«Քիչ առաջ Իլհամ Ալիևը թվիթերյան գրառում է արել։ Գրել է՝ բոլորը պետք է իմանան պատմությունը։ 1920-ին Խորհրդային Միության որոշմամբ մեր պատմական հողը՝ արևելյան Զանգեզուրը բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին։ Սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հղում կատարելով Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց՝ մենք ասում ենք, որ վտանգը միայն Արցախով չի սահմանափակվում ու, նկատի ունենալով ՀՀ իշխանություններին, նշեց․ «Էս մարդիկ կտոր-կտոր հանձնելու են մեր հայրենիքը։ Բոլոր նրանք, որոնք մտածում են, որ այս աղետն իրենց դուռը չի չոքելու, դեռ իրենց բնակարաններում սպասում են, հենց սրա մասին ենք ասում։ Ակնհայտ է, որ թշնամին հավակնություններ ունի Սյունիքի նկատմամբ։ Եթե այս դավաճանները մնան, հետևողականորեն թուլացնելու են մեր երկրի պաշտպանությունը, բանակը տանեն կազմաքանդման, թշնամին շարժվելու է դեպի ՀՀ՝ մինչև Երևան։ Երբ նոյեմբերի 9-ին ասում էինք՝ հիմա գոնե հեռացիր, որ մնացորդը կարողանանք փրկել, սրա համար էինք ասում»։
Իրենց առաջիկա ծրագրերի մասին խոսելով՝ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ տեմպը պիտի պահենք, ծավալները մեծացնենք։ Նա վստահեցրեց՝ չեն դիմանալու ոստիկանները։ ՀՀ ԱԺ փոխնախագահը հայտնեց՝ վաղը կլինի աշխատանքային օր, կպատրաստվեն հաջորդ շաբաթվան։ Վաղը հանրահավաք ու երթ չի լինի։ Կլինեն թեմատիկ քննարկումներ, Ֆրանսիայի հրապարակում կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։ Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերի ժամերի մասին կտեղեկացվի վաղը երեկոյան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