Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հատուկ միջոցը կարող էր կիրառվել բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով». Արսեն Բաբայան

Հունիս 04,2022 10:05

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը թելեգրամում գրառումներ է կատարել ոստիկանության գործողություների եւ կիրառած հատուկ միջոցների վերաբերյալ: Նա նաեւ լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել, որոնք հավաստում են իր ասածները:

Արսեն Բաբայանը նշել է, որ ոստիկանության ծառայողների վնասվածքների մեծամասնությունը, ըստ ստացած նախնական տվյալների, բեկորային է. «Ծառայողները վնասվածքներ են ստացել հենց իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից: Բեկորային վնասվածքներ են ստացել նաև բազմաթիվ քաղաքացիներ: Ուշադրություն դարձրեք, թե հատուկ միջոցները ոստիկանությունն ինչպես է կիրառում: Դեմիրճյան փողոցից կրակում են կուրորեն դեպի այն հատվածը, որտեղ միաժամանակ հավաքված են բողոքող քաղաքացիները և ոստիկանները: Կրակելու պահին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են, ինչն էլ նշանակում է, որ ոստիկանության կրակահերթից կտուժեն թե՛ ոստիկանները, թե՛ քաղաքացիները: Ահա պատճառներից մեկը, թե ինչի են բազմաթիվ ոստիկաններ ստացել վնասվածքներ»,-գրել է նա:

Արսեն Բաբայանի խոսքով. «Իշխանությունը փորձում է ոստիկանների վնասվածքները վերագրել ցուցարարներին, մինչդեռ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ երկու կողմերի վնասվածքները հենց ոստիկանության կողմից է պատճառվում»: Ըստ նրա ունեցած տեղեկությունների. «Ոստիկանության կողմից հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձնակազմից։ Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017 թ․-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է»։

Արսեն Բաբայանն ընդգծել է. «Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր:

Ըստ մասնագետների վկայությունների, քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվածքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է: Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը»:

 

Արսեն Բաբայանը նաեւ նշել է. «Դատախազության հսկողությամբ հակակոռուպցիոն կոմիտեն պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին:

Տեսանյութը հաստատում է, որ Դեմիրճյան փողոցից կուրորեն կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա, որից էլ ծանր վնասվածքներ են ստացել ոստիկանության ծառայողները: Այսպիսով, անհրաժեշտ եմ համարում՝

1) Մինչև առավոտյան ժամը 10:00-ը հանրությանը տեսանելի և վստահելի եղանակով անկախ փորձագետներին տրամադրել այսօր կրակված արկերի պարկուճները, որպեսզի հնարավոր լինի ստուգել դրանց պիտանելիության ժամկետը: Դրանից ուշ ներկայացնելը կառաջացնի կասկածներ, որ բերվել են այլ վայրից և կապ չունեն իրականում կրակվածների հետ:

2) Հանրության համար վստահելի եղանակով ներկայացնել արկերը կրակելու ոստիկանապետի հրամանը: Այդ հրամանը զորքերին հասցնելու եղանակը: Ըստ հավաստի տեղեկությունների մինչ այս պահը այդպիսի հրաման ոստիկանության զորքերում չի ստացվել:

Քրեադատավարական ընթացակարգով պարզել՝

1) Ինչու է ոստիկանության զորամասերում պահվում ժամկետանց զինամթերք (հատուկ միջոցներ), դրանք, օրենքի համաձայն, ժամկետն անցնելու պահից պետք է անհապաղ ոչնչացվեն:

2) Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ, որի կիրառումը թույլատրելի է բացառապես ոստիկանապետի գրավոր հրամանով:

3) Ստուգել ոստիկանության զորքերի բոլոր պահեստները և հայտնաբերել ժամկետանց ամբողջ զինամթերքն ու հատուկ միջոցները, որոնք պահվում են մինչև հիմա:

Արձանագրում եմ ոստիկանների համար: Նրանց բարձր սպայական կազմում ունեմ նաեւ ընկերներ, նրանց մեջ կան իսկապես հայրենասեր տղերք, որոնցից շատերը միամտաբար կարծում են, թե ծառայում են պետությանը եւ ոչ Նիկոլ մահաբերին:

Տղերք, կարդացեք հրապարակածս վերջին տվյալները, դիտեք թողարկածս տեսանյութերը և հասկացեք վերջապես, որ Նիկոլ մահաբերը ցանկացած առիթի դեպքում մեզ հետ միասին զոհաբերում է նաև ձեզ: Նա այսօր կրակեց նաև հենց ձեր վրա: Դուք որևէ արժեք չունեք նրա համար:

Վստահ եղեք, որ պատասխանատվության ժամը հենց հասնի նա հրաժարվելու է իր տված բոլոր հրամաններից եւ մեղքն ամբողջությամբ թողնելու ձեր ուսերին: Նա այդպես վարվեց նաև պատերազմում իր պարտության դեպքում»:

Արսեն Բաբայանը լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երեւում է, որ ոստիկանության զորքերի ծառայողը հավաքում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում պարզել դրա պիտանելիության ժամկետը:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930