Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սա ժողովրդի իշխանություն է, խնդիր չունի իրեն քննադատողների հետ, ինչո՞ւ է այդ սանկցիաները մտցնում օրենսդրական փոփոխությունների տեսքով»

Հունիս 06,2022 15:00

Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին, ասաց. «Ավելի լավ է այդ վատ օրենքները չընդունեն, քան ընդունեն, հետո վատ կիրառեն, եւ Մարդու իրավունքների պաշտպանն էլ լինի իրենց կողքին։ Շնորհակալ ենք. պետք չէ նման օրենքներ ընդունել»։

«ՀՀ-ն 22 տարի ԵԽ անդամ է, բայց խոսքի ազատության հետ կապված այս թվով, որակի, այս մասշտաբների ոտնձգություն երեւի չի եղել»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավապաշտպան, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ է աշխատում՝ որպես իրավապաշտպան ու պատմեց. «Նրանք բավականին մանրակրկիտ հետեւում են ՀՀ-ին, որը նաեւ գտնվում է մոնիտորինգի տակ: Նրանց շատ են մտահոգում այս վերջին փոփոխությունները, հասկանում են՝ այդ փոփոխություններով պայմանավորված՝ քրեական հետապնդումների թիվն ահռելի է խոսքի ազատության հետ կապված՝ հատկապես քրեական հոդվածներով»։

Նշենք, որ քրեական գործ է հարուցվել նաեւ Զարուհի Փոստանջյանի դեմ այն բանի համար, որ նա 2021 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ իր ելույթի ընթացքում, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության մոտ առկա տրամադրությունները եւ սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ անձանց խմբի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը՝ սպանությունը, հրապարակայնորեն արդարացնող կոչեր: Նա մասնավորապես հայտարարել էր. «Նիկոլ, գալու ենք հետեւիցդ։ Թալեաթին Թեհլերյանը կրակեց եւ գիտես ինչ եղավ, սպասիր, Նիկոլ, վախը սրտումդ սպասիր։ Միգուցե ուշացնում ենք, բայց գալու է այդ օրը, Թեհլերյանը դա արեց 15 թվականից 6 տարի անց։ Դու եւ գործընկերներդ սպասեք, քեզ ո՛չ Էրդողանն է օգնելու, ո՛չ Ալիեւը…»։

Հաշվի առնելով մեղմացնող հանգամանքները, Զարուհի Փոստանջյանը չորս երեխաների մայր է, դատախազը պահանջել է պատիժը ոչ թե կիրառել ազատազրկման ձեւով, այլ տուգանել 100 հազար դրամով եւ միջնորդել ընտրել խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Զարուհի Փոստանջյանին հիշեցրինք՝ ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով ՔՊ խմբակցության հեղինակած՝ պետական մարմնում աշխատակարգի խախտում թույլ տված լրագրողին փոխարինել ենթադրող օրենսդրական նախաձեռնությանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը լրագրողներին վստահեցրել էր՝ եթե օրենքը վատ կիրառվի, ես ձեր կողքին եմ: Իրավապաշտպանն այսպես արձագանքեց. «Ավելի լավ է այդ վատ օրենքները չընդունեն, քան ընդունեն, հետո վատ կիրառեն, եւ Մարդու իրավունքների պաշտպանն էլ լինի իրենց կողքին։ Շնորհակալ ենք. պետք չէ նման օրենքներ ընդունել»։ Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ մենք մի փուլ ենք մտել, որ այն բռնապետական ռեժիմը, որն ամեն դեպքում ջանում էր քննություն հանձնել ԵԽ-ի առաջ, հիմա դա չենք տեսնում։ Նա պարզաբանեց. «Այս պահին ունենք խոսքի ազատության ոտնահարման դեպքերով մարդիկ՝ քաղաքական հալածյալներ՝ Ավետիք Չալաբյան, Արմեն Գրիգորյան, ես, Գեւորգ Պետրոսյան։ Շատ են, մարդիկ էլ կան, որ գտնվում են նաեւ բանտախցում։ Այս ամենն ո՞վ պետք է հատուցի։ Այդ նույն Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին ինչո՞ւ չի արձագանքում, ե՞րբ պետք է կողքին լինի՝ երբ ապօրինի լծակներն օգտագործվեն նո՞ր։ Մյուս կողմից էլ, եթե սա ժողովրդի իշխանություն է, խնդիր չունի իրեն քննադատողների հետ, ինչո՞ւ է այդ սանկցիաները մտցնում օրենսդրական փոփոխությունների տեսքով»։

Այն, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժեց «Ա1+»-ի (Մելտեքս ՍՊԸ) վերաքննիչ բողոքը, եւ ըստ էության անփոփոխ թողեց առաջին ատյանի որոշումը, Զարուհի Փաստանջյանն այսպես մեկնաբանեց. «Ոչ մի ազատ լրատվամիջոց բռնապետական ռեժիմներին պետք չէ։ Լրատվամիջոցը չպետք է լինի, մարդը չպետք է լինի ազատ, պետք է ենթարկվի գրաքննության, վերահսկման։ Հիմա նույնիսկ, եթե մրցույթներ տեղի ունենան լիցենզավորման, չգիտեմ՝ այդ լիցենզիան ո՞ւմ կհասնի. ոչինչ ազատ չէ։ Նախկինում էլ «Ա1+»-ին փակել են, վնաս պատճառել, հանրությունը հավաստի տեղեկություն չի ստացել, որի պատճառով էլ ունենք այսօր այսպիսի հասարակություն: Չկա հատուցում, չեն պատժվել պատասխանատուները: Նախկինում ԶԼՄ-ներ էին փակում, բայց հիմա ուղղակի տասնյակից ավելի օրենքներ են ընդունել, որով փակում են մարդկանց խոսելու հնարավորությունները: Այդ հոդվածը, որով ինձ մեղադրում են, իրենց կողմից նորելուկ հոդված է. կամ այս հոդվածով են կանչում պատասխանատվության, կամ էլ 137.1-ով: Հիմա փորձում են ամեն ինչ իրենց վրայով կարել, որ հանկարծ որեւէ խոսք իրենց դուր չգա, փակեն: Բայց հաջողություն չեն ունենալու»։

Անդրադառնալով Երեւանում անցկացված «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին՝ Զարուհի Փոստանջյանը քննադատեց. «Այդ ժողովին մասնակցում էին միայն ՀՀ կառավարության, նրանց սպասարկող ՀԿ ներկայացուցիչները։ Չկար ընդդիմության որեւէ դեմք, իրավապաշտպան, որը մարդու իրավունքների այսօրվա զանգվածային խախտումներն է պաշտպանում: Ոչ մեկի կարծիքն այնտեղ պետք չէր։ ԱԺ-ում ներկայացված ընդդիմության ներկայացուցիչներին էլ թույլ չտվեցին մասնակցել այդ ժողովին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930