Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեծ եղեռնի 60-ամեակը եւ «Զարթիր լաո»–ն (Ժողովրդական Երգի Ձայնագրման Պատմութիւնից)

Հունիս 05,2022 10:00

– Էմին Արիստակէսեան,- վստահ եմ` քչերին է ծանօթ այս կոմպոզիտորի անունը:: Հիմնականում Արիստակէս­եա­նը ճանաչուեց «Պրոմեթեւս» բալետով եւ ձայնի, դաշ­նա­մուրի համար մշակուած «Սահակ Պարթեւի հինգ շարականները» ստեղծագործու­թեամբ:

Ես եւ Էմին Արիստակէսեանը համատեղ աշխատել ենք Հայաստանի Ռադիոյի Երաժշտական խմբագրութիւնում: Էմինը եկաւ Ռադիոկոմիտէ`փոխարինելու «ան­փո­խարինելի» Արմէն Յովհաննիսեանին: Տարիներ շարունակ տարաբնոյթ խօսակ­ցութիւններ էին շրջում կոմպոզիտորների եւ յայտնի երաժիշտների շրջանում, թէ ին­չո՞ւ Ազգային Ռադիոյի Երաժշտական Հաղորդումների Գլխաւոր Խմբագրութիւնը պիտի ղեկավարի մասնագիտութեամբ ոչ երաժիշտ Արմէն Յովհաննիսեանը, երբ, ըստ իրենց, երաժիշտների մէջ կան շատ աւելի բանիմաց եւ երաժշտութեան բնագաւառում որոշակի ներդրում ունեցած երաժիշտներ:

Սակայն, ես, որ երկար տարիներ աշխատել եմ Արմէն Հովհաննիսեանի հետ, կարող եմ վկայել, որ նա բազմակողմանի զարգացած մտաւորական էր, հոյակապ թարգմա­նիչ ու լրագրող: Եւ երաժշտութիւնից էլ` շատ աւելի լաւ էր հասկանում, քան թէ կոն­սեր­­վատորիա (երաժշտանոց) աւարտած բազմաթիւ երաժիշտներ…

Ինչեւէ, գանք մեր Էմին Արիստակէսեանին:

1975-ի մօտերքը կոմպոզիտոր Էմին Արիստակէսեանը նշանակուեց որպէս Ռադիո­յի երաժշտական հաղորդումների խմբագրութեան գլխաւոր խմբագիր: Խմբագրու­թեան բոլոր աշխատող­ների համար շատ շուտ պարզ դարձաւ, որ Էմինը, թէեւ չափազանց բարի, ազնիւ ու պատ­րաստակամ անձնաւորութիւն, բնաւ այն մարդը չէր, որ լիարժէք ձեւով կարողա­նար փոխարինել Արմէն Յովհաննիսեանի նման փորձա­ռու, գիտակ ու վարչական կարողութիւններով օժտուած մտաւորականին:

Էմին Արիստակէսեանին ժամանակ էր հար­­կա­ւոր, որպէսզի հարմարուէր միջա­վայ­րին, ճանաչէր մարդկանց ու գործի բնոյթին: Բոլոր խմբագիրներն էլ առաջին իսկ օրից հասկացան, որ նա այն մարդը չէր, որ կարողանար լիարժէք ձեւով ղեկավարել Ռա­դիո­կոմիտէի ամէնակարեւոր խմբագրութիւններից մէկը:

Երկու երեք խմբագիր գրական-երաժշտական հաղորդումներ էինք պատրաս­տում, որոնց համար, հոնորարի կարգով հաւելավճար էինք ստանում: Որպէս օրէնք, գլխա­ւոր խմբագիրը պարտաւորուած էր կարդալ այդ հաղորդումների գրական նիւթը, սա­կայն Էմինը առանց կարդալու ստորագրում էր նիւթը, ոչ յաճախ հարցնելով, թէ ինչի մասին է նիւթը:

Նման «բացթողում» հազուագիւտ երեւոյթ էր Արմէն Յովհաննիսեանի հետ, սակայն, եթէ լինում էլ էր, պատճառը` փորձուած վստահութիւնն էր ենթակայի նկատմամբ:

