Շվեյցարիայում բնակվող լրագրող Աննա Ազնաուրը «Առավոտին» տրամադրած իր հոդվածում գնահատել էր, որ Ժնևում գտնվող Հայաստանի դեսպանատունը 2018 թվականից խորը լեթարգիայի մեջ է: Հիմնավորումներից մեկն այն էր, որ Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ Ժնևի երկաթուղային կայարանում տեղադրվել էր գովազդ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով ու այն 24 ժամ անց հանվել էր հայկական արմատներով քուրդ լուսանկարչի բողոքից հետո։ Այսինքն, դեսպանատունը մատնված է անգործության: Երբ խոսք է գնում 1915-ի Հայոց ցեղասպանության, հայերի ջարդերի մասին, թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաներն ակտիվ աշխատում են, արձագանքում են, իսկ տեղի հայ դիվանագետները լռում են:
Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ եւ Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի (լուսանկարում) հետ: Նա պատասխանեց, որ այդ քննադատությունը երկու առումով անտեղի է. «Առաջինն այն է, որ բերած առարկայական օրինակները ոչ ճիշտ են եւ երկրորդը՝ պետք է վերադառնալ ԱԳՆ-ի բյուջեին՝ տեսնելու համար, թե իրենք բոլոր դեսպանատներին ինչ տեսակի միջոցներ են հատկացնում, որովհետեւ սա ազգային անվտանգության հիմնական սկզբունքների վրա հիմնված հարց է: Նախ, էլեկտրոնային գովազդի հետ կապված պարզաբանեմ, որ այն տեղադրված էր ոչ թե մեկ, այլ՝ 8 կայարաններում՝ Ժնեւ, Լոզան, Բեռն, Բազել, Ցյուրիխ, Սանկտ Գալլեն, Լյուցեռն եւ Լուգանո: Ու դա տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին: Թե՛ Հայաստանի դեսպանությունը,եւ թե՛ Շվեյցարիա-Հայաստան պառլամենտական խումբը շատ շուտ անդրադարձել են ու շատ կարեւոր արձագանք են ստացել: Դեսպանատունն իր կողմից թե՛ այդ ընկերությանը, որը այս տեսակ գովազդներ է տարածում, եւ թե՛ երկաթուղային ընկերությանն ուղղված նամակներով ցույց տվեց, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել այս հրապարակման միջոցով, որոնք շվեյցարական օրենքին դեմ գնացող են: Միեւնույն ժամանակ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի 4 համանախագահները նույնատիպ նամակ են գրել հենց այդ 2 անձնավորություններին, որպեսզի ժամ առաջ այդ էլեկտրոնային գովազդները հանվեն: 24 ժամ անց այդ գովազդները հանվեցին՝ ներողություն ասելով թե՛ համանախագահներին, թե՛ դեսպանատանը եւ խնդիրը այս մաքուր ձեւով ի նպաստ մեզ լուծվեց՝ մինչդեռ հակառակ դիրքը տասնյակ հազարներ ֆրանկ էր ծախսել, որ կարողանար այս տեսակ հայատյաց տեղեկություն սփռեր»:
Հարցին՝ այսինքն, սո՞ւտ է այն տեղեկատվությունը, որ կայարաններում տեղադրված այդ գովազդները հանվել են հայկական արմատներով քուրդ լուսանկարչի բողոքից հետո՝ պարոն Շահինյանը պատասխանեց, որ գուցե նա էլ է միջամտել, նաեւ տեղի հայ ուսանողներն են ճնշում գործադրել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հրապարակման հեղինակը բոլոր հնարավորություններն ուներ դեսպանատան հետ կապվել ԱԳՆ-ի միջոցով ու այս խնդիրների հետ կապված ստանալ հստակ պատասխաններ, բայց չի արել. «Ես չեմ խոսում՝ որպես դեսպանատան փաստաբան, պարզապես ուզում եմ ճշտում մտցնել ու ճշտին ճիշտ պատասխանել: Ես կողմ եմ, որ կառուցողական քննադատություն լինի կառավարության, դեսպանատների հանդեպ, բոլորի հանդեպ՝ ի նպաստ մեր միջոցների աճեցման, որպեսզի չթողնենք, որ այս տեսակ հայատյաց գործողություններ լինեն, որոնք դեմ են մեր անվտանգությանը»:
Սարգիս Շահինյանը նաեւ ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո նույն ձեւով հրապարակվել էր գովազդ այս անգամ ոչ թե կայարաններում, այլ Շվեյցարիայի Ժնեւ, Բազել, Բեռն, եւ Ցյուրիխ քաղաքներում. «Նույն ձեւով հենց դեսպանատունը այնպիսի ճնշում բանեցրեց, որ 4 օրվա ընթացքում հասավ նրան, որ այդ գովազդները հանվեցին»:
