«Ազգ»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը
-Տիկին Հովսեփյան, տեւական ժամանակ է՝ Արցախ եք տեղափոխվել, այնտեղ եք աշխատում, խնդրում եմ՝ փոխանցեք՝ ինչ տրամադրություն է արցախցիների մոտ, մանավանդ բրյուսելյան հանդիպումներից հետո՝ կապված Զանգեզուրի միջանցքի, Արցախի ինքնավարության կամ կարգավիճակի հարցի հետ։ Ի՞նչ են մտածում արցախցիները, ու ինչպե՞ս են ապրում։
-Արցախցիները հստակ մտածողության կրող են, այն է՝ չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ բավական համառ են տրամադրված։ Իսկ իրենց կարծիքը հաշվի չառնելն ու իրենց փոխարեն որոշելն անընդունելի է, անգամ քննարկման ենթակա չէ։ Շատ հստակ ու համառ կերպով իրենք իրենց վերաբերմունքը պարբերաբար արտահայտում են, այդ վերաբերմունքը արտահայտեց նաեւ Ազգային ժողովը, որ ընտրված մարմին է եւ հասարակության ու հանրության տրամադրությունն ու միտքն է արտացոլում, եւ բնական է, որ իրեն հարգող յուրաքանչյուր հայի համար դա անընդունելի պետք է լինի։ Այսինքն՝ բանավոր պայմանավորվածությունների հետեւանքով մենք մաս-մաս կորցնում ենք թե՛ Հայաստանի սուվերեն տարածքից, թե՛ Արցախի։ Եվ այժմ Արցախից ձերբազատվում են վերջնականապես՝ դուրս բերելով կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի եւ մի շարք այլ հարցեր։ Ընդ որում՝ ողջ արցախահայությանը դատապարտում են հնարավոր եւ սպասելի եղեռնի՝ գենոցիդի։ Մենք տեսել ենք, թե 1915 թ. ինչպես են նոր թուրքերը վարվել իրենց հավատացող, իրենց ընդունող հայերի հետ։
-Տեղի իշխանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ նահանջողական դիրքորոշումը Հայաստանի կողմից անընդունելի է. կարծես կաշկանդվածություն ունեին՝ ասելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք Արցախի իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք կաշկանդվածություն, որ ՀՀ իշխանություններին ավելի կոշտ գնահատականներ տան կամ պահանջներ դնեն։
Կարդացեք նաև
-Միանշանակ՝ չի կարող չլինել կաշկանդվածություն, որովհետեւ այսօր Արցախն ու արցախահայությունը մեծ հաշվով սոցիալական մի շարք առումներով կախված են Հայաստանից։ Եվ մենք չունենք առողջ ու գիտակից իշխանություն կամ ղեկավարներ, որ կհասկանան իրենց քայլերի անընդունելիությունը, դրանք չեն դարձնի պատիժ արցախահայության հանդեպ, եւ առաջնահերթություն կտան Արցախում ապրող մարդկանց մի շարք հարցերի լուծմանը։ Բնական է, որ կլինի այդ կաշկանդվածությունը։ Այսինքն՝ իրենք փորձում են սոցիալական հենքի վրա սեղմել օղակը եւ կաշկանդել, բայց որքան էլ ցանկություն ունենան, ինչպես տեսանք գազի անջատման դեպքում, մարդիկ հստակ դիրքորոշում ցուցաբերեցին՝ նշելով, որ կարող են առհասարակ չմիացնել այն, միեւնույնն է՝ իրենց չեն կարող հանել Արցախից։
-Երեւանում «Դիմադրության շարժման» ականատեսն ենք։ Ձեզ չենք տեսնում հարթակում։
-Հարթակում չեմ եղել ու չեմ լինելու։ Ես իմ դիրքորոշումը հստակ հայտնել եմ, այն է՝ որեւէ մեկս չպիտի լինենք հարթակում։ Ի տարբերություն ներկա եւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների՝ ես սովոր չեմ ասելու մի բան եւ անելու հակառակը։ Լինում եմ քաղաքացիների կողքին, մասնակցում եմ երթին՝ զուտ որպես քաղաքացի, որպես մարդ, որ ունի իր դիրքորոշումը։ Կարծում եմ՝ հարթակը պետք է բաց լինի, եւ պիտի փորձենք օգնել այն մարդուն, որը կստեղծի ժամանակավոր կառավարություն։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում