Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական բանակցություններ․ նոր կոնտեքստ եւ նոր մարտահրավերներ

Հունիս 05,2022 22:30

Վերջին շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների ակտիվացմանը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմին ընդառաջ եւ դրանից անմիջապես հետո բանակցությունների գործընթաց չի եղել: Սակայն ուկրաինակական պատերազմի սկսվելուն պես հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսեցին։ Ապրիլի 6-ին Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդեց ԵՄ-ի աջակցությամբ գագաթնաժողովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որին հաջորդեց հեռախոսազրույցը երկրների արտգործնախարարների միջեւ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ կողմերը պատրաստ են աշխատել խաղաղության պայմանագրի վրա։

Մայիսի 5-ին, Կովկասյան Հրատարակության (Caucasus Edition) վեբինարի շրջանակներում Միջազգային ճգնաժամային խմբի հարավկովկասյան վերլուծաբան Զաուր Շիրիեւը և Կովկասյան Հրատարակության խմբագիր, Սան Դիեգոյի համալսարանի Կրոք դպրոցի Peace Studies-ի դասախոս Ֆիլիպ Գամաղելյանը քննարկեցին ընթացող բանակցությունները եւ դրանց հետ կապված ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաեւ այն պայմանները, որոնց դեպքում կարելի է համաձայնություն ձեռք բերել: Վեբինարը վարում էր Կովկասյան Հրատարակության խմբագիր Քրիստինա Սոլոյանը:

Պատասխանելով «ինչո՞ւ հիմա» հարցին՝ Գամաղելյանն անդրադարձավ երեք հիմնական կետի. նախ՝ երեսուն տարի Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տեսնում էին որպես անվտանգության գլխավոր սպառնալիք։ Սակայն վերջին աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ հատկապես՝ պատերազմը Ուկրաինայում, փոխեցին այդ ընկալումները։ Թեեւ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս վտանգ են ներկայացնում միմյանց համար, այդ վտանգն այժմ կառավարելի է թվում՝ համեմատած մեծ ուժերի մրցակցության արդյունքում ինքնիշխանությունը կորցնելու եւ Ռուսաստան-ՆԱՏՕ  պրոքսի պատերազմի հաջորդ ճակատը դառնալու վտանգի հետ:

Երկրորդ՝ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքում Ռուսաստանը եւ Թուրքիան տարածաշրջանից դուրս էին մղել ԵՄ-ին եւ Միացյալ Նահանգներին։ Վերջիններս հիմա փորձում են վերադառնալ բանակցային գործընթաց եւ ակտիվ դերակատարում ունենալ դրանում: Երրորդ, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները ներկայումս ունեն համեմատաբար բարձր մակարդակի ներքին լեգիտիմություն, որը չի նկատվել վերջին տասնամյակների ընթացքում։ Ադրբեջանի կառավարության պարագայում՝ պատերազմում ռազմական հաղթանակի պատճառով, իսկ Հայաստանի կառավարության դեպքում` արտահերթ ընտրություններում հաղթելու արդյունքում՝ չնայած նույն պատերազմում կրած պարտությանը:

Շիրիեւը հավելեց, որ երբ սկսվեց պատերազմը Ուկրաինայում, մտավախություն կար, որ դա կհանգեցնի Ղարաբաղում նոր էսկալացիայի։ Երկրորդ մտահոգությունն այն էր, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը ավելի շատ կենտրոնացած կլինեին Ուկրաինայի վրա եւ կանտեսեին Հարավային Կովկասը, բայց իրականում ԵՄ-ն ավելի ակտիվացավ հայ-ադրբեջանական գործընթացում։ Ավելին, ԵՄ-ն հիմա զբաղվում է ոչ թե դասական միջնորդությամբ, այլ նպաստում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուղիղ երկկողմ բանակցությունների հաստատմանը, ինչը տարբերվում է նրանից, ինչ անում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Ռուսաստանը։ «Երկխոսության կարգավորումը նշանակում է ոչ թե ասել, թե ինչ անել կամ ինչպես անել, այլ կողմերին տալ տարածք եւ օգնել նրանց՝ քննարկելու և ստեղծելու բանակցությունների ուղիղ ալիք», – ասում է Շիրիեւը:

