«Ոստիկանությունը տեղին քննադատվեց, բայց պետք է արձանագրենք՝ մեր կռիվը ոստիկանության հետ չէ, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է, մեր կռիվը մեր երկրի ապագայի, մեր երեխեքի, մեր նահատակված հերոսների համար է»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ ոստիկանությունը երեկ գործեց ոչ համաչափ, շատ վատ ու դիմելով նրանց՝ ասաց․ «Տղե′րք, ամոթ է, մի արեք, գիտեմ՝ ձեզնից շատերը նույն բանն եք ուզում, ինչ բոլորը՝ հզոր Հայաստան, Արցախ»։
Արթուր Վանեցյանն իրենց պայքարը համարեց նյարդերի պայքար ու հորդորեց՝ չպետք է հոգնեն, անընդհատ իրենց հարևան, բարեկամներին իրենց հետ պետք է բերեն։ Հետո էլ, մեկնաբանելով ոստիկանության հետ ցուցարարների բախումները, նկատեց․ «Ոստիկանությանը հանել են ժողովրդի դեմ, ժողովրդին տրամադրում են ոստիկանության դեմ։ Ասում են՝ ձեր կռվը մի քանի ցուցարար է ու ոստիկանություն։ Բայց մեր կռիվը ոստիկանության հետ չէ»։
Խոսելով իր բնորոշմամբ՝ այն կեղծ պնդումների մասին, թե շարժումը մարել է, Արթուր Վանեցյանն ասաց․ «Շարժումը չի մարել, հլը նայեք ժամը քանիսն է, երեկվանից հետո բոլորը այստեղ միասնական, մեկ մարդու պես կանգնած են մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի համար»։
Կարդացեք նաև
Ելույթի ավարտին Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող քաղաքացի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