Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը կեղծ գովերգումներ չի սիրում»

Հունիս 04,2022 12:00

Հարցազրույց գրող, հրապարակագիր, սցենարիստ, կինոխմբագիր Անահիտ Արփենի հետ

– Տիկին Անահիտ, մի փոքր կպատմե՞ք ձեր մասին, ձեր գրածների, ձեր հրապարակած աշխատանքի մասին:

– Գրել սիրել եմ դեռ դպրոցում, բայց երբեւէ չեմ մտածել դրանք պահպանել: Մի անգամ, ինչ-որ ակնարկ, արդեն չեմ հիշում, թե ինչ առիթով եւ ինչի մասին էր, «Ավանգարդ»-ը տպագրել էր։ Բայց գրող դառնալու մտադրություն երբեք չեմ ունեցել։ Ավելին, երբ ռեժիսորական կրթություն ստանալու ժամանակ ինստիտուտում ինձ ասում էին՝ կարող ես գրող դառնալ, կտրուկ ասում էի՝ ինչ եք ասում, դա շատ լուրջ գործ է։ Մասնագիտություն է, բացի այդ, պիտի ամեն օր գրես, ոչ թե՝ երբ ուզես։ Իհարկե, հիմա էլ ամեն օր չեմ գրում, նույնիսկ երբեմն մտքովս անցնում է, թե այլեւս երեւի չեմ գրելու։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ոչ միայն նորն եմ գրում, այլ լրիվ այլ ժանրում եմ սկսում ստեղծագործել։ Ժամանակին խաղացել եմ ուսանողական թատրոններում, հետո ինքս եմ բեմադրել («Դռնփակ» (Ժ.-Պ. Սարտր), «Կուպե» (Անահիտ Արփեն), «Ծաղրածուն» (Մ. Մանվելյան), «Արեգնազան» (Ղ.Աղայան) եւ այլն), ավելի ուշ սկսել եմ գրել դրամաներ («Մարինոս ճգնավորի վարքը», «Նորք» թիվ 3, 2011թ., «Կացարան», «Դրամատուրգիա», թիվ 2, 2000թ., «Գորո կամ նայած որ կողմից կնայես», «Թատրոն-դրամա.am», 17.06.2019 թ., «Բարի գալուստ դժոխք», 2020թ., «Դրամատուրգիա», «Մարինոս ճգնավորի վարքը», 2021թ., «Դրամատուրգիա»), կատակերգություններ («Ծուղրուղու», «Դրամատուրգիա», թիվ 26/27, 2011թ.) ու երգիծական պատմություններ («Քննություն», «Սատիրիկոն», թիվ 4(13), 4.10.2005թ., «Պետի ենթական», «Նորք» թիվ 4, 2009թ., «Ճպուռաամառ», «Բարբի», «Աղբավոլեյբոլ», «Երանի հոգով աղքատներին», «Հերկուլես», «Էլիտար խաղեր», «Երբ սովորական վայր չէ լոգարանը», «Առանց պարտքի Նոր տարի», «Կենդանի յոգուրտային կուլտուրաներ» եւ այլն), մանկական, չափածո երաժշտախաղ («Հրաշագործ մուլտապատում», «Դրամատուրգիա», թիվ 38-39, 2014թ.): Հեղինակ եմ հայրենասիրական ու մանկական երգերի խոսքերի («Ապրիլյան հերոսամարտ», «Էդիթ Պրինտ», 2019թ., երգահան Կարինե Գալյան), հեղինակել եմ վավերագրական ֆիլմեր. «Նատյուրմորտ», 35մմ, 1992թ., «Անցյալն այսօրվան», 2010թ., «Ձոներգ Լենինականին», 2013 թ.) եւ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի սցենարներ («Պարտադրված զինադադար», «Ձյունանուշը», «Քամելեոն», «Հոգիների ծնունդը», «Անսպառ ոգի» եւ այլն):

Հրատարակել եմ տարբեր գործեր՝ արձակ, չափածո, վեպ, վիպակ, թատերախաղ, հոդված։ Սկզբում կարճ պատմվածքներ էի գրում, հետո վեպեր ու վիպակներ ստեղծվեցին. «Անահիտի աղբյուրը», ռազմահայրենասիրական, «Եղունգ ունես, գլուխդ քորիր», պատերազմական («Կայարան» ամսագիր, 2021թ., փետրվար), «Սիրո կեռմաններ», մելոդրամա, «Հրանտ եւ Մարգարիտ», սիրային, «Ճերմակ նժույգ», պատմական, «Գետի ափին գրազ չեն գալիս» պատանեկան, ճամբարային արկածներ: Առաջին գրքույկս փոքրիկ պատմվածքների ժողովածու էր, այդպես էլ կոչվում է՝ «Պատմվածքներ» («ՀԳՄ», 2004, «Լավագույն առաջին գիրք, 2004թ» մրցանակ)։ Երկրորդում («Խաղալիքների անվերջանալի հեքիաթ», «Գրաբեր», 2008), արդեն կինովիպակներ կան: Հաջորդը Արցախի մասին փաստագրական մեծ պատմավեպ է («Անահիտի աղբյուրը», 2015թ., «Անիվ», ՀԳՄ եւ ՀՀ ՊՆ համատեղ մրցանակ, 2015թ.), որին հետեւեց սիրային պատմություններով ժողովածու («Սիրո կեռմաններ», պատմվածքներ եւ վիպակներ, 2016թ., «Ծիծեռնակ»): Կինոարվեստին առնչվող աշխատություններ ունեմ («Հայկական կինո.1924-2008թթ.» (համահեղինակ), «Լեւոն Իսահակյանի դարակազմիկ կյանքը հայ կինոյում», 2019թ., հեղինակային հրատ., մենագրություն հայերեն եւ ռուսերեն):

Ցավոք, նախավերջին գրքիս թեման ամբողջովին պատերազմն է եւ ներկա քաղաքական իրավիճակում վտանգված հայրենիքը («Երազ իմ երկիր հայրենի», 2021թ., պատմվածքներ, թատերախաղեր, վիպակ, բանաստեղծություններ):

Իսկ անցած ամառ Ջերմուկում, ինձ համար միանգամայն անսպասելի, սկսեցի մանկական ոտանավորներ գրել։ Եվ բոլորովին վերջերս լույս աշխարհ եկած նոր գիրքս՝ «Կարդա, ներկիր, սովորիր», մանկական է՝ հայերեն ու անգլերեն բանաստեղծություններով եւ գծանկարային նկարազարդումներով։

Իհարկե, կան նաեւ դեռ առանձին գրքով չտպագրված ժողովածուներ՝ արձակ, չափածո, թատերախաղեր, հրապարակախոսական, երգիծական եւ այլն։

– Գիտեմ, որ կան գրողներ, որոնք գրում են իրենց սրտի լեզվով, նրանց գրածներն իրենց հուզական աշխարհի արտացոլումն են, ինչն է ոգեշնչում, որ գրում ես:

– Ոգեշնչվելու առիթ ու պատճառ շատ կա: Մեկի հայացքը, քամուց թրթռացող մի ծաղիկ, մեղվի բզզոց, թռչնի ճախրանք, ցեխի ցայտուք, սիրո կրակ, երաժշտության փոթորկահույզ ելեւէջներ, քաղաքական ստահակության դեմ ընդվզումը, հայրենիքի անվտանգության համար տագնապը… Այո, ամեն գրող իր սրտի ու մտքի լեզվով իր հույզերի աշխարհն է արտացոլում կամ գրառված ամեն դեպք անցկացնում է իր հոգեկերտվածքի ու գաղափարաբանության պրիզմայով: Այդպես է։ Գրողը, ինչպես ամեն ստեղծագործող, պետք է կերպարային ընկալում ունենա եւ, իրադարձությունների պատճառահետեւանքային կապը հաշվի առնելով, ստեղծի հավաստի պատկերներ ու տեսարաններ։ Անգամ՝ եթե դրանք այլմոլորակային կամ գիտաֆանտաստիկ թեմաներով են։ Խնդիրը կերպար կամ իրավիճակ հորինելը չէ, այլ՝ տվյալ իրավիճակում տվյալ կերպարի շնչելու, գործելու կամ պարզապես լինելու հիմնավորումն է եւ նրա վարքագծի հավաստիությունը, այստեղից էլ՝ գրվածքի ամբողջ պատումի հիմնավորված հավաստիությունը։ Կարեւորը պատմությունը ներկայացնելու կերպը չէ, այլ՝ թե դու քո պատմություններով, քո բարոյահոգեբանական սկզբունքներով ինչ բարոյականության ու հոգեկերտվածքի գաղափարաբանություն ես մատուցում հասարակությանը: Մեր կյանքում ներշնչանքի աղբյուր շատ կա՝ թե՛ գովերգելու, թե՛ նշավակելու առումով։ Հիմա երկրում իրավիճակն այնքան արագ է զարգանում, որ չես հասցնում գրառել։ Կամ, հաճախ նողկանքն այնքան մեծ է լինում, որ չես էլ ցանկանում գրել, փոխարենը վեհացումն ինքն է ձեռքդ գրիչ տալիս, ակամա ես սկսում գրել: Էականը քո գրածով ընթերցողին ընտրելիք առաջարկես, ելք ցույց տաս, հուսախաբ չանես, հնարավորությունների դռները չփակես նրա առաջ, եւ ընթերցողդ թեւաթափ չլինի: Այլ քո ոգեշնչմամբ ինքն էլ ոգեւորվի, քո լավատեսությամբ ու ապրելու, ապրեցնելու կամքով ինքն էլ վարակվի:

Անահիտ Արփենը և Պետրոս Մանուկյանը

– Մինչ ես մի օր ուղեկցում էի քեզ հասարակական առաքելության ժամանակ, արդյո՞ք քաղաքականությունն ու հայրենասիրությունը քեզ դրդում են գրելու, դա նաեւ քեզ համար գրելու դրդապատճառ է:

– Այո։ Ես նկատել էի, որ հենց հայրենիքը վտանգվում էր, սկսում էի չափածո գրել: Բոլորիս հայտնի եղելության պատճառով վերջին մեկ տարում այնքան փոթորկվեցի, որ հայրենասիրական թեման գերիշխեց, եւ վերջերս միայն չափածո եմ գրում: Այսօր, որքան էլ որ մեր հայրենիքի այսօրը տխուր է, իսկ ապագան չհուսադրող, մյուս կողմից էլ շահեկան հնարավորություններ են բացվում մեր առաջ… Ընդհանուր առմամբ հայրենիքը կեղծ գովերգումներ չի սիրում, այլ՝ արյուն-քրտինքով նվաճված ազատություն։ Ով դեմ է դրան, գրիչս նրան քննադատում է, ով դա է հենց տենչում, կհասկանա, որ իմ գրածները ոչ թե գեղեցիկ, բայց չզգացած բառապատկերներ են, այլ՝ սրտիցս բխած իրականություն։

– Ինչպե՞ս կբնութագրեիր քեզ որպես գրող, ինչպե՞ս ես դասակարգում քեզ՝ ազատ ո՞ճ, ավանդակա՞ն, պայմանական ժամանակակի՞ց, պահպանողակա՞ն, հեղափոխակա՞ն:

