Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2018թ․-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր արվում»․ ցուցարարները ԵՄ գրասենյակի առաջ են

Հունիս 07,2022 12:24

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դիմադրության շարժումն այսօր երթ իրականացրեց դեպի ՀՀ-ում ԵՄ դեսպանության գրասենյակ՝ դեսպան Անդրեա Վիկտորինին դժգոհություն հայտնելու հունիսի 3-ի բախման եւ ոստիկանության գործողությունների առիթով նրա լռության առնչությամբ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը գրասենյակի մուտքի առաջ գնահատական հնչեցրեց, որ հունիսի 3-ի ոստիկանական գործողություններում առկա է եղել անհամաչափ, ապօրինի ուժ, կիրառվել են հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ։

«Սա չնայած այն բանին, որ հավաքը կրում էր խաղաղ բնույթ, եւ այդ պարագայում ոստիկանությունը պետք է ոչ թե խոչընդոտեր, այլ աջակցեր։ Լուսաձայնային նռնակների կիրառումը կատարվել է առանց նախնական զգուշացման։ Այդ թվում կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Պատգամավորներից մի քանիսը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները եւս վնասվածքներ են ստացել։ Վնասվածք ստացածների զգալի մասը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչն իշխանությանը հիմք է տվել լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում վնասված ոստիկանների քանակն ավելին է, քան ցուցարարներինը։ Ոստիկանների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետեւանքով»,-հայտարարեց Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց՝ ոստիկանների մի մասը օրենսդրական կոպիտ խախտումներ է թույլ տվել՝ չկրելով նույնականացնող տարբերանշաններ․ «Սա որպես խնդիր ամրագրել է ՄԻՊ-ը, բայց հարցը չի լուծվել։ Բիրտ ուժ է կիրառվել նաեւ ԶԼՄ-ների հանդեպ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը։ Սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են օպերատորներից մեկի տեսախցիկի ձողը։ Լրագրողն ընկած է եղել գետնին, եւ այդ ձողով ոստիկանները ծեծել են ցուցարարներին։ Օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ-ի գույքը վնասվել է»։

Վարդեւանյանը շեշտեց, որ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով․ «Սեփական ժողովրդի հանդեպ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտակցելով, որ հավաքի մասնակիցների մեծ մասը պատերազմի մասնակիցներ են, եւ նման միջոցների ձայնն անգամ բավական է՝ հավաքի մասնակիցներին սադրելու համար»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ նշյալ խնդիրների մասին հայտարարությունը փոխանցելու են ԵՄ դեսպանին ու պատասխան են ակնկալելու։ Որպես իրավաբան՝ Վարդեւանյանը չի ընկալում այն հանգամանքը, որ իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ցուցարարներին, իսկ եվրոպական կառույցները լուռ են մնում․ «Սա երկակի ստանդարտ է, ամենադաժան, ամենաընդունելի երկակի ստանդարտը, որովհետեւ այս դեսպանությունը 2018թ․-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր անում, իսկ հիմա լուռ է եւ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930