Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը փրկելու ամպագոռգոռ կոչերը կրկէսի ծաղրածուի տխմար ելոյթից տարբեր չեն․ Ռուբէն Յովակիմեան

Հունիս 05,2022 12:22

«Հրաշք խոստացողները

 իրականում  անընդունակ են

սովորական քայլեր անելու»:

Յունական

 

Կրկէսը այն տարածքն է, միջավայրը, ուր թոյլատրելի  եւ ընդունելի է կեղծը եւ սուտը որպէս իրականութիւն ցոյց տալ:  Այն աշխատաձեւ լինելուց բացի` ապրելակերպ է, որին մասնակից են բարձրաստիճան մարզիկներ, վարժուած կենդանիներ, ծաղրածուներ, լարախաղացներ եւ զանազան այլ մասնագէտներ: Զարմանալի կամ մեղադրելի չէն այդ աճպարար լարախաղացները, քանզի այն արուեստի մի մաս է եւ դարեր ի վեր գոյութիւն ունի աշխարհով մէկ եւ իրաւ է որ մանուկներին հաճելի վայր է:

   Այլ է դրութիւնը, երբ այդ անմեղ հոգեբանութիւնը տեղափոխում են քաղաքական դաշտ եւ տիտղոսաւոր աճպարարները իրացնում են այդ գործելաոճը իրենց քարոզարշաւների ընթացքին. եւ ճիշտ կրկէսի հարթակի են նմանւում այս օրերին Երեւանի փողոցները եւ հրապարակները, ուր խօսքի ազատութիւնը վերածելով ատելութեան քարոզի՝  անարժան,  անձնասէր, անիմաստ գործիչներ իշխանութիւն-ընդդիմութիւն հակադրումով, որի  կարիքը չունենք եւ բանի եւս չի ծառայում, հաստատ քայլերով երկիրը կործանման են տանում:

 Ինչ խօսք, որ այդ չարիքի հիմնական հեղինակները ծանօթ են նախկին եւ ընդդիմադիր  անուան տակ, բայց անժխտելի է, որ երկրի եւ Արցախի իշխանութիւնները եւս իրենց  բաժինն ունեն նման վիճակի ստեղծման համար: Բայց  ինչո՞ւ եւ ինչպէ՞ս:

 Նշեմ, որ դէմ եմ անցեալի հիմունքներով դատել ներկան, միայն թէ անցեալ չունեցողի ներկան կիսովի  դատարկ է, մինչ անցեալից դասեր քաղելը կենսական է եւ անհրաժեշտ: Բազում  հայրենակիցներ, բաժակաճառի սկզբունքով յաճախ սոնքալով են յիշում Բաշ-Ապարանն ու Սարդարապատը, ինչպէս  նաեւ Արցախի ազատագրումը եօթ նահանգով, Շուշին ու Լաչինը ներառեալ, որ հիասքանչ յաղթանակ  էր, բայց, աւա՜՜՜աղ, մեր իսկ ընդհանուր ապիկարութեան եւ ոմանց ընչաքաղցութեան պատճառով, նաեւ ենթադրաբար ինչ որ անյայտ 5-րդ շարասեան  մասնակցութեամբ՝ երբ թշնամին ծնկադիր վիճակ ունէր երեք տասնամեակ, մեր օգտին որեւէ պայմանագիր չստորագրուեց: Այս եւս անցեալ է, որ  ողբալի, դժուարութեամբ մոռանալի եւ աններելի է:

Իմ իմացականութեամբ՝ Արցախը Շիրակի, Տաւուշի, Լոռու ու միւս մարզերից տարբեր չէ եւ համազօր է նրանց, միայն թէ նրա խելակորոյս՝ մեծ ախորժակի տէր ղեկավարները ցանկացան անկախ հանրապետութիւն «խաղալ», երբեք չդիմեցին միջազգային ատեաններ ՀՀ-ն միանալու հայցով,  գրաւած տարածքները բնակեցնելու ոչ մէկ քայլ արեցին, բայց բազում են, որ մթին միջոցներով հարստացած, իրենց օրրանը լքելով հաստատուեցին Երեւանում կամ այլուր շքեղ ապարանքներում: Այսօր որոշ պաշտօնեաներ վստահ են, որ կարելի է արդի վիճակից դուրս գալ, փրկել եւ պահպանել մնացածը:  «Ամէն ինչ մեզմէ կախեալ է»,− յայտնեց ԱԳ նախարարը,  բայց անյայտ է, թէ ի՛նչ են այդ կախեալ միջոցները, թերեւս այդ միտումով է, որ «Զարթնի՛ր, Լաօ» կարգախօսով ջահերթ են անում Ստեփանակերտի մէջ (Ասպարէզ 26-4-22) եւ պատահական չէ, բազում են արցախցիները, որ ինչ որ հրահանգի ենթարկուելով՝ գալիս,  մասնակցում են փողոց փակող խմբերի արշաւներին Երեւանում:

