Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային գիտակները քննարկեցին «Փյունիկի» հաղթարշավը Հայաստանի առաջնությունում 

Հունիս 04,2022 14:35

Այս տարի բավականին հետաքրքիր եւ մրցունակային ստացվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը` «Փյունիկը», որը նկատելիորեն հետ էր մնում «Արարատ Արմենիա» ակումբից, եկավ հասավ եւ նույնիսկ առաջ անցավ նրանից` դառնալով 2021-2022 թ. Պրեմիեր լիգայի հաղթող։

Այսպես սկսեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության արդյունքներին նվիրված քննարկումը Ֆուտբոլային գիտակների ակումբի հիմնադիր, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Քննարկումը անցավ «Առագաստ» սրճարանում, որին բացի գիտակներից մասնակցում էին նաեւ այս տարվա չեմպիոն` «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, որը աջակցեց այս հանդիպման անցկացմանը, եւ թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Ըստ Սողոմոնյանի, Հայաստանի առաջնությունը ամեն տարի ուժեղանում, աճում է եւ «Փյունիկը», որպես ակումբ, ըստ այդմ նույնպես որակապես փոխվեց եւ բարելավվեց իր խաղը։ Նրա խոսքերով, այս տարի առաջնությունում թույլ ակումբ չկար եւ բոլոր թիմերը, սկսած ԲԿՄԱ–ից, անզիջում պայքար էին մղում դաշտում եւ մինչեւ վերջ պարզ չէր, ով կդառնա չեմպիոն։ Նրա կարծիքով, հայկական առաջնությունը տարեցտարի պրոֆեսիոնալ է դառնում եւ պահանջում է ակումբներից ավելի արհեստավարժ մոտեցում։ «Այդ առումով մենք ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, քանի որ ունենք լավ մարզչական շտաբ եւ չնայած ամառային սելեկցիան չհասցրեցինք լավ անցկացնել, սակայն ձմեռը մեր սխալները ուղղեցինք, առաջնության երկրորդ կեսին հավաքելով ուժեղ թիմ», – նշեց «Փյունիկի» նախագահը։ Նա ընդգծեց, որ ամեն մի խաղ թիմը համարում էր վճռորոշ`յուրօրինակ եզրափակիչ ։

Սողոմոնյանի խոսքերով, այս տարի առաջնության մրցավարությունը  լավ մակարդակի վրա էր եւ ակումբը մրցավարների նկատմամբ ոչ մի լուրջ բողոք չունի, ինչպես դա կար 2019 թվականին։ Ի դեպ, այս տարին  «Փյունիկի» համար նշանավորվեց երեք կարեւոր իրադարձություններով` ակումբը դարձավ 30 տարեկան, արդեն 5 տարի է, ինչ այն ձեռք է բերել Սողոմոնյանը, եւ թիմը 15–րդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։  Ըստ նրա, այս տարի տեղի ունեցավ ակումբի կառուցման աշխատանքները, իրականացվում էր նաև խաղացողների եւ մարզիչների շտաբի ձեւավորում։

«2022–ը բարդ տարի էր Ռուսաստանում, սակայն մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ֆուտբոլիստները եւ մարզչական շտաբը չզգան որեւէ դժվարություններ։ Եվ ֆուտբոլիստները ու մարզիչները ի պատասխան մեր այդ քայլերի իրենց վերաբերմունքը ցույց տվեցին որակյալ եւ պրոֆեսիոնալ խաղով», – ասեց նա։ Ակումբի ամեն մի անդամ հաղթանակի իր լուման ունեցավ, նույնիսկ հավաքարարը, որը ի նշան հաջողության ամեն անգամ, երբ թիմը մեկնում էր խաղի, շարժվող ավտոբուսի հետեւից դույլով ջուր էր շփում, կատակեց Սողոմոնյանը։  Նրա խոսքերով, իհարկե չեմպիոնությունը կարեւոր փուլ է, բայց գլխավոր նպատակը նկատելի հաջողության հասնել եվրագավաթներում, որ ամբողջ ազգի համար ուրախանալու առիթ լինի։

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքով,առաջնությունում հաջողության հասնել ստացվեց ոչ միայն մարզչական մտահղացումների շնորհիվ։

«Ես վերլուծել եմ ուղղությունները, թե ինչի շնորհիվ մեզ հաջողվեց դառնալ չեմպիոն եւ չգտա այն` մենք աշխատել ենք տարբեր ուղղություններով։ Դառնալ չեմպիոն` դա մաքսիմալ նպատակ է եւ ամեն թիմը չունի այդ ներուժը։ Մեր համար կարեւորը դա հավատք է եղել, ընդհանրապես ամեն տեղ` սպորտում, պատերազմում պետք է հավատալ։ Մենք շատ վատ սկսեցինք, բայց հետո սկսեցինք ճիշտ աշխատել թիմի հետ», – նշեց նա։