Այդ կարգի «թերութիւնները» չխանգարեցին որպէսզի մենք լաւ ընկերներ դառնանք: Մեր ամէնօրեայ հանդիպումների ընթացքին զգում էի, որ Էմինը շատ անգամ տուն չէր ուզում գնալ, եւ նախընտրում էր իմ մեքենայով գնալ գարեջրատուն: Եւ, որով­հետեւ, ես էլ էի սիրում գարեջուր, մանաւանդ` Լենինականի արտադրութեան, հաճոյ­քով ընկերանում էի նրան: Շատ անգամ էլ մի քանի շիշ գարեջուր գրկած, Էմինի գնած ապխտած ձուկը վերցրած` յայտնուում էինք մեր տանը:

Շատ լաւ էմ յիշում այդ օրը` 1975 թուականի Ապրիլի 22-ը: Ես եւ Էմինը կէսօրուայ մօտերքը եկանք մեր տուն: Ընկերոջս եգիպիական գարեջուր էի հիւրասի­րելու: Նրա“է~ն ամէնալաւ, «կատարը տաքացած» պահին, խօսակցութիւն գնաց Ապրիլի 24-ին եթերով տրուելիք երաժշտական հաղորդումների մասին:

– Ախր, էմին ջան,- ասում եմ նրան,- մի նոր երգ, երաժշտութիւն է անհրաժեշտ եթեր սփռել մեր ժողովրդի համար, ի վերջոյ` Մեծ Եղեռնի 60-ամեակն է, ոգեշունչ մի բան է հարկաւոր, հասկանո՞ւմ ես, թէ չէ` անընդհատ տխուր, սգոյ երաժշտութիւն, էն էլ` հիմնականուն օտար` Գրիգ, Շոպէն, Չայկովսկի, որքա՞ն կարելի է: Հերիք չի՞ սգանք, բա պահան­ջատիրութիւնն ո՞ւր մնաց:

– Լաւ, խելացի բան ես ասում, բայց ինչո՞ւ ես այսքան ուշ գլխի ընկել, եթէ ժամա­նակին մտածէիր այդ մասին` մի խելամիտ որոշում կը կայացնէինք, օր չի մնացել, երկու օրից Ապրիլի 24-ն է:

– Ուշ չէ, Էմին…, ես արդէն մտածել եմ…, եւ վաղո~ւց…, եթէ թոյլ տաս` երկու օրուայ ընթաց­­քում կ՚ իրականացնեմ այն` ինչի մասին վաղուց եմ երազել:

– Ասա՜, ասա տեսնեմ, թէ դա ի՞նչ մտայղացում է, որ երկու օրուայ ընթացքում կա­րող ես իրականացնել: Եթէ խելքի մօտ բան է` ինչո՞ւ չէ:

– Դու, վստահ եմ, գիտես «Զարթիր լաօ» ժողովրդական երգը:

– Իհա՜րկէ գիտեմ, ո՞վ չգիտի…:

– Այդ երգը դեռ իր իսկական գնահատականին չի արժանացել: Դա, այնպէս պարզ, օրորոցի երգ չէ: Այդ երգին պիտի մօտենալ այլ տեսանկիւնից, ինչպիսին արել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարեանը` Հենրիկ Մալեանի «Եռանկիւնի» ֆիլմի երաժշտութիւնը գրելու ժամանակ: Վստահ եմ` նայել ես այդ սքանչելի ֆիլմը, որի աւարտին , որպէս մարտակոչ հնչում է «Զարթիր լաօ» երգը տաղանդաւոր երգիչ Ռուբէն Մաթեւոսեանի կատարմամբ:

– Լա~ւ, ասենք թէ յիշում եմ, յետո՞յ ինչ…, ասելիքդ ասա:

– Յետոյ այն, որ ես այդ երգի կատարումը պատկերացնում եմ տղամարդկանց երգչախմբով եւ սիմֆոնիկ մեծ նուագախմբով: Եւ ճիշդ կը լինի, եթէ այն հնչի հենց Ապրիլ 24-ի օրը եւ այն էլ` օրուայ ընթացքին մի քանի անգամ, իսկ գիշերն էլ` Սփիւռքի մեր հայրենակիցների յամար:

