Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուղղակի բռնությունն օքե՞յ ա ձեզ համար, կանանց իրավունքների պաշտպաններ». Արմեն Ալավերդյան

Հունիս 04,2022 20:39

«Եթե ձեր սիրտը ցավում է, ձեր աչքերն արցունքներով են լցվում, երբ տեսնում եք Մասիս սարը, ապա եկեք այստեղ։ Չեք գալիս, որովհետեւ չեք սիրում Քոչարյանին, Սաղաթելյանին, ես էլ չեմ սիրում, ինչո՞ւ պետք է քաղաքական գործիչներին սիրել, իրենք գործ անելու համար են, իսկ մենք պետք է պահանջենք, որ նրանք հայրենասեր կերպով այդ գործն անեն։ Երբ փոքր էի, տատիկս պատմում էր ինձ Արեւմտյան Հայաստանի մասին, ես մոտ կես դար այդպես էլ չհասկացա՝ էդ ոնց եղավ, որ այդ մեծ Հայաստանը դարձավ մի փոքր Հայաստանի Հանրապետություն, հիմա արդեն հասկանում եմ։ Ես չեմ ուզում, երբ երեխաներս մեծանան, հարցնեն՝ ինչու կորցրինք Գյումրին, Մեղրին կամ Երեւանը, որ ասեմ՝ դե հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով էի զբաղվում, թեքահարթակներ կառուցելով էի զբաղվում եւ այլն»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Արմեն Ալավերդյանի համար ծիծաղելի է, երբ Ֆրանսիայի հրապարակում զարգացող իրադարձություններն աթոռակռիվ են անվանում: Ասաց, որ ինքն առհասարակ հեռու է քաղաքականությունից, իր աթոռն էլ ունի՝ աթոռ չի ուզում եւ ցույց տվեց հաշմանդամի իր սալյակը ու ասաց, թե ինչի համար է Ֆրանսիայի հրապարակում. «Եթե ձեզ համար մեկ է Շուշին, Հադրութը, Մասիսը, Կարսը, ուրեմն շատ ճիշտ բան եք անում, որ չեք գալիս, դուք այստեղ անելիք չունեք»։

Իբրեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, Արմեն Ալավերդյանը ապշած է ՀԿ-ների անտարբերությունից. «Ուղղակի բռնությունն օքե՞յ ա ձեզ համար, կանանց իրավունքների պաշտպաններ, մի հատ գռեհիկ խոսք է հնչում ինչ-որ գործչի կողմից, ոգեւորվում եք, ստատուսներ եք գրում, հիմա երբ ոստիկանը երիտասարդ աղջկա ինտիմ մասին է ձեռք գցում, օքե՞յ է, դե բա դատապարտեք, գոնե ասեք՝ չի կարելի»:

Նկատեց, որ քաղհասարակության կարկառուն ներկայացուցիչներից մեկն ասել է, թե ցուցարարները մեծ քարեր են նետել՝ վնասելով ցուցարարներին. ինքը հետամուտ է եղել, փնտրել է ու ոչ մի նման կադր չի տեսել: Գտել է տեսանյութ, որտեղ երկու դատարկ շիշ են նետում, չի էլ երեւում, թե ովքեր են նետում, բայց կարծում է, որ նման բաներ պետք չէ անել, ինքը համամիտ է՝ իշխանությունը հենց նման բաներ է սպասում: Քաղհասարակության ներկայացուցիչներին նա կոչ է անում անկեղծ, սկզբունքային լինել եւ կրկնակի ստանդարտներից դուրս գալ:

Հիշեցնենք, որ երեկ, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել նիստին եւ տապալել էին այն: Ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել էին կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացել էին կառավարության շենքի բոլոր մուտքերը եւ շարժվել դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ, ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողովի շենք, ոստիկանները հրաժարվել էին բացել ճանապարհը, որից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում էր սկսվել։

Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման էին ենթարկել բազմաթիվ ցուցարարների, նաեւ հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, այդ թվում՝ ոստիկանների։ Մի քանի տասնյակ քաղաքացի եւ ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930