Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը չունի որևէ արդարացում». ՔՊ-ականները պաշտպանել են ոստիկանության գործողությունները

Հունիս 04,2022 12:25

ՔՊ-ական պատգամավորներն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են  խաղաղ ցույցի ժամանակ ցուցարարների հանդեպ իրականացված բռնություններին ու ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանը, որ պատճառով բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկաններ բեկորային վնասվածքներ են ստացել:

Օրինակ, Արուսյակ Ջուլհակյանը գրել է. «Բռնություն: Տեռոր: Խուլիգանություն: Սա է երբեմնի գողապետության «գաղափարախոսների» և նրանց մանկլավիկների ներքաղաքական հարցեր լուծելու միակ մեթոդը: Սրանց միակ ցանկությունը վերադարձն է դեպի խուժանապետություն, որտեղ կարող են լինել բացառիկ ներդաշնակ իրենց սահմանափակ աշխարհայացքի հետ:

Այն, ինչ այսօր տեսանք, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում դժվար է խաղաղ հավաք անվանելը: Ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունը չունի որևէ արդարացում: Այս մեղմ ասած ոչ խաղաղ հավաքի կազմակերպիչները, Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, պետք է ենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Բռնությունը Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական կյանքում տեղ չունի և պետք է արժանանա ամենակոշտ հակազդեցության»:

 

Գեւորգ Պապոյանն ագրեսիվ զանգված է համարել ցուցարարներին, որոնք, նրա ձեւակերպմամբ, հատել են կարմիր գծերը եւ իբր բախում հրահրել ոստիկանների հետ. «Իրեն ընդդիմադիր հռչակած ագրեսիվ զանգվածը այսօր իրապես անցավ բոլոր կարմիր գծերը՝ ոստիկանների վրա քարեր ու այլ ծանր առարկաներ նետելով, որի հետևանքով, ըստ տարածվող տեղեկությունների, նվազագույնը 20-ից ավել ոստիկան ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իշխանատենչությամբ տարված, սակայն ժողովրդի կողմից համատարած արհամարհանքի արժանացած խմբակը, տեսնելով, որ իրենց ստերին մարդիկ չեն հավատում, և արագ տեմպերով մինչև «քոքը մաշվում» են, այսօր անցավ զանգվածային անկարգությունների կազմակերպման՝ բռնություն կիրառելով ոստիկանների նկատմամբ։ Այս ամենի պատասխանատուն այդ հավաքների կազմակերպիչներն են»։

Բաբկեն Թունյան

 

Բաբկեն Թունյանը հեգնել է  ընդդիմադիրներին, ցույցերին մասնակցողներին որակելով մի քանի հոգի: «Ճիշտ չի՞ լինի համաձայնել ժողովրդի հետ ու շարունակել քաղաքը պարալիզացնելու գործը՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության»,-գրել է նա:

Արսեն Թորոսյանը խուլիգանակրատիա է անվանել ընդդիմության գործողությունները: «Խուլիգանակրատիա…

Ահա, թե ինչ են ուզում Երևանի կենտրոնի երթևեկությունը վերջին ամսում խաթարած գործիչներն ու նրանց հետևորդները։ Բարեբախտաբար ոչ մի ողջամիտ և ազնիվ մարդ չի կարող ցանկանալ տարատեսակ խուլիգանների, քարերով իրենց թուլությունն ու անկարողությունը ի ցույց դնող չկայացած գործիչների, տեսնել իշխանության մեջ։

Տեռորիզմը երբեք չի լինելու իշխանության ձևավորման և քաղաքականության իրագործման գործիք, ինչքան էլ որ այն հարազատ լինի գործող ընդդիմության համար»,-գրել է նա։

Դավիթ Դանիելյանը եւս գրառում է կատարել: «Աշխատանքային այցով գտնվում եմ Ղազախստանում և միայն հիմա ծանոթացա Հայաստանի այսօրվա իրադարձություններին:

Երբ սկսվեցին բողոքի ակցիաները, գրեցի մի հրապարակում (13 մայիսի Ֆեյսբուք սոց.կայք), այն մասին, թե ինչ է մնալու փրկիչների ձախողումից հետո: Այսօրը նկարագրածս իրադարձությունների մասին էր:

Երբ չհաջողեցին, սկսեցին հրահրել բախումներ, որ ասեն «դե գիտեք բախումներ եղան, մենք էլ մեծահոգաբար արյունահեղությունից խուսափելու համար գնում ենք ԱԺ աշխատելու»: Եվ դա, լինենք ազնիվ, գեղեցիկ ձևով փողոցից հեռանալու կամ ԱԺ վերադառնալու լավագույն տարբերակն է: Հու՜մ-հու՜մ-հումանիզմ: Փրկիչները կանխեցին բախումներ, հո չեն ասելու գնում ենք ԱԺ աշխատավարձ , արձակուրդային ու պարգևավճար ստանալու:

Իսկ ժողովրդին կմնա բանտերում կաշառքի գործարքի մեջ ներքաշված գաղափարական երիտասարդներ, ծերերին ծեծած մոլորյալներ, հիասթափված ծերեր, աշխատանքը թերի կատարած կամ չկատարած դասախոսներ, 1 աշակերտով սահմանամերձ դպրոցներ, փլատակ գործարաններ, ներքին թշնամանք և այլն….

Հ.Գ. Շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,-գրել է նա:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930