Այսօր ԱԺ-ում բյուջեի 2021-ի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց դիվանագետների աշխատանքի արդյունավետությունից: Նա պատասխանեց. «Որոշակի շրջան ԱԳՆ-ում կադրերի ներհոսք չի եղել, օրինակ, դիվանագիտական դպրոցը որոշ շրջան ընդունելություն չի իրականացրել, արտաքին մրցույթ 2021-ին ունեինք հայտարարված, չի արվել: Պատճառները տարբեր են: Օրինակ, համավարակը եւ ԱԳՆ օղակում տեղի ունեցած փոփոխությունները անցած տարվա ընթացքում: Արտաքին մրցույթը վերջապես այս տարի հաջողեցինք անել: Ակնհայտորեն մարտահրավերները էականորեն փոխվել են վերջին 2 տարվ ընթացքում, շարունակում են փոխվել, նոր իրողություններ են ձեւավորվում ու օբյեկտիվորեն կամ ոչ օբյեկտիվորեն ոչ միշտ է համակարգը հասցրել լրիվ համընթաց լինել առաջացած նոր իրողությունների, նոր մարտահրավերների հետ»:
Հռիփսիմե Գրիգորյանը արձագանքեց. «Վերջին շրջանի մեր պետության մարտահրավերների հետ ինչպե՞ս կգնահատեք քաղաքական նշանակումները, վերջին մեկ տարվա ընթացքում մեր դեսպանների նշանակումները: Իրենց կողմից իրականացված աշխատանքները ինչպե՞ս եք գնահատում»: Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ քաղաքական նշանակումները նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է ու ամենեւին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ. «Ինչ վերաբերում է դեսպաններին, սա եւս ընդունված, աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է, տարբեր երկրներում քաղաքական նշանակումներ են անում դեսպանների պաշտոնում: Դա եղել է մինչեւ 2018-ի հեղափոխությունը, հեղափոխությունից հետո, պատերազմից հետո եւ կլինի վստահաբար նաեւ ապագայում: Եթե դուք վերջին մի քանի քաղաքական նշանակումներն եք հարցնում դեսպանների, ապա ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