Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, սակայն իրականում դա այլ ենթատեքստ ունի. «Փաստ»

Հունիս 04,2022 11:30

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շուրջ գործընթացներին, նաև ՀՀ-ից հնչող մի շարք հայտարարությունների: Մասնավորապես, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել՝ ընդգծելով, որ 2021-ի բյուջեի 73 տոկոսը ՀՀ կառավարությունն է վճարել, Արցախի բնակչության կոմունալ վճարները՝ ևս:

«Կես ճշմարտությունն ասելը նույնպես սուտ է. այո, Արցախը երբևիցե ՀՀ-ից բյուջեի մասով այսքան գումար չի ստացել, սակայն Արցախը ՀՀ որևիցե այլ իշխանության օրոք այսքան չի ավերվել, այսքան կորուստներ, զոհեր չի ունեցել, որքան Նիկոլ Փաշինյանի ժամանակ: Լավ կլիներ՝ ճշմարտությունն ամբողջությամբ ասեր: Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր վճարել են ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, կապի ծառայությունները, կարծում եմ, դրանով Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե Արցախը շատ է սիրում, պետական մակարդակով հոգատարություն է դրսևորում, սակայն իրականում դա այլ ենթատեքստ ունի: Սա արցախցիների նկատմամբ հայաստանյան հատվածում ապրող մեր հայրենակիցների մեջ թշնամանք սերմանելու ևս մեկ փորձ է: Այսինքն, հարցը ներկայացվում է այն քողի տակ, թե «Հայաստանում դուք վատ եք ապրում, որովհետև մենք Արցախին աննախադեպ օգնություն ենք տրամադրում», և մեր ժողովրդի մեջ կա մի որոշակի հատված, որը հենց այդպես էլ ընկալում է: Սա «արդյոք մեզ պե՞տք էր գորշ և ավիրված Շուշին» խոսքի տրամաբանության մեջ է, այս անգամ՝ «արդյոք մեզ պե՞տք է աննախադեպ գումարներ վերցնող ու ծախսող Արցախ» ենթատեքստով»:

Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ գումարներն իրականում Փաշինյանի գրպանից չեն, նախատեսված են կառավարության բյուջեով. «Միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ Հայաստանում ապրող մեր հայ ժողովուրդը չի տրվելու Նիկոլ Փաշինյանի այս էժանագին մանիպուլյացիաներին, և այս վարքագիծը հակառակ ազդեցությունն է ունենալու՝ ավելացնելով Փաշինյանի նկատմամբ անհանդուրժողականության հերթական չափաբաժինը: Այն, որ այսօր Փաշինյանը չի խոսում այն աղետների մասին, որոնք իր վարած ոչ հայանպաստ քաղաքականության պատճառով հասցվեցին Արցախին, հասկանալի է. չեմ կարծում, թե ինքնաքննադատական մակարդակն այդքան բարձր է, և այս առումով բնական է, որ վնասների մասին չէր խոսելու:

Փոխարենը նման «փոքր հաջողությունների մասին» պետք է խոսեր: Իհարկե, յուրաքանչյուրն իր արշինով է չափում երևույթները: Բայց կարծում եմ՝ Փաշինյանը շատ լավ պետք է գիտակցի, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ պատրաստ է իր սեփական բարեկեցությունը զոհել հանուն Արցախի, հանուն իր հայրենիքի պաշտպանության և հայկական մնալու: Դեռևս 1990-ականների սկզբին մենք մեկ անգամ արդեն ցույց ենք տվել, որ պատրաստ ենք ապրել սոցիալապես վատ վիճակում, որպեսզի պայքարենք թշնամու դեմ, պայքարենք, որ Արցախը հայկական մնա: Այսօր նույնպես Արցախում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր այդ բարեկեցությունը զոհել հանուն Արցախի հայկական մնալու: Դեռևս ձմռան վերջին – գարնան սկզբին, երբ Արցախում հումանիտար աղետ էր՝ գազ չկար, երբեմն նաև լույսի խափանումներ էին լինում, այդ ամենը որևիցե կերպ չազդեց արցախցու հաստատակամության վրա»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930