Արցախյան առաջին պատերազմի տարիներից սկսած ՀՀ-ն մշտապես եղել է Արցախի կողքին, ՀՀ բյուջեից մշտապես գումար է հատկացվել ԱՀ-ին՝ խնդիրները լուծելու համար: Այս առումով կարևոր է եղել անվտանգային բաղադրիչը, որովհետև ֆինանսավորելով ԱՀ-ին՝ մենք լուծում էինք նաև ՀՀ անվտանգության խնդիրները:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք այս անգամ ԱՀ 2021թ. բյուջեն «աննախադեպ» որակելուն. Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել:
«Արցախի 260 կիլոմետրը՝ սահմանային հատվածը, որը կար նախկինում, ներկայումս փոխարինվեց 410 կմ-ով: Նախկինում, ծածկելով ընդամենը 260 կմ, կարողանում էինք անվտանգ պահել Սյունիքը, Վայոց ձորը, Սևանը: Հիմա, փաստորեն, մի քանի անգամ ավելի շատ ծախս ենք կատարում՝ մեր բնակչության անվտանգության խնդիրը լուծելու համար: Արցախին նախկինում տրվող գումարներն ամբողջովին արդարացված էին, քանի որ դրանով լուծվում էր նաև ՀՀ առանձին շրջանների անվտանգության հարցը: Հարկ է նշել, որ մինչև 2020 թվականը Արցախը շարունակական տնտեսական աճ է գրանցել, տարեցտարի ավելացել է ԱՀ պետական բյուջեի եկամտային մասը: ԱՀ-ն գնալով նվազեցրել է իր կախվածությունը ՀՀ-ից ու գնալով դառնում էր ինքնաբավ: Ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմը մեծ հարված հասցրեց մեր երկրորդ հանրապետությանը, և նրա տարածքների տնտեսական, արտադրական ներուժի մոտ 75 տոկոսի կորուստն իր ազդեցությունն էր թողնելու նաև պետական բյուջեի վրա: Եվ երբ փորձ է արվում համեմատել ներկայում և նախկինում Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունները, պետք է համեմատել նաև կարողությունները»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ Արցախը չունի նախկին հնարավորությունները:
«Վատ կառավարման, պատերազմում պարտության հետևանքով մենք կորցրել ենք այդ կարողություններն ու հնարավորությունները: Արցախը ՀՀ-ի համար նաև կարևոր տնտեսական երաշխիք էր: Եթե, օրինակ՝ Արցախի ՀԷԿ-երը չկորցնեինք, ապա մեզ համար էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 0,3 դրամով ավելի էժան կլիներ: Բացի այդ, ԱՀ ազատագրված տարածքների հողերի կորուստը մեծ ազդեցություն է թողել ոչ միայն Արցախի գյուղատնտեսության, այլև մեզ վրա:
Կարդացեք նաև
Այնտեղից էժան խոտ էինք բերում, իսկ այս ձմռանը խոտի գինը հասել էր 2500-2700 դրամի: Սա էր նաև պատճառը, որ անասնապահությունը մեծ կորուստներ էր ունենում՝ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա առաջին եռամսյակում անասնապահությունը 3,1 տոկոս անկում է գրանցել: Մեծ հաշվով, Արցախին ուղղված գումարները նախկինում կրկնակի, եռակի անգամ մեզ օգուտ էին բերում նաև տնտեսական առումով, մինչդեռ հիմա մենք զրկվել ենք Արցախի գրեթե բոլոր հիմնական արտադրական հնարավորություններից, տնտեսական ներուժից, ու այս իրավիճակում գլուխ են գովում Արցախին ավելի շատ օգնություն տալու մասին: Մենք անհամեմատելի իրավիճակներում ենք: Ցավոք, գործող իշխանությունների անհեռատես քաղաքականության հետևանքով ենք մենք հայտնվել նման իրավիճակում, այսինքն, երբ Արցախը ստիպված է անընդհատ մեծ գումարներ ստանալ ՀՀ-ից»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև, որ այդ գումարների հասցեականությունը և արդյունավետությունը բավականին խնդրահարույց է:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում