Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ այս մարդն իրեն իրավապաշտպան է համարում»․ «Առերեսում»

Հունիս 04,2022 23:25

 «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը մեղադրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ երկակի չափանիշներով եւ ըստ քաղաքական նպատակահարմարության հայտարարություններ անելու մեջ։ «Ժողովրդավարության ամենամեծ թշնամին ոչ թե բռնապետությունն է, այլ երկակի ստանդարտները։ Երբ մենք ունենում ենք երկակի ստանդարտներ՝ ժողովրդավարության գաղափարն առհասարակ մահանում է»,– ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, թե գուցե «կեսբերան դատապարտումներ» կարող են լինել, բայց հետեւողականություն չկա։

Դանիել Իոաննիսյանն ի պատասխան մասնավորապես ասաց․ «Բազմաթիվ խախտումներ ոչ միայն արձանագրվել են մեր կողմից, այլ հենց մեր կողմից են արձանագրվել ու մենք ենք կարողացել ապացույցներ գտնել այդ խախտումների մասին»։

Իսկ երկակի չափանիշներով առաջնորդվելու մեղադրանքի առնչությամբ խոսեց Ռուբեն Մելիքյանի՝ 2016-2018 թվականների ընթացքում որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան աշխատելու ընթացքում մարդու իրավունքների խախտումներին արձագանքի մասին։ «Այդ ժամանակ ԱԱԾ–ի, ոստիկանության կողմից Արցախում ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ եղել են, ընդդիմադիրներին տարել են բաժիններ պրոֆիլակտիկ զրույցներ անելու։ Ոստիկանությունում Շուշիի ՔԿՀ–ում խոշտանգումներ են եղել՝ առերեւույթ ապացույցներով»,– ասաց Իոաննիսյանը՝ մասնավորապես մեջբերելով Հայկ Խանումյանին առեւանգելու եւ ծեծելու օրինակը։

Ռուբեն Մելիքյանը պնդեց, որ իր պաշտոնավարման օրոք չի եղել խոշտանգման որեւէ դեպք, որին ինքը չի արձագանքել. «Զեկույցս կարդացե՞լ եք։ Շատ ներողություն, սա ուղղակի զրպարտություն է։ Ես շատ խստորեն դատապարտել եմ այն, ինչ ասում եք»։ Մասնավորապես բացահայտեց, որ Հայկ Խանումյանի առնչությամբ Արայիկ Հարությունյանի հետ զրույց են ունեցել․ «Ամենախիստ ձեւով ասել եմ՝ հենց նույն օրը, եթե 1-2 օրվա մեջ այս արարքը կատարած մարդիկ չձերբակալվեն՝ հրաժարական եմ տալու․․․ Դա իմ պատվի հարցն էր»։

Զրույցի գերակշիռ մասը վերաբերում էր հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններին։ Մասնավորապես անդրադառնալով այն փաստին, որ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն՝ Դանիել Իոաննիսյանն ասաց․ «ԱԺ պատգամավորների նկատմամբ բռնությունները դատապարտելի են, երբ որ այդ բռնություններն անիրավաչափ են։ Երբ որ ԱԺ պատգամավորը փորձում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել՝ իր նկատմամբ պատասխան բռնություն պետք է լինի։ Ով ասաց, որ ԱԺ պատգամավորը կարող է ինչ ուզի՝ անի»։ «Այդ որտե՞ղ եք, է, տեսել»,– հարցրեց Ռուբեն Մելիքյանը՝ փորձելով ճշտել, թե ինչ են արել պատգամավորները՝ ապտակե՞լ են, կա՞ն համապատասխան տեսանյութեր։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կատարվածի առնչությամբ պրն Իոաննիսյանը պնդում էր, թե «Տեսանյութերի իրոք սակավություն կա»։ «Չկան նման տեսանյութեր»,– վստահեցրեց պրն Մելիքյանը։ Փոխարենը, ըստ նրա կան բազմաթիվ տեսանյութեր ոստիկանական բռնությունների մասին, բայց այդ մարդիկ ձերբակալված չեն։ Ի դեպ, ավելի ուշ ԻՔՄ հիմնադիրն էլ գնահատեց, որ «Ոստիկանությունը որեւէ կերպ չի բարեփոխվել crowd control–ի (ամբոխի վերահսկում) հարցում»։

Անդրադարձ եղավ նաեւ «Անտարես» հրատարակչության գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ հարձակմանը։ Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ ոստիկաններն այս դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն անգործության համար։ Եվ զարմանք հայտնեց, որ Ռուբեն Մելիքյանը չի դատապարտել այդ բռնությունը, այլ հայտարարել է, թե նա երևի թե պետք է գնա մոմ վառի եկեղեցում՝ «շնորհակալություն հայտնելով, որ ամեն ինչ իր համար այսքան բարեհաջող ավարտվեց»։ Ռուբեն Մելիքյանը հակադարձեց․ «Այո, ես պնդում եմ իմ ասածը»։ «Եվ այս մարդն իրեն իրավապաշտպան է համարում»,– բացականչեց պրն Իոաննիսյանը։

Ռուբեն Մելիքյանի հիմնավորումն էր, թե Արմեն Մարտիրոսյանը, մինչեւ բռնությունը՝ հանրային բարոյական պարսավանքի է ենթարկվել 2020 թվականի դեկտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան գրառման համար․ «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացեք։ Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ»։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն ասաց, որ հանրային պարսավանքի ինստիտուտը կարեւոր է, «որ մարդիկ իրենց թույլ չտան այնպիսի բաներ, որոնք ոտնձգում է ամենախորքային արժեքների նկատմամբ»։ Սակայն հավելեց, որ այն չպետք է հանգեցնի բռնության։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930