Ծնեբեկի սեզոնը շուտով կավարտվի, պետք է հնարավորությունը բաց չթողնել, եւ օգտագործել այդ չափազանց օգտակար բանջարեղենը, որքան հնարավոր է շատ:
Ծնեբեկով մի քանի բաղադրատոմսեր ձեզ ներկայացրել եմ: Դրանք բոլորը կարող եք տեսնել՝ սեղմելով այստեղ: Այս աղցանը նույնպես կարող եք ավելացնել ծնեբեկով ուտեստների ձեր շարքին:
Այս աղցանի համար վերցրել եմ օրզո տեսակի պաստա, որը, թեեւ մակարոնեղեն է, սակայն բրնձի տեսք ունի, եւ այս աղցանին շատ է սազում: Կարող եք ցանկացած այլ պաստա վերցնել, կամ, ցանկության դեպքում՝ բրինձ:
Անհրաժեշտ մթերքները
Կարդացեք նաև
Ծնեբեկ- մեկ կապ (250-300 գրամ)
Օրզո տեսակի պաստա- 4-5 ճաշի գդալ
Ավոկադո- 1 հատ
Թանձրուկի համար
Ռուկոլա կամ ձեր նախընտրած որեւէ այլ կանաչի- 15-20 ճյուղ
Մանանեխ-1 ճաշի գդալ
Կիտրոն- կես հատ (պետք է լինելու կեղեւը եւ հյութը)
Ձիթապտղի յուղ- կես բաժակ
Չորացրած հաց- 5-7 կտոր կամ պաքսիմատի փոշի-3 ճաշի գդալ
Աղ, աղացած սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ծնեբեկի չորացած պոչերը կտրել, լավ լվանալ, մաքրել խոշոր թեփուկներից, կտրատել: Եփել օրզո պաստան:
Մինչ պաստան եփվում է, պատրաստեք թանձրուկը՝ սոուսը: Համապատասխան ամանի մեջ լցրեք ռուկոլան, փշրած հացը, մանանեխը, կիտրոնի կեղեւը, կիտրոնի հյութը, եթե ցանկանում եք, կարող եք ավելացնել նաեւ մեկ ճաշի գդալ որեւէ ընկուզեղեն կամ արեւածաղկի կամ դդումի սերմեր: Ավելացրեք նաեւ ձիթապտղի յուղը եւ հարեք բլենդերով: Ավելացրեք նաեւ մակարոնի ջրից՝ մեկ-երկու ճաշի գդալի չափով:
Օրզո պաստան սովորաբար եփվում է 8 րոպե (կարդացեք տուփի վրա, կախված ֆիրմայից, օգտագործված ալյուրից, կարող է եփման ժամանակը տարբեր լինել): Երբ կմնա մեկ-երկու րոպե մինչեւ եփվելը, հենց պաստայի ջրին ավելացրեք ծնեբեկը, որին երկու րոպեն լիուլի բավական է խաշվելու համար: Ջրքամեք, թողեք սառչի: Ավելացրեք ավոկադոյին: Ավելացրեք նաեւ թանձրուկը, լավ խառնեք եւ մատուցեք:
Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