Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Պապոյան. «Ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել մեր ժողովրդին»

Հունիս 04,2022 18:07

«Նախ, եկեք վերահաստատենք մի պարզ բան. ոստիկանը ծեծելու միջոց չէ, գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել մեր ժողովրդին: Ինչի՞ ականատեսը եղանք երեկ: Ոստիկանները բառիս բուն իմաստով մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց: Կան բազմաթիվ տեսագրություններ, թե ինչպես են ոստիկանները ակնհայտ անհամաչափ ուժ գործադրում: Ծեծում էին նաեւ իրենց վահաններով, ինչը բնավ դրա համար նախատեսված չէ»,-Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ասուլիսում հայտարարեց փաստաբան Գայանե Պապոյանը եւ շարունակեց. «Արձանագրենք նաեւ մի պարզ բան: Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի, որն ընդամենը այդ պահին կրում է ոստիկանական համազգեստ: Երեկ ականատեսը եղանք, որ մեր բազմաթիվ ծեծված քաղաքացիները գիշերվանից ձերբակալվում են քննչական մարմինների, ոստիկանության կողմից ենթադրյալ զանգվածային անկարգություններ իրականացնելու համար»:

Նա հիշեցրեց զանգվածային անկարգությունների առումով երկակի մոտեցումները, երբ ոստիկանների ձեռքից մահակներ խլելու համար մեկի սիրտը փառավորվում էր ու այդ ամենը որպես զանգվածային անկարգություններ չի գնահատվում, իսկ երեկվա խաղաղ հանրահավաքը որակվում է որպես զանգվածային անկարգություններ:

«Մեզ հուզում է եւս մի հարց: Զանգվածային անկարգություններով գործ եք քննում, գործ եք հարուցում: Իսկ կա՞ գեթ մեկ ոստիկան, որը ձերբակալվել է, ում մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար: Հավատացած եղեք՝ չկա: Ինձ համար դա զարմանալի չէ, որովհետեւ չորս տարի մենք ականատես ենք լինում այնպիսի գործողությունների, այնպիսի քրեական շինծու գործերի, որոնք իրավաբանության հետ որեւէ աղերս չունեն: Ոչ մեծ, կամ միջին ծանրության գործերով մարդկանց տանում են կալանքի, ընդ որում, դատարանները բավարարում են կալանավորման միջնորդությունները այն պարագայում, երբ դատախազությունը կոլեգիայի որոշում է կայացրել, որ միջին ծանրության հանցագործություններով չի կարելի տանել կալանքի: Իսկ վերջին շրջանում, հատկապես ապրիլ ամսից մեկնարկած հավաքների հետ կապված մեր բազմաթիվ պատվարժան քաղաքացիներ կալանքի տակ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930