Լրահոս
Օրվա լրահոսը

Թող մեր Վահանը վերջին զոհը լինի. մի արեւ էլ հողին հանձնեցինք

Հունիս 06,2022 14:00

Վահան Սուլյանի դին երկու օր առաջ ամփոփվեց Երեւանի Շահումյանի գերեզմանոցում։ Նրա ծնողները չկարողացան մասնակցել որդու հուղարկավորությանը, փոխարենը ներկա էին Սեւակ եղբայրը, երեւանաբնակ հարազատներն ու բազմաթիվ ընկերները:

Մահը, եթե ժամանակին է այցելում, բոլորս կամա թե ակամա հաշտվում ենք կորստի հետ: Բոլորովին այլ է անժամանակ այցելության պարագան: Ցավի մեծության մասին չխոսենք, մանավանդ որ, 44-օրյա պատերազմը շատ երիտասարդ կյանքեր խլեց ու դեռ ունենք բազմաթիվ ռազմագերիներ, բայց դժվար է հաշտվել այն դժբախտ պատահարների ելքի հետ, որ կարող էին չլինել, եթե…

Մայիսի 28-ին, Տավուշի մարզի «Թաքնված ջրվեժում» մահկանացուն կնքեց Սուրիայի Քեսաբից հայրենադարձած Վահան Սուլյանը, երբ փորձում էր իրենից առաջ սահած ընկերոջը փրկել: Ճակատագրի հեգնանքն է՝ նա փրկվեց, հայտնի լողորդ Վահանը՝ ոչ: Աճապարելուց սայթաքել՝ վայր էր ընկել, կոտրել ուսագլուխը, դաստակն ու գիտակցությունը կորցրած գահավիժել ջրվեժի ստեղծած մեծ փոսն ու խեղդվել։ Տեղանքում բազում փնտրտուքներն ու ուսումնասիրություններն անիմաստ էին, նրա դին հայտնաբերեցին միայն հաջորդ օրը՝ ջրվեժի տակ…

Վահանը հոգեւոր կրթություն էր ստացել Հալեպում, սակայն չէր ձեռնադրվել, որպես կուսակրոն հոգեւորական: Հայրենիքի սերը բերել էր նրան Հայաստան: Նա արշավների մեծ սիրահար էր, գիտակ էր հայրենի բնության ամեն մի անկյանը, ոտատակ էր տվել նաեւ Արցախը: Երեւանում նա շատ դժվարություններ հաղթահարեց, ապրում էր վարձով, աշխատում էր մի քանի տեղ, սկզբում՝ բարում, իսկ զուգահեռ ինքնուրույն հաղթահարում էր ծրագրավորման դժվարությունները։ Այս բնագավառում նա շատ արագ աճեց ու մի քանի տարում դարձավ պահանջված մասնագետ: Արդեն Երեւանում բնակարան էր ընտրել, որ պետք է գներ, բազում լուսավոր ծրագրեր ուներ: Վերջերս գնել էր մեքենա ու շտապել էր ցույց տալ սիրած աղջկան։ Միասին վարել էին Երեւանի փողոցներով…

Վստահ ենք՝ այս դեպքը չէր լինի, եթե պատկան մարմինները («Հայանտառ» տնտեսությունը կամ բնապահպանության նախարարությունը, կամ բնապահպան ընկերությունները) մի փոքրիկ աշխատանք տարած լինեին ու շղթայով անջատեին վտանգավոր, հարթ գոտին, թեկուզ մեկ ցուցանակ տեղադրեին՝ «վտանգավոր է ջրվեժին մոտենալը»: Թող Վահանը վերջին զոհը լինի: Ննջիր խաղաղությամբ, սիրելի Վահան: Հիշատակդ վառ կմնա բոլորիս սրտերում…

Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին, սիրած աղջկան ու նրան բոլոր ճանաչողներին:

Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի:

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել