Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը արտաքուստ ցույց է տալիս, որ ժողովրդավար է, չի փորձում բացել Ֆրանսիայի հրապարակը, բայց տակից իր գործն անում է. Իշխան Սաղաթելյան

Հունիս 03,2022 23:30

«Ես պատասխանատվություն եմ կրում այն քաղաքացու համար, ում ոտքերը ջարդել է ոստիկանը, եւ այն ոստիկանի համար, ում ինչ-որ կերպ վնասել են»,- այսօր ուշ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան՝ անդրադառնալով ոստիկանության այն հայտարարություններին, որ երթի մասնակիցներն իրենք են սադրել ու բախումներ հրահրել, ինչի պատասխանատուն, ըստ ՔՊ պատգամավորների, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներն են:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, սադրանքը կազմակերպված է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որն արել է ոստիկանությունը:
«Բայց նա պատասխանատվություն է կրում երկիրը հանձնելու համար, հինգ հազար տղաների համար, 187 գյուղի, 6 քաղաքի, Արցախի 75 տոկոս տարածքի համար»:

Ըստ Իշխան Սաղաթելյանի, 35 օր ժողովուրդը դուրս է եկել փողոց մի հայելի չի կոտրվել, բայց այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով կազմակերպել են «կոլցո օպերացիան» ու ժողովրդին ջարդել. «Պահանջը եղել է՝ բացել Դեմիրճյան փողոցը: Ո՛չ շենքերի վրա ենք հարձակվել, ո՛չ կոչ ենք արել բռնությունների, ո՛չ պետական շենքեր ենք փորձել մտնել»:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ, ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ փորձել են մտնել կառավարության շենք. «Նրանք տեսան, որ պայքարը չի մաշվում, օրեցօր թափ է հավաքում: Նրանք հաշվարկում էին, որ ժողովուրդը մի 15 օր կքայլի կամ՝ կգնան ծայրահեղության, կմտնեն ինչ-որ շենք, կբռնեն՝ կձերբակալեն եւ այդպես կմաշվեն, կգնան տուն: Հիմա հասկացան, որ քառասուն օր ժողովուրդը հետեւողականորեն պայքարն առաջ է տանում: Այս քանի օր է մտածում են՝ վրանները ցրեն, ուժ կիրառեն, սրան բռնեն: Սկսեցին, ասեցին՝ ջարդենք թող գնան տուն»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը արտաքուստ ցույց է տալիս, որ ժողովրդավար է, չի փորձում բացել արդեն քանի օր փակված Ֆրանսիայի հրապարակը, բայց տակից իր գործն անում է. «Խուզարկություններ, բերման ենթարկել, ձերբակալություններ: Այսինքն՝ այդ ճանապարհով է փորձում մաշեցնել: Տեսավ, որ օգուտ չի տալիս, անցավ իր գործին»:

Նա վստահեցրեց, որ շարժումը նոր թափ է հավաքելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930