Ըստ նրա, թիմը հաշվարկել էր, որ այս տարվա գարնանային բոլոր 14  խաղերում հաղթելու դեպքում, կարող է դառնալ չեմպիոն, ինչը եւ հաջողվեց։  Նա նշեց, որ ամեն անգամ հանդերձարանում ասում էր ֆուտբոլիստներին, որ «Արարատ Արմենիա» թիմն ել է շատ ուժեղ եւ ով դիմանա հոգեբանական ճնշմանը եւ չպարտվի վերջին խաղերում, նա էլ կհաղթի առաջնությունում, ինչը եւ ստացվեց «Փյունիկի» մոտ։

Մելիքյանի խոսքերով, թիմի հաջող ելույթների գրավականը նաեւ կայուն ֆինանսավորումն էր, որը իրականացնում էր ակումբի նախագահը, «երբեք խաղացողների կամ մարզիչների աշխատավարձը չի ուշացել»։ Գլխավոր մարզիչը նշեց, որ Սողոմոնյանը միշտ ոգեւորում էր թիմի եւ մշտապես կանգնած էր նրա կողքին, ինչը եւ բերեց վերջնական հաղթանակի։ Որպես հաղթանակի կարեւոր գործոն Մելիքյանը նշեց նաեւ «Փյունիկի» մարզչական շտաբի ճկուն ռազմավարությունը խաղի ժամանակ, որը կարող էր ցանկացած պահին փոփոխվել` իրավիճակից ելնելով։

Անվանի ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Արթուր Սողոմոնյանի նման ֆուտբոլի նվիրյալ եկել է հայկական ֆուտբոլ եւ չնայած իրավիճակը Ռուսաստանում փոխվել է (նրա հիմնական բիզնեսը գտնվում է Ռուսաստանում ), նա մինչեւ վերջին պահը կանգնեց «Փյունիկի» մեջքին եւ հասցրել է թիմին իր նպատակին։  Նրա խոսքերով, «Փյունիկի» վարկանիշը կերեւա եվրագավաթների հանդիպումների ժամանակ, քանի որ հայկական ֆուտբոլի մակարդակը մենք պետք է գնահատենք հավաքականի եւ եվրագավաթներում հանդես եկող ակումբների ելույթներով։ Սակայն, ըստ նրա, կա լուրջ խնդիր հայկական ֆուտբոլում` առաջնությունը ֆուտբոլիստների համար վերածվել յուրահատուկ ցատկահարթակի։ Աֆրիկայից եւ այլ մայրցամաքներից գալիս են մեր թիմերում խաղալու եւ, ունենալով ինչ–որ հաջողություն, մտածում են ուրիշ այլ արտասահմանյան թիմ տեղափոխվելու մասին եւ հայկական ակումբներ ի վիճակի չեն իրենց մոտ պահել նրանց։ «Փաստորեն «Փյունիկն» էլ կանգնել է այդ իրավիճակի առջեւ եւ, ինչքան գիտեմ, ֆուտբոլային գործակալներն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը էժան շուկա է, լավագույն ֆուտբոլիստներին փախցնում տանում են», – նշեց ֆուտբոլային գիտակը։

Այդ կապակցությամբ Սողոմոնյանը հաստատեց, որ թիմի հաջող ելույթների արդյունքում «Փյունիկի» որոշ ֆուտբոլիստներ հայտնվել են սելեկցիոներների ուշադրության կենտրոնում, մասնավորապես, արդեն հայտնի է, որ ակումբի լավագույն հարձակվող Կոտ դ՜իվուարցի Սերժ Դեբլեն կլքի թիմը` տեղափոխվելով այլ ակումբ։ Սակայն այլ ֆուտբոլիստների հետ, որոնց պայմանագրերը ավարտվել են, տարվում է աշխատանք, առաջարկվում է ավելի նպաստավոր պայմաններ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ ներկայումս գնում է նաեւ բանակցություններ նոր խաղացողների հետ, որպեսզի «Փյունիկը» համալրվի եվրագավաթներում հաջող ելույթներ ունենալու համար։

Հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը նշեց, որ «Փյունիկի» հաղթանակը տեղի է ունեցել կազմակերպչական եւ մասնագիտական համատեղ ջանքերի շնորհիվ։ Նրա խոսքերով «Փյունիկը» առաջնության  մեկնարկում բավականին հետ էր մնացել եւ գտնվում էր հետնապահների խմբում, եւ ոչ մեկ չէր պատկերացնում, որ ակումբը կարող է պայքարել չեմպիոնության համար։ Մեկնաբանի կարծիքով, մրցաշրջանի կեսից ակումբի լավ սելեկցիան բերեց նրան, որ թիմը համախմբվեց մարզչի շուրջը եւ հասավ այս արդյունքի։ Ըստ նրա, առաջնությունը անցավ բավականին հետաքրքիր եւ լարված պայքարում, գրեթե չկային թույլ եւ ուժեղ մրցակիցներ` հետնապահները հավասար պայքարում էին առաջատարների դեմ։ Դա նշանակում է, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստների մոտ պիտի աճ առաջանա։

