Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակը վերածվել է գյուղական տոնավաճառի

Հունիս 04,2022 14:00

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, հրապարակներում, Հյուսիսային պողոտայում, եւ քաղաքի այլ բանուկ մասերում, ենթադրելի է՝ սոցիալապես անապահով քաղաքացիներն ինչ-որ երաժշտություն են նվագում, գումար վաստակում։ Մի տեղ մեկը՝ ակորդեոնով անճաշակ ու ականջ սղոցող մի բան է նվագում, մյուսները՝ զուռնա-դհոլով «տաշ-տըմբլը»-են անում։ Հասկանալի է, մարդիկ օրվա հացի փող են աշխատում։ Բայց տեսարանը, մեղմ ասած, հաճելիներից չէ։

Այս առումով ամենասարսափելին Հանրապետության հրապարակն է. Երեւանի սիրտը համարվող Հանրապետության հրապարակը վերածվել է կույր աղիքի։ Հրապարակի մոտ կայանած են զբոսաշրջային տուրերի խայտաբղետ ու տգեղ պաստառներով ավտոմեքենաներ։ Այս մեքենաներից մեկում նույնիսկ նարգիլե է դրված, երեւի նարգիլեի սիրահարներին է ծառայություն մատուցում։ Շատրվանների հարակից տարածքը հաճախ հիշեցնում է գյուղական մի տոնավաճառ. քաղցր բամբակ ու ինչ-որ մանր-մունր իրեր եւ խաղալիքներ են վաճառում, մի քանիսն էլ «տաշ-տըմբլը» միացրած անհասկանալի է, թե ում են զվարճացնում։ Փողոցային այս երաժիշտների աղմուկը հեռվից էլ լսելի է։ Մի երկուսն էլ ձիուկով տուրեր են կազմակերպում հրապարակի տարածքում։


Խնդիրն առավել մտահոգիչ է զբոսաշրջային այս պիկ շրջանում։ Դեռ փետրվարի 28-ին Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցությունում մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի ուշադրությունը հրավիրեց փողոցային երաժիշտների գործունեության վրա. «…որ տենց տարբեր երաժշտություններ են Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակի մոտ «դըխկըլը-ցըխկըլը», չգիտեմ, ինչ-որ տարբեր բաներ…»։ Ապա քաղաքապետը հանձնարարեց հաջորդ գործակարգավարականում ներկայացնել առաջարկ, թե ինչպես է տարբեր երկրներում կարգավորվում փողոցային երաժշտությունը։

Մարտի 3-ի գործակարգավարականում առաջարկը ներկայացվեց, քաղաքապետը գոհ էր, ասում էր՝ բավական լավ լուծումներ կան։ Ապա նա հանձնարարեց առաջարկը վերածել օրենքի նախագծի, որպեսզի խնդիրը կարգավորվի։ Մինչ օրս օրենքը վերջնական պատրաստ չէ։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ նախագիծն ուղարկվել է գործընկեր կառույցներին, սպասում են նրանց դիրքորոշմանը։ Մինչդեռ պետք էր շտապել եւ խնդիրը կարգավորել զբոսաշրջային սեզոնից առաջ, հաշվի առնելով, որ այս տարի մեր երկիր այցելուների թիվը, ինչպես կառավարությունից են նշում, բավականին մեծ է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930