Քննարկված հաջորդ հարցը կողմերի ներկայիս շահերն ու դիրքորոշումներն էին։ Գամաղելյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը այս հարցում հրապարակային եւ թափանցիկ է եղել։ Ներկայիս կառավարությունն, ըստ Գամաղելյանի, հրաժարվել է անզիջում դիրքորոշումից, որն ուներ 2020 թվականի պատերազմից առաջ, եւ այժմ գնում է հարաբերությունների կարգավորման ուղով՝  ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Գամաղելյանը, սակայն խնդիր է տեսնում Հայաստանի կառավարության նոր կեցվածքի և հատկապես առաջ քաշած այն պնդման մեջ, թե «Այն, ինչ ունենք պատերազմից հետո, նույն իրավիճակն է, որ կունենայինք բանակցությունների միջոցով՝ մինչ 2020 թվականը»։

Բանախոսն այդ դիրքորոշման հետ կապված մի շարք խնդիրներ է տեսնում. առաջին հերթին անհարգալից վերաբերմունքը պատերազմում զոհված հազարավոր մարդկանց նկատմամբ։ Բացի այդ, ըստ Գամաղելյանի, կառավարության այս պնդումն ակնհայտորեն կեղծ է։ Մադրիդյան սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվեր բանակցային գործընթացը և կոնֆլիկտի կարգավորումը մինչև 2020 թվականը, համապարփակ փաստաթուղթ էր, որը հաշվի էր նստում այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են բնակչությունների անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանվածների իրավունքները և ԼՂԻՄ-ից դուրս գտնվող յոթ շրջանների ապառազմականացումը, որոնք այժմ խիստ ռազմականացված են։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո զգալիորեն ավելի դժվար է այս առանցքային հարցերից յուրաքանչյուրի լուծումը։ Երրորդ՝ պնդելով, թե պատերազմը, այսպես թե այնպես տեղի էր ունենալու, եւ՝ թե դրա արդյունքները նախապես որոշված էին, իսկ Հայաստանն ուղղակի օբյեկտ էր այդ գործընթացում, Հայաստանի կառավարությունը հրաժարվում է սեփական դերակատարությունից՝ կարծես որեւէ դեր կամ պատասխանատվություն չունի բանակցություններում, և գործընթացի կողմ չէ, որը կարող էր կանխել պատերազմը կամ հասնել կայուն կարգավորման։ Ընթացիկ գործընթացի հաջողությունը կախված է նրանից, թե որքանով են կողմերը բանակցությունների սեղանի շուրջ բերում իրենց սուբյեկտայնությունը։ Իսկ սուբյեկտայնությունը վերականգնելը սկսվում է պատերազմին ընդառաջ տեղի ունեցածի համար նաեւ սեփական պատասխանատվությունը ստանձնելով։

Խոսելով ՀՀ իշխանության ներկայիս դիրքորոշման մասին՝ Գամաղելյանն ասաց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ ընդունել են Բաքվի ներկայացրած հինգ կետերը՝  դրանց ավելացնելով մի քանի այլ կետեր: Այնուհետեւ ՀՀ վարչապետը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում «նշաձողը իջեցնելու մասին», ինչը լայնորեն մեկնաբանվում է որպես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իշխանության ընդունում. «Քննարկումից բացակայում է հարցը, թե այս պարագայում ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության հետ»,- ասում է Գամաղելյանը՝ հավելելով, որ կարգավիճակի և լուծման տարբերակների հարցը պետք է կենտրոնական դառնան փորձագիտական մակարդակի երկխոսություններում, եթե անգամ պաշտոնական մակարդակով առայժմ նման քննարկումներ չկան. «Մենք խոսում ենք հարյուր հազարավոր մարդկանց կյանքի եւ անվտանգության մասին», -հավելում է Գամաղելյանը։