Կարդացեք նաև
Պարոն Շահինյանը տեղեկացրեց, որ հունիսի 7-ին Շվեյցարիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու շատ մեծ միջոցառում, որը կազմակերպել են համատեղ Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունն ու Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը. «Հրավիրվելու են թե՛ շվեյցարիացի, թե՛ հայ պատգամավորներ, հատուկ պատվիրակություն է գալու, լինելու են մշակութային ոլորտի մեծ թվով ներկայացուցիչներ երկու ազգերի: Դա այնքան հասույթ պետք է բերի երկկողմանի հարաբերությունների զարգացման համար, որը մինչ այսօր որեւէ այլ պետություն դժվար իրականացրած լինի: Շատ բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենալու եւ շատ նուրբ ու Հայաստանի համար կարեւոր կետեր պիտի ծեծվեն, սա օդից չի գալիս, սրա հետեւը գործ կա ամիսների: Դա լինելու է հենց Բեռնի կարեւորագույն հյուրանոցների մեջ, սա քիչ բան չի, պետք է ամեն ինչ ուղղակի ճիշտ ակնոցով տեսնել: Եթե հիմա գաք եւ ինձ հարցնեք՝ արդյոք սա բավարա՞ր է, որ մենք մեր իրավունքները կարողանանք պաշտպանել, ես կասեմ՝ ոչ բավարար է, բայց այնպես էլ չի, որ մենք ոչինչ չենք անում, այսինքն, այնպես չի, որ Հայաստանը ոչինչ չի անում: Բարեկամական խմբերն էլ ձեռքերը ծալած ուղղակի չեն մնացել, որ ոչ մի բան տեղից չշարժվի»:
Հարցին՝ դուք խոսեցիք բյուջետային միջոցների սղության մասին, հասկանալի է, որ անհամեմատելի են այդ հատկացումները Ադրբեջանի տրամադրած միջոցների հետ, բայց ի՞նչ է հնարավոր անել եղած միջոցների սահմաններում՝ Սարգիս Շահինյանը պատասխանեց. «Դուք մի կողմից ունեք հաստատություն, որը կոչվում է Socar, ադրբեջանական նավթային ընկերությունն է, որը ոչ տասնյակ, ոչ հարյուր հազարանոց, այլ միլիարդի մակարդակով հնարավորություններ ունի ու ինչ իրենք անում են՝ անսահման ավելի մեծ հնարավորություն է: Մենք մեր տրամադրության տակ ունեցած շատ քիչ միջոցներով կարողանում ենք ոչ միայն ինքներս մեզ պաշտպանել, այլ բավական ծանր վնաս բերել հակառակորդ ճակատին»:
Նա օրինակ բերեց, թե ինչպես են մեկ ամիս առաջ հասել նրան, որ Շվեյցարիայի խորհրդարանի նիստի մեկնարկին կարդացել են այն նամակը, որը դատապարտում է ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը եւ ընդգծում իրողությունը Հայոց եղեռնում. «Նվազ միջոցներով ավելի շատ ներքին խոհանոցը ճանաչելու ճարպկության միջոցով է արվել: Անհամեմատելի է, երբ որ դուք պայքարի եք դուրս գալիս մի հրեշի դեմ, ինչպիսին Socar-ն է ու եթե ՀՀ-ն չհասկանա, թե այդ տեսակ հրեշի առջեւ պետք եղած միջոցները պետք է հատկացվեն, ուրեմն ես այդտեղ ասելիք չունեմ: Եթե Ազգային անվտանգությունը ինքը չհասկանա, թե ինչ է նշանակում Socar-ի նման ծանր կառույցի դեմ աշխատել, որը հայատյաց նյութեր հրապարակեց հենց պատերազմի ընթացքում, պարզ է, որ մեր փոքր կազմակերպությունը չի կարող դրա տակից դուրս գալ: Ամենաբարձր մակարդակով պետք եղած օղակներում, հենց վարչապետի մասին է խոսքը, խնդիրը լուծված պետք է լիներ հենց ի սկզբանե ու ես չեմ հավատում, որ այս տեսակ կարեւոր խնդիրների համար Հայաստանը չունի միջոցներ: Խոսքը միլիարդների մասին չէ, բայց ամենակարեւորը որոշում կայացնելն է: Հոս խնդիր ունենք, այո՛, բայց դեսպանատունը մեղավոր չի, դեսպանատունն անում է այն, ինչ իրեն ԱԳՆ-ն ասում է, որ անի, այդքան բան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀՀ դեսպանությունը Ժնևում ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհրդի նիստերի ժամանակ վերջին երկու տրում 275 ելույթ է ունեցել Արցախի թեմայով, ամբողջը կա օնլայն։ Բանբաս բյուրոները լավն ու վատը, թացն ու չորը իրար հետ խառնած գրում են մենակ թե վատ բան ասեն։