Մեզանում ժողովրդավարությանը ոչ վայել գործողությունները լղոզելու յուրատեսակ ձեւ էր ընտրել ԱՄՆ տիկին դեսպանը, որն, անշուշտ, լավատեղյակ էր ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով խաղաղ ակցիաներ անցկացնող ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնություններին: Իր խոսքում նա պնդում էր, որ ԱՄՆ-ը նույնպես բախվում է ոստիկանների վարքագծով պայմանավորված մարտահրավերների: «Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին»,- հայ ոստիկանների՝ անհամաչափ ուժի կիրառումն այսպես փորձեց մեղմել Լին Թրեյսին:
Տիկին դեսպանն, ի դեպ, օրեր առաջ խոստովանել էր, որ ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, «որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատեց 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Մի իմաստուն ասել է. «Ժողովրդավարության ոխերիմ թշնամին երկակի ստանդարտներն են»: Կարելի է համարել, որ Հայաստանը որոշ առումով երկակի չափանիշների երկիր է՝ թեեւ երկակի չափանիշները սփռված են ամենուր եւ մարդկային բոլոր հարաբերություններում՝ կենցաղայինից մինչեւ միջազգային: Դա նույն դեպքի, վարքագծի, գործողության կամ խնդրի հանդեպ երկու հակադիր մոտեցում կիրառելու արատավոր պրակտիկան է: Բայց Հայաստանի «երկակին» ուրիշ է. այն շատ ավելի լայն համատեքստ ունի:
Դատեցեք ինքներդ. կարմիր բերետավորները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում 77-ամյա ծերունազարդ տղամարդուն՝ արցախյան բոլոր պատերազմների մասնակից Գեորգի Արիստակեսյանին, որին բոլորը Ժորա պապիկ են կոչում: Ընդդիմադիրների ավտոերթերին նա սովորաբար մասնակցում է իր հեծանվով: Ուրեմն՝ 5-6 ոստիկան, առանց բացատրություն տալու, բերման են ենթարկում նրան, եւ այդ ընթացքում կարմիր բերետավորները,- դա շատ պարզ երեւում է տեսանյութում,- հարվածներ են հասցնում տարեց մարդու գլխին, մարմնի տարբեր մասերին, ապա գետնին տապալելով, սկսում են հարվածել ոտքերով:
Կարդացեք նաև
Պապիկը մարմնական վնասվածքներ է ստանում, ինչը հաստատվում է դատաբժշկական զննությամբ: Ցանկացած կարգին երկրում ոստիկանության նման ծառայողին առնվազն կհեռացնեին համակարգից, համապատասխան պատժամիջոցներ կձեռնարկեին, ավելի կազմակերպված երկրում դատական գործ կբացեին: Հայաստանում՝ դե, քանի որ մերն ուրիշ է, այդպիսի բախումներում արդարը օրվա իշխանության հովանավորությունը վայելող կողմն է: Եվ, այդպիսով, Ժորա պապիկը ձերբակալվում է՝ մեղադրվելով, ուշադրությո՛ւն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Այստեղ են ասել՝ «Տերդ խնդա, Բաղդասար»:
Հ.Գ. Հրապարակման ծավալը թույլ տար՝ կարելի էր բերել երկակի, նույնիսկ «եռակի» չափանիշների կիրառման տասնյակ օրինակներ: Բայց եզրահանգումը մեկն է՝ մի երկրում, որտեղ օրենքն ու արդարադատությունը մեկ մարդու բերանից դուրս եկող հրահանգն է, ժողովրդավարություն չի կարող լինել:
Գեւորգ Բրուտենց
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի 20-րդ համարում