Շիրիեւը հաստատում է, որ ըստ Ադրբեջանի պաշտոնյաների, իրենք արդեն Երեւանին առաջարկել են իրենց հինգ սկզբունքները։ Նա նաեւ ընդգծում է, որ չնայած նրան, որ սահմանազատումն ու սահմանագծումը նորմալիզացման գործընթացի անբաժանելի մաս են կազմում, կառավարությունները պետք է հասկանան, որ դրանց լուծման համար գուցե տարիներ պահանջվեն, սակայն կողմերը կարող են առաջընթաց ունենալ եւ համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ չսպասելով սահմանագծման եւ սահմանազատման ամբողջ գործընթացի ավարտին։

Շիրիեւը խոսեց նաև ռուսական խաղաղապահ ուժերի մասին։ Ըստ նրա՝ մինչ ուկրաինական պատերազմը, Բաքվում ոչ ոք բացահայտ չէր խոսում 2025 թվականին ռուսական ուժերի հեռանալու հնարավորության մասին։ Բայց հիմա այս թեման հաճախ է բարձրացվում հանրային եւ մասնավոր խոսակցություններում։ Սակայն հարց է առաջանում, թե ինչն է փոխարինելու դրան: Ինչպիսի՞ անվտանգություն երաշխիքներ են ներդրվելու դրա փոխարեն։

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին՝ Շիրիեւը նշեց Հայաստանում ներքին անկայունությունը՝ որպես գլխավոր խոչընդոտ, դրան հաջորդում է Մոսկվայի դժգոհությունը ԵՄ-ի ակտիվությունից բանակցային գործընթացում։ Երրորդ խոչընդոտը, ըստ Շիրիեւի, կարող է լինել բռնության վերսկսումը սահմանին։

Գամաղելյանն ընդգծեց, որ Հայաստանում ընթացող բողոքի ակցիաները անմիջական արդյունքն են բանակցությունների վերսկսման, եւ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սանդղակն իջեցնելու» մասին Փաշինյանի հայտարարության։ Բողոքի ակցիաները ամենօրյա են, եւ դրանցում ներգրավված են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, քանի որ ակցիաների առաջնորդները հիմնականում նախկին պետական պաշտոնյաներն են, որոնց հանդեպ հանրային ընկալումը բացասական է, հավանական է, որ այդ ակցիաները այնքան մասշտաբային չդառնան, որ կարողանան մարտահրավեր նետել Փաշինյանի կառավարությանը, նույնիսկ, եթե նա ընթացք տա բանակցություններին։ Թեև ժողովրդական հեղափոխությունը քիչ հավանական է, Գամաղելյանը հնարավոր է համարում հեղաշրջումը, կատաղի բախումների հրահրումը, անգամ՝ քաղաքացիական պատերազմ սկսելու փորձը։

Որպես մեկ այլ հնարավոր վտանգ՝ նա կրկնեց իր ավելի վաղ արտահայտած տեսակետը, որ Հարավային Կովկասը կանգնած է ՆԱՏՕ-Ռուսաստան պրոքսի պատերազմի նոր ճակատ դառնալու վտանգի առաջ։ Այս ռիսկից կարելի է խուսափել, եթե Հայաստանը և Ադրբեջանը հրաժարվեն կրկին միմյանց դեմ դուրս գալուց և պարտավորվեն լուծել հակամարտությունը ոչ բռնի կերպով:

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի հնարավոր բովանդակությանը՝ Շիրիեւն ասաց, որ բնակչության մեծ մասի մոտ համաձայնագրի հետ կապված երեք հիմնական հարց կառաջանա, եւ խաղաղության պայմանագիրը կընկալվի կախված ստացված պատասխաններից։

«Արդյո՞ք պատերազմն իսկապես ավարտվել է։ Ո՞վ հաղթեց պատերազմում: Ո՞վ կստիպի հակամարտող կողմերին՝ կատարել համաձայնագրում նշված պարտավորությունները»։ Շիրիեւը հավելեց, որ այս հարցերին ժամանակին պատասխան ստանալու դեպքում հասարակությունները կարող են վստահությամբ լցվել խաղաղ գործընթացի նկատմամբ. «Մեղադրական տոնը պետք է հեռացվի խաղաղ գործընթացում երկու կառավարությունների կողմից էլ։ Հասարակությունը պետք է տեսնի, որ ղեկավարներն աջակցում են այս գործընթացին»։