Միեւնույն ժամանակ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ առաջնությունից դուրս մնացին այդպիսի թիմեր, ինչպիսիք են «Սևանը», Գյումրիի «Շիրակը»։ Պետք է ներկայացված լինի նաեւ Վանաձորը։  Ընդհանրապես խոշոր քաղաքները պետք է թիմ ունենան առաջնությունում, այլ կերպ հնարավոր չի, որ ֆուտբոլը զարգանա Հայաստանում։ Նա գտնում է, որ Հայաստանում անհրաժեշտ է ունենալ ուժեղ առաջին խումբ, որպեսզի այնտեղ խաղան տեղացի ֆուտբոլիստները, քանի որ բարձրագույն խմբում գոյություն ունեցող լիմիտը եւ լեգիոներների մեծ քանակը թույլ չեն տալիս տեղացիներին խաղալ թիմերում։ Այդ դեպքում Պրեմիեր լիգայի ակումբները կսկսեն փնտրել լավ հայ ֆուտբոլիստներ Առաջին խմբում, այլ ոչ թե այլ երկրներից կբերեն արտասահմանցիներ այստեղ խաղալու համար։

«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ այս առաջնությունը նրանով առանձնացավ, որ այն տեղի ունեցավ անմիջապես պատերազմից հետո, ինչը թույլ տվեց ժողովրդին մի քիչ ուրախանալ ֆուտբոլով։ Մանավանդ, երբ Հայաստանի հավաքականն է լավ խաղում, ժողովուրդը սկսում է հետաքրքրվել ֆուտբոլով, ավելացրեց նա։ «Եթե հիմա դուրս գանք փողոց, շատերը կպատասխանեն, ով է մեր առաջնության չեմպիոնը, ով է երկրորդ տեղում, նախկինում այդպիսի բան չկար, քանի որ մրցաշարը ստացվեց մրցակցային եւ հետաքրքիր», – նշեց մասնագետը։

Հայտնի հեռուստահաղորդավար Գոռ Գրիգորյանը(Եգոր Գլումովը) խոստովանեց, որ այս տարվա առաջնության խաղերը նա սկսել է դիտել հեռուստացույցով, քանի որ նրանք հետաքրքիր էին, մի քանի անգամ էլ այցելել է մարզադաշտ հայկական թիմերին երկրպագելու համար, տեսնելով, որ մեր երկրում ֆուտբոլային մթնոլորտը փոխվում է։ Իսկ դրան աջակցում են «Փյունիկի» նման թիմերը։ Ըստ նրա, ճիշտ աշխատանք են կատարում նաեւ ակումբները կայքերում, Ֆեյսբուքում, Ինստագրամում, բոլոր այն սոցիալական ցանցերում, որոնք օգտագործում են հայտնի եվրոպական ակումբները։ Խոսելով «Փյունիկի» մասին, նա նշեց, որ ակումբը ամեն խաղում դուրս էր գալիս պայքարելու եւ նույնիսկ 8 միավորի հետ մնալը առաջատարից չընկճեց նրան եւ նա հասավ իր նպատակին դառնալով չեմպիոն։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ եվրագավաթներում էլ թիմը կհասնի  հաջողությունների, քանի որ «այն միասնական ընտանիք է»։ «Կարեւոր է, որ նախագահն եւ գլխավոր մարզիչը նույն լեզվով են խոսում, նախագահը չի խանգարում մարզիչին, իսկ մարզիչն էլ գիտի, որ ունի ամուր թիկունք», – նշեց Գրիգորյանը։

Հեռուստամեկնաբան Մենուա Մեհրաբյանը, նշեց, որ մեծ հաշվով նա չեր կանխատեսում, որ «Փյունիկը» զիջելով այդքան միավորներ «Արարատ Արմենիային» կարող է դառնալ չեմպիոն, ինչի արդյունքն է թիմի նախագահի կողմից մարզչի ճիշտ ընտրությունը։ «Իմ ցանկությունը մեկն է, որպեսզի հայկական ակումբները հաջող ելույթ ունենան եվրոպական մրցասպարեզում։ Եթե «Ալաշկերտին» հաջողվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հայտնվել, ապա ինչու՞ նույնը չի կարող անել «Փյունիկը», – նշեց նա։ Վերջապես ժամանակն է, որպեսզի հայկական ակումբները հանդես գան նաեւ չեմպիոնների լիգայի խմբային փուլում, չէ որ դա հաջողվեց, օրինակ,Պրիդնեստրովիայի «Շերիֆին։ Իսկ ինչո՞վ են պակաս հայկական թիմերը, եզրափակեց իր ելույթը գիտակը։

Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930