Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին, նրա տիկնոջը, նախարարին հասցրել են ծանր վիրավորանք. ի՞նչ գործեր են քննվում դատարաններում

Հունիս 06,2022 15:30

Վերջին մի քանի ամսում պաշտոնյաներին հրապարակային ծանր վիրավորանք հասցնելու մի շարք գործերի դիտարկումից ակնհայտ է, որ դրանց զգալի մասը վերաբերում է վարչապետին ու նրա ընտանիքին, քաղաքական թիմի այլ անդամներին սոցցանցում վիրավորելու դեպքերին։ Օրինակ, ՀՀ քաղաքացի Նարինե Ադամյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, հրապարակային եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութեր է տարածել։ «Առավոտ»-ը Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Նարինե Ադամյանը 2022թ.-ի փետրվարի 16-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն եւ ամուսնուն՝ Ռաֆայել Ադամյանին պատկանող կայքէջով «Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ» անվամբ խմբի էջում տեղադրված՝ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարի տակ հրապարակային գրել է մի շարք մեկնաբանություններ։ Ըստ մեղադրանքի՝ նման արտահայտություններով Նարինե Ադամյանը հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է Աննա Հակոբյանի արժանապատվությունը եւ այդ կերպ Աննա Հակոբյանին, իր հանրային գործունեությամբ պայմանավորված, հասցրել է ծանր վիրավորանք։

Նարինե Ադամյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրեսնգրքի 137.1 հոդվածի(ծանր վիրավորանք) 2-րդ մասի 1-ն եւ 2-րդ կետերով(անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, եւ որը կատարվել է՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված)։ Նշենք, որ ըստ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի՝՝ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Այս գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, այն 02-06-2022թ.-ին մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին։ Մեղադրյալ Նարինե Ադամյանը նախկինում դատվածություն չի ունեցել։ Նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Մեկ այլ քաղաքացու՝ Հովհաննես Գաբրիելյանին եւս մեղադրանք է առաջադրվել հրապարակային եղանակով ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելու համար։ Մասնավորապես, նա 2022թ. մարտի 4-ին «Ֆեյսբուք»-ում իրեն պատկանող կայքէջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակային գրել է մի նախադասություն՝ այդպիսով հրապարակային ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը։ Ըստ մեղադրանքի նկարագրության՝ այս կերպ Հովհաննես Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանին, վերջինիս հանրային գործունեությամբ պայմանավորված, ծանր վիրավորանք է հասցրել։ Հովհաննես Գաբրիելյանը նախկինում դատվածություն չի ունեցել։ Այս գործը դատարան է ստացվել 02-06-2022թ.-ին եւ մակագրվել դատավոր Ադրինե Ղուկասյանին։

Այս դատավորին է մակագրվել նաեւ Անահիտ Մխիթարյանի վերաբերյալ գործը։ Նրան նույնպես նույն մեղադրանքն է առաջադրվել։ Անահիտ Մխիթարյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2022թ.-ի ապրիլի 12-ին «Ֆեյսբուք»-ում News.am կայքի էջում տեղադրված եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի վերաբերյալ տեսանյութի տակ գրել է մի մեկնաբանություն։ Ըստ մեղադրանքի՝ այդ կերպ Անահիտ Մխիթարյանը հրապարակայնորեն ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի արժանապատվությունը եւ վերջինիս իր հանրային գործունեությամբ պայմանավորված՝ հասցրել ծանր վիրավորանք: Անահիտ Մխիթարյանը եւս նախկինում չդատված է։

Իսկ 02-06-2022-ին էլ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին մակագրվել է Ռաֆայել Լազյանի գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցցանցում հրապարակային եղանակով ծանր վիրավորանք է հասցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին էլ 01-06-2022-ին մակագրվել է Սարգիս Մաղդեսյանին վերաբերող գործը։ Այս քաղաքացին էլ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջից՝ 2022 թվականի մարտի 25-ին ուղղիղ եթերով հրապարակված հոդվածի մեկնաբանություններում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ կատարել է գրառում՝ հայհոյանք տարածելով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով ծանր վիրավորանք հասցնելով նախարարին։

Իսկ Հարություն Հարթենյանը 2022 թվականի մարտի 23-ին «yerevan.today» կայքի ֆեյսբուքյան էջի՝ «Փաշինյանը ԱԺ-ում է. կառավարության հարցուպատասխանի ժամ է» վերտառությամբ հոդվածի տակ կատարել է ծանր վիրավորանք պարունակող գրառում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անդամների հասցեին հասցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ըստ մեղադրանքի՝ այս կերպ քաղաքացին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ Կառավարության անդամներին հասցրել է ծանր վիրավորանք՝ հայհոյանք։ Այս գործը 30-05-2022-ին մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկին։

Վերոնշյալ երեք գործերով դատական առաջին նիստերը դեռեւս նշանակված չեն։

Հրապարակման պատրաստեց
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930