Շիրիեւն ասում է, որ խաղաղության գործընթացին աջակցելու համար կողմերը նաեւ պետք է կարողանան մարդասիրական ժեստեր անել միմյանց նկատմամբ, առանց որեւէ նախապայմանի։ Մի այդպիսի ժեստ Բաքվի կողմից կարող է լինել հայ կալանավորներին ազատ արձակելը: Միևնույն ժամանակ՝ Հայաստանը կարող է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի մասին։ Որպես երրորդ կարեւոր բաղադրիչ՝ նա նշեց երկխոսությունը քաղաքացիական հասարակությունների միջեւ եւ փորձագիտական մակարդակով աշխատանքային խմբերի ձևավորումը, որոնք կսկսեն առանցքային հարցերի քննարկումը, ինչպիսիք են՝ ղարաբաղցի հայերի ճակատագիրը, անհայտ կորածների խնդիրները, վերականգնումը։

Համաձայնելով սրա հետ՝ Գամաղելյանը նշեց, որ 30 տարվա մեջ առաջին անգամ է, որ քաղաքացիական հասարակությունները գրեթե իսպառ բացակայում են խաղաղության գործընթացից։ Նա առաջարկեց ավելի լայն հայացքով նայել քաղաքացիական հասարակություններին՝ չսահմանափակելով դրանք միայն ՀԿ-ներով, եւ քաղաքացիական հասարակության մեջ ներառել նաեւ փորձագիտական ​​համայնքներին, ակտիվիստներին, ոչ ինստիտուցիոնալ ցանցերը եւ այլն։

Հաշվի առնելով 30 տարիների շարունակական բռնությունն ու հասարակությունների մեկուսացումը միմյանցից՝ խաղաղության գործընթացը չի կարող կայուն լինի, եթե այն կենտրոնանա միայն սահմանազատման և ճանապարհային հաղորդակցությունները բացելու վրա: Այս գործընթացը ենթադրում է խորքային աշխատանք հաշտեցման ուղղությամբ, սակայն կառավարություններն այս հարցում չունեն որեւէ փորձառություն: Քաղաքացիական հասարակությունը կարող է օգնել անդրադառնալու այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ հասարակության հիշողությունը, ռազմական հանցագործությունները, տեղահանվածների իրավունքները և այլն: «Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այնպիսի վայրում, ինչպիսին Եվրոպան է, որն ուներ բոլոր ռեսուրսները և որը պարտավորվել էր հավատարիմ լինել խաղաղության գործընթացին, տասնամյակներ պահանջվեցին, որպեսզի Ֆրանսիան և Գերմանիան հասնեն մի կետի, երբ թշնամանքը միմյանց նկատմամբ այլևս  վտանգավոր մակարդակի չէր։ Բայց սրա համար միայն տասնամյակներ սպասելը հերիք բավական չէ։ Գործընթացը ենթադրում է տասնամյակների ինտենսիվ աշխատանք»: Գամաղելյանն ասաց, որ հուսադրող է տեսնելը, որ այժմ միջազգային դերակատարները մրցում են, թե ով խաղաղության հաստատման գործընթացում ավելի լավ միջնորդ կլինի, եւ ոչ թե՝ ով կօգնի երկու երկրներին կռվել միմյանց դեմ։

Անդրադառնալով խաղաղության գործընթացի հնարավոր մոդելներին՝ նա առաջարկեց դիտարկել «Կիպրոս Plus» մոդելը. սկզբի համար բացառել բռնությունը եւ որոշ ժամանակ պահպանել հասարակությունների բաժանումը՝ հասնելու համար մեկ տարածաշրջանում միասին առանց պատերազմելու ապրելու մակարդակին, որին կհաջորդի համապարփակ և երկարաժամկետ աշխատանքը դեպի հաշտեցում և համակեցություն։

Շիրիեւը հավելեց, որ խաղաղության համաձայնագիրը չպետք է դիտարկել որպես մեկ կողմի հաղթանակ, մյուս կողմի պարտություն։ Այն պետք է լինի միասնական փաստաթուղթ, որից երկու կողմերն էլ կկարողանան շահել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930