Իր կարծիքով, Հայաստանի դաշնակից ՌԴ-ն պետք է հետամուտ լինի, որ մինչեւ սահմանազատում-սահմանագծում սկսելը Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից եւ վերադառնա իր տարածք, եթե այդպես չլինի, ապա նա անիմաստ է համարում գործընթացը սկսելը:

Թե ՀՀ իշխանությունն ինչո՞վ է զբաղված, քարտեզագետը չգիտե, բայց կարծում է, որ միջազգային հանրությանը պետք է ինտենսիվ բողոք ներկայացվի Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստով:

Ի դեպ, Ռուբեն Գալչյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի կապում Արցախի ճակատագրի հետ: Պնդում է, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, Հայաստանը միայն կարող է օժանդակել իրենց: Բայց վստահ է, որ եթե Արցախը հանձնվի Ադրբեջանին՝ կկատարվի այն, ինչը որ Նախիջեւանի հետ կատարվեց՝ 50-60 տարիների ընթացքում հայաթափվեց, Նախիջեւանում անգամ հայկական որեւէ կոթողի հետք չի թողնվել:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, բանախոսն ասում է՝ պետք է զգուշորեն մոտենալ: Նա հիշեցնում է, որ Հայաստանը չի վավերացրել Կարսի եւ Մոսկվային պայմանագիրը, որով հայկական տարածքները հանձնվեցին Թուրքիային, Թուրքիան ցանկանում է, որ այժմ վավերացնենք, բայց պետք է զգուշորեն քայլենք ու «այդ գործը չանենք»:

Ադրբեջանի հետ մեկնարկող գործընթացներում էլ, Հայաստանի պահանջները, նրա կարծիքով, հստակ պետք է լինեն՝ անկլավներ գոյություն չունեն, անօրինական կերպով Ադրբեջանին հանձնված տարածքները պետք է վերադարձվեն Հայաստանին: Ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», եթե դա իրականություն դառնա, ապա բացառապես Հայաստանի վերահսկողության տակ պետք է լինի եւ ոչ թե միջանցքի ձեւով, այլ ճանապարհի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930