ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը աջակցություն է հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բանակցություններին: Այս մասին ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Նման հայտարարություն Սալիվանն արել է Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման օրակարգին: Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի նշանակալից և պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված ամուր խաղաղության հասնելուն: Սալիվանը աջակցություն է հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած բանակցություններին և ԱՄՆ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել նպաստելու և աջակցելու այդ գործընթացին տարբեր մեթոդներով, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:
Սալիվանը նաև բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Կողմերը քննարկել են էներգառեսուրսների տարածաշրջանային մատակարարումների հետագա դիվերսիֆիկացման հարցը, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