«Ոստիկանը լավ էլ Նիկոլ է ու մի բան էլ ավել. դա իրենք ցույց են տվել իրենց կեցվածքով: Ոստիկանը Նիկոլ է, իսկ Նիկոլն էլ էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մեկն է»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցածին էլ՝ Աննա Մկրտչյանն ասաց, որ երեկ բախումներ չեն եղել. «Երեկ Նիկոլի բանդան հարձակվել է Հայաստանի փողոցներում Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթին, այդ երթի մեջ էին կանայք, մանկահասակ երեխաներ, անչափահասներ, հղի կանայք. այս մարդիկ, բացի խաղաղ երթից, ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ունեին»: Նա հավելեց, որ մոտ 24 ժամ անց իշխանական քարոզչամեքենան՝ ոստիկանությունով եւ այլ կառույցներով հանդերձ, որեւէ ապացույց չի կարողացել ներկայացնել այն մասին, որ իբր քաղաքացին խփում է ոստիկանին: Բայց, ի հակադրություն դրա, կան հարյուրավոր կադրեր՝ ինչպես են ոստիկանները ջարդում քաղաքացիների կողերը, ողերը, ձեռքը:
Աննա Մկրտչյանն ասաց, որ երեկ բացահայտ հրահանգ է հնչել՝ «սրանց ցխեք»՝ նկատի ունենալով ցուցարարներին: Այս հրահանգից հետո պատգամավորն այդ մարդկանց ոստիկան չի համարում, այլ սովորական խուժան եւ ամեն օր վերանայում է իր կարծիքն այն մասին, որ անօրինականություն գործողները պետք է օրենքի ողջ խստությամբ դատապարտվեն:
Պատգամավորը ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արել է, որպեսզի զենք կիրառվի ոստիկանների նկատմամբ, իսկ այսօր նույն ոստիկաններին ստիպում է ցուցարարների դեմ դուրս գալ եւ նկատեց, որ այդ աստիճան իրենց նվաստացրել է Նիկոլ Փաշինյանը: Բանախոսի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում, որտեղ էլ որ աշխատել է՝ փախել է, հիմա էլ իր շողքից է փախչում, բայց չի ստացվելու, այս անգամ նրան թույլ չեն տալու փախչել:
Կարդացեք նաև
Աննա Մկրտչյանը նաեւ հայտարարեց, որ երեկ ոստիկանները հատուկ միջոց են կիրառել, որը եղել է ժամկետանց եւ դա արվել է հատուկ, որպեսզի հնարավորինս շատ մարդու վնաս հասնի եւ Նիկոլ Փաշինյանի վախերը փարատվեն: Պատգամավորի գնահատմամբ, երեկ, Երեւանի կենտրոնում հայի արյուն թափելով՝ Նիկոլ Փաշինյանը սպառեց նաեւ իր՝ անարյուն հեռանալու հնարավորությունը:
Հիշեցնենք, երեկ Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները երթով հասել էին կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը: Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին կառավարության շենքի բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողովի շենք, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների, նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