Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոսպիտալի հիվանդասենյակներում տեղ կգտնեն աշակերտների ձեռքով արված լուսանկարները

Հունիս 07,2022 17:00

Երեւանի Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցը որդեգրած հետաքրքիր ու անխախտ ավանդույթներ շատ ունի: Աշակերտին սահմանված գիտելիք փոխանցելուց բացի, նաեւ դաստիարակել` որպես ազգասեր հայ, սրտացավ քաղաքացի, հոգատար ընկեր, ստեղծագործ անհատ. ահա դպրոցի այն բանաձեւը, որով առաջնորդվում են մանկավարժները եւ սերունդներ կրթում:

Օրերս Հովհաննես Շարամբերյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանում կյանքի կոչվեց նույն դպրոցի 6-րդ դասարանի սաների «Բնությունն արվեստի աչքերով» ծրագիրը՝ լուսանկարների ցուցահանդեսի տեսքով:

Ծրագրի հեղինակներն են՝ Երեւանի Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը, Ռուսաստանի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղի ուսումնական մասի մասնագետ, մագիստրոսական ծրագրի համակարգող Նոնա Գյուլամբարյանը եւ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի դպրոցի անգլերենի ուսուցիչ Արմեն Միքայելյանը:
Նաիրա Աբրահամյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իր հիմքում հայրենաճանաչողությունից զատ, ունի նաեւ հայրենասիրական նկրտումներին ձգտող քաղաքացու հոգեւոր դաստիարակությանը զարգացնելու նպատակ: «Նպատակադրել էի սաներիս մոտ արթնացնել արվեստի նկատմամբ սիրո զգացում՝ հոգու թաքնված ու անտես աչքերով։ Սովորեն զգալ աշխարհի իրերը, երեւույթները, երեւույթների հոգին, ներքին, հավերժական, անփոփոխ կապը։ Չէ՞ որ բնությունը խորհուրդ է, իսկ արվեստն այդ ամենի մեկնաբանը»,-նշել է Նաիրա Աբրահամյանը:

Աշակերտներն իրենց կողմից արված լուսանկարները որոշել են նվիրել Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին: Աշակերտների երազանքը մեկն է՝ հոսպիտալի հիվանդասենյակները դատարկ չմնան եւ նրանց ձեռքով արված լուսանկարներն ապրեն այնտեղ` հորդելով իրենց հոգուց բխած հարատեւ խաղաղության ձգտման խորհուրդը:

Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկական համագործակցության սպա, ավագ լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանն էլ իր ելույթում կարեւորեց դպրոցականների կատարած աշխատանքն ու վերհիշեց պատերազմական օրերը, երբ թիկունքից ստանում էին նամակներ եւ նկարներ, որոնցով զինվորականները ոգեւորվում էին եւ զգում թիկունքի ամրությունը:

Աշակերտները ցուցահանդեսի հաջորդ օրն այցելել են զինվորական հոսպիտալ, հանձնել իրենց նվերը, զինվորների կողմից ստացել նվերներ, արժանացել շնորհակալական խոսքերի։ Իսկ Նաիրա Աբրահամյանը համագործակցության  համար պարգեւատրվել է պատվոգրով։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930