– Է~ , հասկացայ, խօսք չկայ, լաւ գաղափար է, ժամանակին անէիր, ո՞վ էր քեզ խանգարում: Ամէն միջոց կայ ձեռքիդ տակ, երգչախումբն էլ կը վարձեինք: Հիմա եկել, հասել ենք վերջին վայրկեանին, նո՞ր միտքդ ընկաւ, ո՞ւր է ժամանակը, բարեկամս::

– Էմին, եթէ դու ինձ թոյլ տաս, ես երկու օրուայ մէջ կ՚ իրականացնեմ այդ երգի ձայ­նա­գրութիւնը:

– Էդ ո՞նց կը հասցնես Հենրիկ, դու ի՞նչպէս կարող ես մէկ օրուայ ընթացքում թէ՜ գործիքաւորել, թէ՜ օրկեստրի նոտաները գրել…, երգչախո~ւմբ, պարտիտո~ւր, դու գժուե՞լ ես, ին՜չ է…

– Չ՜է, ո՜չ, չեմ գժուել, միայն թէ թոյլ տուր, որպէսզի իրականացնեմ վաղուցուայ երա­զըս: Միայն բանաւոր համաձայնութիւն եմ ուզում, ուրիշ ոչինչ: Պարտիտուր չի լինե­լու, որը գրելու համար երկար ժամանակ կը պահանջուի, ամէն ինչ ուղեղումս է, միայն նուագախմբի եւ երգչախմբի նոտաներն եմ գրելու: Ինքս էլ անգիր ղեկավա­րելում կատարումը:

– Իսկապէս դու խենթ ես եղբայրս, ի՞նչպէս ես հասցնելու այդ ամէնն իրականացնել ընդամէնը մէկ օրում…, չգիտեմ, չգիտե~մ…, արդէն գլուխս ցաւում է…ինչ ուզում ես արա, ազատ ես քո գործո­ղու­­­թիւն­ների մէջ:

– Հա~, չմոռանամ ասել, որ ինքս ոչ մի վճարում չեմ ուզում:

– Դէ ասա ամէն ինչ որոշել ես էլի, էլ ինչո՞ւ ես ինձ հարցնում…, արա՜, արա ինչ ուզում ես, Աստուած հետդ, միայն թէ հիմա ինձ տուն տար, ետ արի ու անցիր գործիդ:

Հազիւ մի կէս ժամ տեւեց Էմինին տուն տանելն ու վերադառնալը: Ես վստահ էի, որ մինչեւ յաջորդ օրուայ կէսօրին կը հասցնեմ լուծել նոտաների տառապալից աշխա­տանքը: Մնում էր կարգաւորել երգչախմբի, նուագախմբի եւ ձայնագրման ստուդիայի հարցերը:

Անմիջապէս անցայ հեռախօսի գլխին: Հեռաձայնում եմ Երգչախմբային ընկերու­թեան երգչախմբի ղեկավար, շնորհալի խմբավար գործունեայ Էմմա Ծատուրեանին եւ բացատրում թէ ինչը` ինչոց է:

– Էմմա Աղաբեկովնա, խնդրում եմ երգչախմբի տղաներին վաղը ժամը 12-ին ուղար­կել Ռադիոկոմիտէ` ցուցակագրուած անուններով, որպէսզի մուտքին խնդիրներ չծագեն

– Ախր ես այդ ժամին փորձ ունեմ է~…, չի լինի՞ , որ ժամը մէկին գան:

– Չէ՞, ոչ, չի լինի, կը ներէք Էմմա Աղաբեկովնա, ժամը մէկին նուագախմբի հետ է լինելու փորձը, իսկ երկուսին` ձայնագրութիւնն է:

– Համա եամանն ես հա~…, բայց ասեմ, որ լաւ բան ես մտածել, ապրես մաեստրօ, դէ որ այդպէս է` ես էլ մի նուէր կ՚ անեմ քեզ համար:

– Ի՞նչ նուէր Էմմա Աղաբեկովնա, ինձ նուէր պէտք չէ, ասեմ որ երգչախմբի տղաները վճարուելու են:

– Ինչ լա~ւ, տղերքս կ՚ ուրախանան: Իսկ իմ նուէրը կը լինի մեր ընկե­րու­թեան հաշուին Մարիետային վեց հոգուց կազմուած խմբավարների խմբի հետ երկու շաբա­թով Բուլղարիա պտոյտի ուղեգիր յատկացնելը:

Համաձայնութիւնը կնքուեց:

Յաջորդ հեռաձայնի «զոհը» Ռադիոյի սիմֆոնիկ նուագախմբի դիրիժոր Ռաֆայէլ Մանգասարեանն էր:

– Ուրեմն վաղուայ փորձս «խլում» ես էլի~,- ասում է դիրիժորը եւ աւելաց­նում.- կա­տակ եմ անում, Հենրիկ ջան, նման հայրենասիրական գործի համար կ՚ուզես տաս օր էլ տամ նուագախումբը: Վաղը ես էլ ներկայ կը լինեմ ձայնագրութեանը:

Շատ կարեւոր մի արգելք էլ կայ: Երգչախմբի համար փորձասրահ է անհրաժեշտ:

Միակ տարբերակը Ռադիոյի ժողգործիքների համոյթի խոշոր փորձասենեակն է: Ուրեմն` հեռաձայն համոյթի ղեկավար` Մանուէլ Բեգլարեանին:

– Ջանդ սաղ ըլնի Հենրիկ ջան, կ՚ ուզես էն մի ժամն էլ վերցրու, բա մենք ո՞ր օրուայ ընկերներ ենք, որ իրար չ՚ օգնենք, էն էլ` նման պատասխանատու գործի համար:

Կազմակերպչական գործերն աւարտուած են: Հիմա մնում էր ամէնակարեւորը` երգը մշակելն ու գործիքւորելը, նո­տա­ներ գրելը սեւ թանաքի գրիչով: Այդ տարիներին Հայաստանում գոյու­­թիւն չ՚ ունէր վերատպման (XERՕX) մեքենան: Կարծում եմ ամէն­քի համար էլ հստակ է, թէ ինչ տառապանք է 50 նոտաթուխթ նոտաներով լցնելը` թէկուզեւ` իւրաքանչիւր էջում 8-10 տող:

Տասնըվեց ժամ անդադար, անընդմէջ աշխատելուց յետոյ ամէն ինչ պատրաստ էր: Ապրիլ 23-ին, ըստ հերթականութեան փորձերից յետոյ, ժամը 3-ին մեծագոյն ոգեւո­րու­­թեան պայմաններում իրականացրինք այդ` ի՜սկապէս հայրենասիրական, բոլո­րի սրտից խօսող ու հարազատ երաժշտութեան, ժողովրդական «Զարթիր լաօ» երգի մնայուն ձայնագրութիւնը:

Աւարտուել էր ձայնագրութիւնը եւ ամէնքը պատրաստւում էին դուրս գալ ստու­դիայից, միկրոֆոնի միջից լսուեց հնչիւնային ռեժիսորի ձայնը.

– Խնդրում եմ միայն երգչախմբին դուրս գալ ստուդիայից: Ձայնագրում ենք միայն նուագախբին:

Պարզուեց, որ երգիչ Յովհաննէս Բադալեանն է զանգահարել ստուդիա եւ խնդրել իր համար ձայնագրել միայն նուագախմբին:

Ես ու Էմին Արիստակէսեանը տակնուվրայ արեցինք Ապրիլ 24-ի երաժշտական ծրա­գրերը եւ, ուր որ հարմար գտանք`տեղաւորեցինք «Զարթիր լաօ» խմբերգը: Նոյն գիշերն իսկ «Զարթիր լաօ»-ն մի քանի անգամ հաղորդուեց արտասահմանի մեր հայրենակիցների համար:

Մէկ շաբաթ անց, նուագախմբի ձայնագրութեան վրայ «Զարթիր լաօ» -ն անմա­հաց­րեց փառաբանուած երգիչ Յովհաննէս Բադալեանը:

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930