«Ազատություն». «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը ձեռնտու էր Արևմուտքին», – նախօրեին «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, 2004-ից 2012 թվականներին երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ռաշիդ Նուրգալիևը։
«Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց էր հասունանում՝ դեռ խորհրդային տարիներից։ Եվ այն, որպես լարվածության ստեղծման առիթ, շատ ձեռնտու էր Վաշինգտոնին», – պնդում է ռուսաստանցի պաշտոնյան։
Նուրգալիևի պնդմամբ՝ Արևմուտքը որևէ ջանք չէր գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։
«Այդ տարածաշրջանում առկա խնդիրները կարգավորել Արևմուտքը չէր էլ պատրաստվում։ Այն շահագրգռված էր ծխացող և պարբերաբար բռնկվող հակամարտությունների գոյությամբ՝ հակամարտություններ, որոնք կխաթարեին հարևան պետությունների կայուն կյանքը», – ռուսական թերթի հետ զրույցում նշել է Նուրգալիևը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, թե մեծ տերություններից հատկապես որ մեկը դադարեցրեց 2020 թվականի աշնանը բռնկված 44-օրյա պատերազմը։
Կարդացեք նաև
Նուրգալիևի՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված այս հարցազրույցը լի է Արևմուտքի հասցեին հնչող մեղադրանքներով։ Ռուսաստանցի պաշտոնյան նույնիսկ պնդում է, թե Արևմուտքի ծրագրերից մեկը հետխորհրդային տարածքում գործող միջպետական կառույցների ոչնչացումն է։
«Որպես իր երկարաժամկետ ծրագիր Արևմուտքը դիտարկում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի վերացումն ու դրանց տեղում միմյանց հետ հակամարտող պետությունների ի հայտ գալը», – նշել է Նուրգալիևը։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: