ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Հակոբ Մարտիրոսյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածության ստուգումը։
Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 30 էջանոց հաղորդում են ներկայացրել՝ մանրամասն փաստագրումներով: Հակոբ Մարտիրոսյանն այսօր, բողոքը ներկայացնելիս՝ հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է բողոքն այն դեպքում, երբ համանման մեկ այլ դեպքով՝ Արա Զոհրաբյանի բողոքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանը բավարարել էր։Բողոքաբերը, հիշեցնենք, վիճարկում է դատախազության անգործությունը : Այս համատեքստում, պաշտպանը նկատեց, որ դատախազի անգործության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին տևական ժամանակ տուժողի կարգավիճակ տրված չի եղել եւ զոհվածների ծնողներն այս գործի շրջանակներում, զրկված են եղել իրենց ներկայացուցչից։ Հակոբ Մարտիրոսյանի գնահատմամբ, առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանը շահագրգիռ է եղել գործի ելքով, ուստի չի պահպանել օրենքի պահանջը։
Հակոբ Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը, Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, հետևաբար, հաղորդումը չէր կարող կցվել այդ գործին։ Փաստաբանը հռետորական հարց ուղղեց դատախազությանը՝ ինչո՞ւ չեք ցանկանում քրեական գործ հարուցել պետական դավաճանության հատկանիշներով, ինչու ՞ դատախազությունը չի ցանկանում զոհված 5000 մեր զավակների վերաբերյալ մասն անջատել Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա ՔՕ 308-րդ հոդվածով հարուցված գործից։
Բողոքաբերը միջնորդեց՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Հակոբ Մարտիրոսյանն ու Արծվիկ Մինասյանը 2021 թվականի հունիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան՝ դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու համար եւ խնդրել այս հանգամանքը դիտարկել որպես անգործություն։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը։
Սույն գործով, վիճարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 9-ի կնքած եռակողմ հայտարարության օրինականությունը: «2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնք օգնել են Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը»,- կարծում են բողոքաբերները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