Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Մանուշ Եսայան. «Համաչափ ուժի կիրառելիությունը եւ ընդհանրապես բերման ենթարկելու ինստիտուտը Հայաստանում, կարելի է ասել, մեռել է»

Հունիս 04,2022 16:15

Առավելապես քաղաքացիաիրավական եւ վարչաիրավական գործերի մեծ փորձ ունեցող փաստաբան Մանուշ Եսայանը, Ֆրանսիայի հրապարակում կայացած ասուլիսում պատմելով երեկ ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի մասին, ասաց. «Արաբկիրի վարչություն հասել էի մոտավորապես ժամը 10-ին: Արդեն բերման ենթարկվածները, որոնք ինն էին, սենյակներում էին: Որպեսզի հասկանաք, թե ինչ է տեղի ունեցել, ինը հոգուց չորսը ունեին լուրջ մարմնական վնասվածքներ, իսկ երեքին հենց մարմնական վնասվածքների փաստով տեղափոխել էին հիվանդանոց, որովհետեւ ակնհայտ էր, որ ունեն ջարդվածքներ, տարբեր տեսակի կոտրվածքներ եւ շատ լուրջ առողջական խնդիրներ կարող էին ունենալ: Կոնկրետ մի հոգու մոտ աչքի մասում այնպիսի վնասվածք էր, որ հնարավոր է՝ հետագայում այդ երիտասարդը առողջական լուրջ խնդիրներ ունենա: Մյուսի մոտ, որն ավելի հասակով տղամարդ էր, ռենտգենի արդյունքները չեմ կարող ասել, բայց տարան հետազոտության, եւ կասկածներ կային, որ կրծքավանդակի մասում կոտրվածքներ կան: Մի երիտասարդ էլ ծնոտի լուրջ կոտրվածք ուներ:

Ընդհանուր, երբ այդ իրավիճակը տեսնում էի, հասկանալի էր որ համաչափ ուժի կիրառելիությունը եւ ընդհանրապես բերման ենթարկելու ինստիտուտը Հայաստանում, ոչ իրավաբանական լեզվով, կարելի է ասել, մեռել է, որովհետեւ բերման ենթարկելը հատուկ միջոց է, որը պետք է իրացվի հստակ կանոնակարգով, ինչը, բնականաբար, չի պահպանվել ոչ երեկ, ոչ էլ մնացած օրերին:

Ես մոտավորապես մինչեւ գիշերվա 2:30-ը եղել եմ Արաբկիրի վարչությունում: Բոլորի հանդեպ, գուցե նաեւ տարօրինակ հնչի, նաեւ այն քաղաքացիների, որոնք այդպիսի ջարդվածքներով, կոտրվածքներով, վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, նաեւ նրանց հանդեպ որոշում է կայացվել ձերբակալման վերաբերյալ: Այսինքն մեր իրավապահ համակարգը հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ քաղաքացիները, որոնք տեղափոխվել են բժշկական հաստատություն՝ հետազոտվելու եւ որ բժշկական հաստատությունում փաստվել, արձանագրվել է, որ վնասվածքներն իսկապես լուրջ են, առողջությանն իսկապես վտանգ է սպառնում, նույնիսկ այդ փաստը չի կանգնեցրել մեր իրավապահ մարմիններին, որպեսզի ձերբակալման մասին որոշում կայացնեն:

Ես եւ իմ գործընկերները հիմա այդ որոշումները վիճարկում ենք դատարանում: Արդյունքները վաղը, հավանաբար, հայտնի կլինեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930