«Ֆրանսիայի հրապարակը ծփում է մարդկանց բազմությունից: Դիմադրության շարժման հաղթանակը մոտ է: Փաշինյանի իշխանությանը հաշված օրեր են մնացել»: Եթե ես այդպես գրեմ, ապա դա, անշուշտ, կարժանանա ընդդիմության կողմնակիցների հավանությանը:
«Մի խումբ մերժված ռեւանշիստներ, հայկական պետության թշնամիներ դուրս են եկել փողոց, որպեսզի պաշտպանեն իրենց թալանածը»: Իրադարձությունների նման նկարագրությունը դուր կգա իշխանության երկրպագուներին: Միակ խնդիրն այստեղ այն է, որ երկու պնդումներն էլ սուտ են:
Ֆրանսիայի հրապարակն այս վերջին օրերին չի հավաքում տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք կարող են իրականացնել իշխանափոխություն: Ընդդիմադիր լիդերներն ու նրանց հետեւից գնացողները չեն ցանկանում ընդունել այդ փաստը: Մյուս կողմից՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմության ցույցերին մասնակցող մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն իսկապես Հայաստանի եւ Արցախի խնդիրներով մտահոգված մարդիկ են. նրանք չեն ցանկանում, որ Փաշինյանը մի փաստաթուղթ ստորագրի, որը կհանգեցնի Արցախի հայաթափմանը՝ իսկ Հայաստանի վարչապետին դեմ են տվել հենց այդպիսի՛ փաստաթուղթ:
Հայաստանի բարձրագույն իշխանությունները դրա մասին հոյակապ գիտեն, բայց արիություն չունեն ուղիղ հայտարարելու, եւ հասարակության ուշադրությունը զբաղեցնում են նախկինների թալանի եւ այլ հանցագործությունների պատմություններով: Դրանց մի մասը ճշմարիտ է, բայց թեմայի հետ կապ չունի: Սակայն իշխանության կողմնակիցների ուղեղը զբաղված է այդ պատմություններով: Անչափ ցավալի է, որ իշխանության երկրպագուներն արդարացնում են ոստիկանության գազանությունները:
Կարդացեք նաև
Հասարակության այս երկու հիմնական մասերն, այսպիսով, չեն ընդունում իրականությունը, միտումնավոր խուսափում են իրականությունից, իրենցից քշում են «վատ մտքերը», եւ այնքան ժամանակ, քանի դա այնպես է, ցանկալի ելքերի մասին խոսելն անիմաստ է: Այդ երկու մասերն այնքան են տարված միմյանցով, որ ուզում են լսել միայն իրար մասին եւ, իհարկե, միայն վատ բաներ. նրանց ուշադրությունը հնարավոր չէ լրջորեն սեւեռել որեւէ այլ խնդրի վրա: Եթե փոքր-ինչ պարզեցնենք, ապա կարելի է ասել, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ (որոնք որպես մարդ, բնականաբար, զբաղված են իրենց կենցաղային խնդիրներով) որպես քաղաքացի զբաղված են իրարով: «Արցախ», «թալան», «դավաճան», «մարդասպան» բառերը պարզապես խորհրդանիշեր են, որոնք օգտագործվում են միմյանց դեմ քարոզելու համար: Այդ թշնամանքն անպտուղ է, անիմաստ, ապակառուցողական:
Քաղաքական թիմերը, գնալով նվազագույն դիմադրության ճանապարհով, կատարում են հասարակության այդ երկու մասերի պատվերը՝ սրում են հռետորաբանությունն այդ խոսույթի շրջանակներում՝ իրենց ընտրազանգվածներին դուր գալու համար (տես՝ այս հոդվածի առաջին պարբերությունը): Պետք է գտնել այլընտրանքային խոսույթ, որն ուղղված կլինի խնդիրների լուծմանը, ոչ թե ընդդիմախոսներին մեղադրելուն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուրջ համակարգերը, օրինակ, ասենք բանակը, ունեն բրգային կառույց, որտեղ անփորձ ջահելությունը ներքեւում է’ շարքայիններն են, հետո տարիքի հետ կրթություն ու փորձ է ձեռք բերում, ինչպես նաեւ դաստիարակվում պատասխանատվության բարձր զգացողությամբ եւ բուրգի ‘էսկալատորներով’ բարձրանում վերեւ, ստանում բարձր պաշտոններ ու կոչումներ: Մեր հայ քաղհասարակությունը’ հայ ազգը նույնպես բրգային կառույց է, որի գագաթում’ վերնատանը մեր մեծերն են’ թումանյաններն ու կոմիտասները, ինչպես նաեւ հայ ազնվականության գիտնականներն ու ֆինանսիստներն են, գործարարներն են ու ուժային կառույցի ներկայացուցիչները: Վերնատունը այն էտալոնն է, որով կրթվում եւ դաստիարակվում են ազգի բոլոր խավերը, որին ազգը մեծագույն հարգանքով ու վստահությամբ է ընդունում: Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար, իսկ ավելի պարզ’ բոլորը բոլորի համար սկզբունքը ազնվականների հարաբերություններում շատ արդյունավետ է: Վերնատունը ծառայում է իրենից ցածր բոլոր խավերին, իրենից ցածր խավերը ծառայում են իրենցից ցածր բոլոր խավերին, բայց ոչ իրենցից բարձր խավերին: Մտածել է պետք: Մի բան պարզ է, ազգային ազնվականության ու էսկալատորներով բուրգի շնորհիվ է հնարավոր ազգի զարգացում եւ երջանկություն: