Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան. «Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ, երեկ խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ»

Հունիս 04,2022 15:15

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում ընդդիմության ներկայացուցիչները խոսեցին երեկ անհնազանդության խաղաղ գործողության ընթացքում ոստիկանության և ժողովրդի միջև տեղի ունեցած միջադեպերի մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գնահատմամբ երեկ եղել է ոստիկանական վարքագծի հակաօրինական ծայրահեղ դրսևորում: «Մենք տեսանք, որ այս օրերի ընթացքում, երբ Դիմադրության շարժման կողմից անցկացվում էին խաղաղ հավաքներ, խաղաղ ցույցեր, ոստիկանության վերջին օրերի վարքագիծը, որը կարելի է նույնիսկ որակել սադրող վարքագիծ, հասավ գագաթնակետին:

Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ավելի բարձրը պատկերացնենք հատուկ միջոցից: Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ, երեկ խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ: Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում նման տեսակ որոշումներ առանց Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգի չէր կայացվելու: Հիմա ժողովրդավարությունը, որում մենք ապրում ենք, այսպիսինն է»,-ասաց պատգամավորը և նշեց, որ այս դեպքով երեկ սկսվել է մեղավորներ նշանակելու մի շքերթ, որում իշխանության ներկայացուցիչները հիմնականում ընդդիմադիր դաշտի մարդկանց են մեղադրում:

«Երեկ ու նախորդ բոլոր օրերին բոլորը տեսել են, թե ինչ է կատարվել: Եղել է խաղաղ հավաք Ֆրանսիայի հրապարակում, կառավարության շենքի մոտ և Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում: Եվ եթե ձեզ թվում է, թե ոստիկանությունը չէր ցանկանա ավելի շուտ հատուկ միջող կիրառել, ուրեմն դուք չարաչար սխալվում եք: Ուղղակի կարելի է ասել՝ երեկ իշխանության  նյարդերն այնպիսին էին, որ գիտակցում են, որ իրենց քաղաքականության Արցախի, Հայաստանի վերաբերյալ, այլևս չեն կարողանում խաբել: Անգամ կարողություն չունեցան գալ ԱԺ և այդ հայտարարության տակ ստորագրել, դրա համար հատուկ միջոց կիրառվեց ժողովրդի դեմ:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ հարյուրավոր քաղաքացիներ են մարմնական վնասվածքներ ստացել: Սակայն բոլորը չէ, որ դիմել են հիվանդանոցներ, որովհետև մեր գաղափարակից քաղաքացիներից շատերն այսպիսինն են: Ասեմ, որ պատգամավորներ ևս վնասվածքներ ստացել են: Սալջարդեր, կողոսկրերի վնասվածքներ ունեն, բայց հիվանդանոց չեն դիմել: Ես այդ վարքագիծը համարում եմ, որ ճիշտ չէ»,- ասաց Արամ Վարդևանյանը ու մի քանի մանրամասներ պատմեց, թե երեկ  ինչ է տեղի ունեցել:

«Ոստիկանական խմբեր՝ յոթ-ութ ոստիկաններով, շրջապատում էին մեկ, երկու քաղաքացիների և բառացիորեն ծեծում էին: Պատկերացնո՞ւմ եք՝ կնոջ են ծեծել յոթ-ութ հոգով, գլխին են հարվածել ու գցել գետնին: Կողքից դա տեսնողը ի՞նչ էր անելու: Մինչդեռ, խոսում են, որ ոստիկանները մարմնական վնասվածք են ստացել»,- ասաց բանախոսը և նշեց, որ թեև ինքը, իր ընկերները, մեր քաղաքացիների ստվար զանգվածը դեմ է բռնությանը, սակայն կարող է իրավական բազմաթիվ ինստիտուտներ նշել՝ անհրաժեշտ պաշտպանությունից մինչև աֆեկտի վիճակ, որում մարդը կարող է հայտնվել:

«Ոստիկանը զուտ համազգեստը չէ: Ոստիկանը իր գործողություններն են ոստիկանության մասին օրենքով, ոստիկանությունում ծառայության մասին իրավական ակտերով»,- ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930