Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պարբերաբար վերանայվող օրենքներին, հատկապես քաղաքական լարված իրավիճակներում նոր օրենսդրական փոփոխություններով հանդես գալու փաստերին:
«Ես բազմիցս եմ նշել, որ մենք ապրում ենք երկակի ստանդարտների, ընտրովի արդարադատության ժամանակահատվածում: Այս դեպքում օրենքը խաղալիք դարձնելը մեղմ է ասված: Մեկ ուժի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տարբեր գործիքակազմերով անընդհատ շահարկում են մեր իրավական, օրենսդրական մեխանիզմները: Օրինակ՝ պետք է հղում կատարել արտահերթ նիստերի քանակին, որոնք, եթե համեմատական վերլուծություն անենք, անհամեմատ շատացել են: Ինչո՞ւ, որովհետև իշխող ուժը ցանկացած իրավիճակում, հստակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ինչ-որ հարցի լուծում տալու համար անմիջապես ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրում և իր համար նախընտրելի նախագիծն է օրակարգ բերում:
Այլևս հաշվի չեն առնվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներդրված կարևորագույն, միջազգային կարգավորումներով պարտադրված ընթացակարգերը: Խոսքը, մասնավորապես, կարգավորման ազդեցության գնահատանքի, հանրային քննարկումների մասին է: Էլ չեմ խոսում տեխնիկական հարյուրավոր խնդիրների մասին: Այս ամենի էպոպեան էլ, բնականաբար, հակասահմանադրական սահմանադրական փոփոխություններն էին: Մեծ հաշվով, իշխող ուժն իրեն չի կաշկանդում որևէ միջազգային կոնվենցիոնալ իրավունքով»,ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ օրինակներ, որոնք լրջագույն խնդիրների մասին են վկայում:
«Օրինակ՝ ծանր վիրավորանքը, որը վաղ անցյալում նախկին իշխանությունների կողմից ապաքրեականացվել էր, ինչը հենց միջազգային իրավունքի պարտադրանք էր: Այն երաշխավորում էր մարդու խոսքի, տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքները:Կան բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նաև արդեն օրենքներ են դարձրել և դրանցում էականորեն սահմանափակում են ԶԼՄ-ների գործունեությունը: Նաև տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքի իրացման էական նվազեցում կա: Այսինքն, այս ուժը օրենքների շրջանակներում մնալու որևէ կաշկանդվածություն չունի, չի առաջնորդվում մարդու հիմնարար իրավունքներով, նաև իշխանությունների զսպման, հակակշռման մեխանիզմի պահպանմամբ:
Կարդացեք նաև
Մի շարք անվտանգային խնդիրներից բացի, մեզ մոտ վաղուց արդեն նաև հարվածի տակ է իրավական անվտանգությունը: Իմ կողմից թվարկված սկզբունքներն իրավական ու ժողովրդավար պետության հենասյուներն են: Պետության իրավական ու ժողովրդավար լինելը հենց դրանց օբյեկտիվ, օրենսդրությանը համապատասխան իրականացումն է ապահովում: Դրանց իրականացման մակարդակի հիման վրա մենք կարող ենք գնահատական տալ՝ արդյո՞ք պետությունը իրավական է, ժողովրդավար: Նույն օրինականության սկզբունքը ենթադրում է, որ պաշտոնատար անձը, պետական մարմինները պարտավոր են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք իրենց լիազորել են Սահմանադրությունն ու օրենքները: Մինչդեռ այս սկզբունքի խախտման եթե ոչ արդեն հազարավոր, ապա հարյուրավոր դրվագներ արդեն ունենք»,-շեշտեց Գ. Մելոյանը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։