Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինն ընդամենը մեկ անգամ խոսեց 1926 թվականի քարտեզների մասին. Ռուբեն Գալչյան

Հունիս 07,2022 12:16

1918 թվականից՝ Ադրբեջանի, իբրեւ պետություն հիմնադրումից ի վեր, նրանց նպատակն է եղել՝ որքան կարելի է հարեւաններից հողեր վերցնել, հիմնականում Հայաստանից՝ արեւմտյան հարեւանից: Այդ գործն արել են նաեւ ԽՍՀՄ օրերին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այս մասին ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը: Նա անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մեկնարկող սահմանազատման-սահմանագծման մեկնարկող գործընթացին:

Ռուբեն Գալչյանը քարտեզ ցուցադրեց, որի վրա պատկերված տարածքները, ժամանակին Հայաստանի կողմից տրվել էին Սովետական Ռուսաստանի հանրապետությանը: Քարտեզը ներառում էր Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը, որոնք Հայաստանի խորհրդայնացումից հետո տրվեցին Ադրբեջանին, իսկ Կարսի եւ Արարատի շրջանները Թուրքիային հանձնվեցին: Քարտեզագետը հստակեցրեց նաեւ՝ Լեռնային Ղարաբաղը ներառում է այսօրվա Արցախը, Քաշաթաղը եւ Քարվաճառը. այդ տարածքն էր, որ Ստալինի որոշմամբ հանձնվեց Ադրբեջանին:

Քարտեզագետը հիշեցրեց անցյալ տարի հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին պետք է մասնակցի նաեւ ՌԴ-ն, քանի որ այն ռազմական քարտեզները, որոնց տիրապետում է ՌԴ-ն, բացառիկ են: Այդ քարտեզներն, ըստ բանախոսի, ոչ ոք չի տեսել եւ ոչ ոք չգիտե, թե ինչի՞ մասին է խոսքը, բայց ուշագրավ է համարում, որ ՌԴ նախագահը հետեւ այլեւս չկրկնեց իր այդ հայտարարությունը: Ռուբեն Գալչյանն ասաց՝ երկու տարի է՝ ՀՀ իշխանություններին հորդորում է ստանալ այդ քարտեզների օրինակները, բայց ենթադրում է, որ «Հավանաբար Մոսկվան չի տալիս. երեւի ցանկանում է անակնկալ մատուցել: Սակայն, մեկ խնդիր կա, որ մասամբ լուծում է այդ դժվարությունը. 1926 թվականին հրատարակվեց ԽՍՀՄ առաջին մեծ հանրագիտարանը, որտեղ կա Ադրբեջանի քարտեզը, Հայաստանի քարտեզը: Հայաստանի քարտեզի տակ նշված է, որ այն ըստ 1926 թվականի ապրիլի 1-ի իրավիճակի է կազմված եւ հաստատված է համապատասխան գերատեսչության կողմից: Եթե ուշադրություն դարձնեք, այդ քարտեզում ոչ անկլավ կա, Ալ լճերը տրված չեն Ադրբեջանին, Արծվաշենը, Տավուշի տարածքները Ադրբեջանինը չեն: Նույն գրքում կա նաեւ Ադրբեջանի նույն ժամանակվա քարտեզը, այն էլ ցույց է տալիս, որ ոչ անկլավ կա, ոչ էլ»:

նկարում՝ 1926-ի քարտեզը

Խոսելով անկլավների թեմայի մասին, քարտեզագետը կարեւոր է համարում իմանալ, որ Ադրբեջանի հիմնադրումից հետո, այդ երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածով նշվում է, որ իրենք ժառանգորդն են 1918-20 թվականների Ադրբեջանի առաջին անկախ հանրապետության եւ չեն ճանաչում խորհրդային Ադրբեջանը. «Եթե չեն ճանաչում Խորհրդային Ադրբեջանը եւ ցանկանում են վերադառնալ 1918-20 թվականներ, ապա այդ քարտեզներից ոչ մեկում ոչ մի անկլավ գոյություն չի ունեցել: Իրենք իրենց հերքում են՝ պահանջ են դնում մի բանի, որն իրենցը չէ, ըստ իրենց Սահմանադրության»:

Բանախոսը կարեւոր է համարում այս հարցը սահմանազատման-սահմանագծման բանակցությունների ընթացքում առաջ քաշելը՝ նկատելով, որ նույն 1918-20 թվականներին Նախիջեւանը դեռեւս Հայաստանի տարածքում էր, Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք էր համարվում, բայց բնակեցված հայերով:

Ռուբեն Գալչյանը նաեւ մանրամասնեց, որ մինչեւ 1932 թվականը որեւէ անկլավ գոյություն չուներ, 1938 թվականին միայն երկու փոքրիկ անկլավ է երեւացել Տավուշի մարզում, իսկ 1940 թվականին, դրանց ավելացել է Տիգրանաշենը. «Որեւէ պատճառ չկա, որեւէ որոշում չկա, պարզապես, Խորհրդային միությունը քարտեզի վրա դա գծել է եւ դարձել են Ադրբեջանինը: Արծվաշենն էլ, որ Ադրբեջանը բռնագրավվել էր մեզանից, մասամբ վերադարձրել է՝ ասելով՝ սա էլ ձեր անկլավը՝ մեր երկրի մեջ»: Այսինքն, ըստ Ռուբեն Գալչյանի, անկլավների թեմա առհասարակ գոյություն չունի եւ դրա մասին խոսել պետք չէ:

Ինչ վերաբերում է մյուս տարածքներին, որոնք Ադրբեջանը պահանջեց եւ ստացավ, բանախոսն ասաց, որ 1923-24 թվականներին, Ադրբեջանը որոշել էր Հայաստանի եւ իր միջեւ ստեղծել Կարմիր Քրդստան անունով գավառ, որտեղ պետք է տեղափոխվեին Ադրբեջանի տարածքում բնակվող քրդերը, բայց, քանի որ շրջանը լեռնային է եւ արոտավայրերը քիչ էին, տարբեր շրջաններում առաջարկներ են լինում՝ որոշ արոտավայրեր, որոնք Հայաստանի կողմից շատ չեն գործածվում, տրամադրել Կարմիր Քրդստանի ստեղծման նպատակին: Արդյունքում, շուրջ 1500 քառակուսի կիլոմետր՝ կտոր-կտոր տրվել է Ադրբեջանին եւ տեղի բնակիչները հաճախ չեն էլ իմացել, թե ի՞նչ է կատարվում: Այդպես են Ադրբեջանին հանձնվել նաեւ Ալ լճերը եւ ի պատասխան տեղացիների բողոքի, պատասխանել են, որ սահմաններն արդեն գծված են եւ ոչինչ հնարավոր չէ շտկել: Կարեւոր է այն, որ երբ 1933-ին որոշվեց, որ Կարմիր Քրդստան գավառ չի լինելու, այդ նպատակով Ադրբեջանին փոխանցված հայկական տարածքներն այդպես էլ չվերադարձվեցին Հայաստանին: Քարտեզագետը նկատում է՝ Ադրբեջանն այսօր ցանկանում է օրինականացնել այն ամենն, ինչ ժամանակին իրականացվել է մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներով եւ երբ իրեն որ տարբերակը ձեռնտու է՝ դա է առաջ մղում: Հետեւաբար, իր համոզմամբ, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ իրավաբանորեն այդ ամենը սակարկելու եւ ետ ստանալու այն ամենը, ինչը ապօրինաբար տրվել է Ադրբեջանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930