Ի՞նչ գնահատական կարելի է տալ ամիսներ ի վեր ընդդիմադիր անուան տակ երկիրը անդամալոյծ անող խմբերի արարքներին, բացի կրկէսային ծաղրածուների  եւ ակնյայտ իշխանութիւն գրաւելու տենչի, որ աւարը փրկելու միակ միջոցն է, չկայ այլ որեւէ նպատակ ու պատճառ: Արցախը փրկելու ամպագոռգոռ կոչերը կրկէսի ծաղրածուի տխմար ելոյթից տարբեր չեն եւ դեռ հարց տուող չկայ, թէ ինչո՛ւ  այդ  ենթադրեալ փրկարար քայլերը սերտօրէն եւ պարտադրաբար կապուած  են իշխանութիւնը գրաւելու հետ, որ ստոյգ իղձ է դարձել:

 Ո՞վ է խանգարում, եւ ո՞ւմ են սպասում այդ քաջարի հայորդիները անմիջապէս Արցախը վերագրաւելու հետ մէկտեղ, ետ բերեն նաեւ թէ՛ Նախիջեւանն ու Ջաւախքը՝ թէ՛ Կարս- Արդահանը՝ Սուրմալուի հետ միասին, իսկ եթէ այդ յաղթական ընթացքով գրաւեն նաեւ Ծոցի մի փոքր անկիւն՝ նաւթով ապահով կը լինենք: Այդպիսի միտք երբեք չի ծագի նուաստների ուղեղում, բայց նրանք ընդունակ են փողոցում գանի ենթարկել զառամեալ անպաշտպան ծերերին, կամ որեւէ արտերկրում,  իրենց գործակալներին կարգադրեն գործող հայ իշխանութեան դէմ  անբովանդակ ցոյց անել երեւանեան չափանիշով:

Տկարամտութեամբ դժուար է հասկանալ եւ գիտակցել, որ նման կրկէսային արարքները, փողոց ու կամուրջ փակելը, պետական շէնքերի մուտք գրաւելը, ԱԺ ամբիոնը թափուր թողնելը հեռու են քաղաքական պայքար լինելուց, նոյնիսկ աւելին՝ յարում են քաղաքացիական պատերազմի, կամ դաւադրութեան, որ  սկզբունքով անընդունելի են եւ պատժելի, իսկ երկիր ղեկավարելու իրաւունք  ձեռք բերելու ուղիները այլ են եւ յստակ՝ հիմք ունենալով ստոյգ գաղափարախօսութիւն, ապագայի ծրագիր, որից զուրկ է աղմկարար ամբոխը, բայց  այրւում՝ իշխանութեան տենչով, քաւութեան նոխազ դարձնելով վարչապետին, չնայած նա եւս իր թերի կողմերը ունի, բայց «ո՞վ է, ո՛ր կեցցէ եւ ո՛չ մեղիցի»,  եւ կարելի է պնդել, որ նա ստոյգ իր բանականութեան եւ խղճի թելադրանքի համեմատ է գործում, որին բոլորը չէ, որ համախոհ  են:

Իրաւ է, որ վարչապետը այն տպաւորութիւնն է տալիս, թէ  միանձնեայ է ղեկավարում եւ իր գործակիցները քիչ մասնակից են երեւոյթներին, մինչդեռ պատասխանատու գործունէութեան լայն բաժանումը ժողովրդավարութեան առաջնահերթ գրաւականն է, մանաւանդ մեր երկրում տիրող անլուծելի խնդիրների պարագային՝ նրանց յաւուր պատշաճի եւ կարեւորութեան համեմատ դասակարգումը էական լինելուց աւելի է: Երբեմն վարչապետը ցանկանում է անձամբ խօսք առնել որեւէ ոչ-պետական եւ ոչ-կարեւոր երեւոյթի մասին՝ վերակառուցուած մանկապարտէզի առիթով, որ համապատասխան նախարարը կամ գործակիցը նոյն յաջողութեամբ կարող էր անել: Երբեմն մանրուքը կարեւոր տեղ է գրաւում: Թերեւս այդ պատճառով  է, երբ փողոցի գլխաւոր ցուցարարը յայտարարում է, թէ այլեւս իշխանութիւնը ինքն է, որ համազօր է չարիքի: 

 

2-6-22                 Ռուբէն Յովակիմեան,  Սեն-Ռաֆայել

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Գալիֆորնյան իսկապէս որ հեռու է Հայաստանէն.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930