Լրահոս
Օրվա լրահոսը

Մի նոր նամակ «Նրան, ով նամակներ չի կարդում»

Հունիս 04,2022 12:30

Ժամանակակից գեղարվեստը ներկայանալու ամենատարբեր միջոցներով կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց: Ժամանակակից գրականության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր նախընտրում են հայ ժամանակակից գրողների գրքերը: Ընթերցողների մի լայն շրջանակ արդեն հասցրել է ընթերցել Օֆելի Դալաքյանի «Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը, որում երիտասարդ աղջկա հոգու եւ մտքի գույներն են խտացված: Օֆելին, ունենալով ինքնատիպ լեզվամտածողություն, արձակի դաշտում կարողանում է համապարփակորեն իրականության միջանցքներում հանդիպող բոլոր երեւույթները ներկայացնել: Բազմիցս գրել եմ, որ արձակն ու պոեզիան անկեղծություն են սիրում, եւ այս դեպքում էլ Օֆելի Դալաքյանի պատմվածքներն անկեղծության արգասիք են:

Որպես երիտասարդ հեղինակ, Օֆելի Դալաքյանն ուշադրություն է դարձնում իր ստեղծած գրական հերոսի բնավորությանն ու հոգեբանությանը: Պատմվածքների հերոսները կարծես խոսում են եւ անգամ կոլորիտային պատկերները չեն դադարում զարմացնել ընթերցողին: Այդ պատկերներն են, որ ապահովում են արձակի շնչառությունը, թեթեւ ու իրական ընթացքը:

Օֆելի Դալաքյանի՝ «Նրան, ով նամակներ չի կարդում» գրքում ամփոփված են վառ կերպարային բնավորությամբ, անհատական եւ հանրային մտքի խճուղիներում ամբողջացած գեղարվեստական պատումներ՝ ծավալով փոքր, ասելիքով՝ բազմաշերտ: Իսկ ո՞րն է հեղինակի առաջնահերթությունը. իմ դիտարկմամբ՝ «ես»-ի տիրույթում ընկալվող եւ դրանից դուրս հակառակը կատարվող որակային եւ արժեքային հարաբերությունները: Հեղինակը կոմպոզիցիոն շերտավորումների հնարքով կարողացել է փոխանցել դրվագային պատկերներ, ձեւավորել անսկիզբ եւ անվերջ փոքրիկ պատմություններ: Սակայն, այս ամենի կողքին չենք կարող չնշել երկար վերնագրերը, որոնք հաճախ իրենք իրենցով բացահայտում են պատմվածքի ընթացքը, հանգուցալուծումը: Այս դեպքում մենք նկատում ենք հեղինակի հուզազգացական մուտքը հենց վերնագրով, որը, մեղմ ասած, այն հավանական հետաքրքրությունն ու ինքնատիպությունը չունի, որքան գրքում տեղ գտած մեկ տասնյակ պատմվածքներ:

«Նրան, ով նամակներ չի կարդում» գիրքը, կարծում եմ, մարդկային «ես»-ի տիրույթը գծագրելու եւ ինքդ քեզ նայելու նոր հնարավորություն է ընձեռում՝ արժեքներն անխաթար ակունքներում պահելու ձգտումով:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930