– Հուզախռով, եւ երբեք՝ խռիվ։ Սիրատոչոր, բայց չնվաստացող: Առինքնող եւ՝ սովորական, ավանդական ոճով ու մեր ժամանակի մեջ։ Ժամանակակից լինելը այլակերպ մտածելն ու այլաձեւ գրելը չէ, այդպիսի հնարանքներով համաշխարհային մշակույթում ոչ ոքի չես զարմացնի։ Ժամանակակից գրելը ժամանակի զարկերակը բռնած գնալն է, քո երկրի ու ազգի խնդիրներից չփախչելն է, քեզ ու քո այսօրվա պետականությունը աշխարհում տեսնելն է։

– Համացանցի եւ համաշխարհային սարդոստայնի դարաշրջանում առկա է առատ, հսկայական տեղեկատվություն, արդյոք սա գործոն է, որն ազդում է ձեր աշխատանքի տարածման վրա կամ, գուցե, դա ձեզ օգուտ է բերում, քանի որ օգտագործում եք նաեւ առցանց գործիքները:

– Համացանցով այսօրվա մեր կյանքի իրականության մասին մտորումներով զրույցս մարդկանց հետ, կռիվս ու պահանջներս ավելի արագ ու արդյունավետ են տեղ հասնում, բայց թե ինչքան են մնայուն, ինչ հետք են թողնում, հետազոտելու հարց է։ Իմ քաղաքացիական դիրքորոշումն ու ճաշակն արտահայտող մտքերն ու գաղափարները արագ տարածվում են, նկատել եմ, որ հետեւորդներ կան։ Իսկ գրքերս տարածելու գործը, անկեղծ ասած, բարձիթողի վիճակում է, ուստի տարերայնորեն է իրականացվում։ Այս հարցում շատ եմ ծուլանում:

– Ապագա ծրագրեր ունե՞ք:

– Ապրելու մտադրություն ունեմ։ Ո՛չ այսպիսի Հայաստանում։ Անկախ, ապագաղութացված, ինքնիշխան Հայաստանում լիքը գործ կա, ես էլ շատ անելիք ունեմ։ Այսօրվա հրամայականը դա է, եւ իմ կյանքում մանրումեծ ամենայն ինչ ածանցվում է այս տեսլականից:

– Եզրափակելով՝ կուզենայի՞ք դիմել երիտասարդ սերնդին, եթե այո, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

– Երիտասարդությունն է կյանքի շարժիչ ուժը, ճշմարտության ջահակիրը, պետության կայացման գրավականը, հետեւաբար եւ՝ հարատեւելու նախապայմանը։ Առավել եւս՝ ազգային պետության: Իսկ ազգային պետությունը քաղաքական հասկացություն է: Երիտասարդությունը սարեր կարող է շարժել, որպեսզի իր երկիրը կառուցվի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, որ իր ապրած երկիրը լինի: Երիտասարդը պետք է գիտակցի, որ առանց իր անմիջական մասնակցության, իր տունն ու օջախը չի շենանա, իսկ ինքը պետք է այդ գործը չթողնի ուրիշի հույսին, ուրիշի ճաշակին, ուրիշի շահին, առավել եւս՝ դավադիր մտադրություններին: Երիտասարդությանը մեկ խորհուրդ ունեմ՝ լսի սեփական հոգու ձայնը, որպեսզի հասկանա սեփական սրտի կապվածությունը, տարբերի թացը չորից ու ճիշտը սխալից, անցողիկ հաճույքը մնայուն արժեքից: Դժվար բան չկա: Երիտասարդը պետք է այս բարձր գաղափարներին հետամուտ լինելով՝ երազի, պետք է այդ մեծ երազանքն իր առաջ դնի որպես կյանքի հիմնական նպատակ ու դրան հասնելու կամք դրսեւորի: Այսինքն՝ սեփական տեսլականով ու մասնակցությամբ կառուցի իր այսօրվա կյանքը եւ ապահովի զավակների ապագան ու իր արդար ծերությունը:

Զրույցը վարեց Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930