Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անգամ մեկ կոպեկ չեմ ստացել այդ փոխհատուցումից»․ Ալեքսանդր Լապշինը՝ ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանին 30,000 եվրո բլոգերին վճարել պարտավորեցնելու մասին

Հունիս 03,2022 21:40

«Ես անգամ մեկ կոպեկ չեմ ստացել այդ փոխհատուցումից»,- Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց 7 ամիս Ադրբեջանում դատապարտված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը՝ ընդդեմ Ադրբեջանի։

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Ադրբեջանին որպես փոխհատուցում Ալեքսանդր Լապշինին վճարել 30․000 եվրո։

Ալեքսանդր Լապշինը հայտնեց, որ Ադրբեջանի ՆԳ նախարարը բացահայտ ասել է՝ չենք  վճարելու փոխհատուցում այս մարդուն, քանի որ դա Ադրբեջանի ազգային շահերին հակասում է։ Այս առիթով Ալեքսանդր Լապշինն ասաց․ «Սա ավելի շուտ կարևոր նախադեպ է։ Խոսքը գումարը չէ, այլ մարդու իրավունքները։ Իրականում իմ դեպքը բավարար չափով ուշադրության չի արժանացել միջազգային կազմակերպություններում, ինչ-որ ձևով ուղղակի անցել են նաև ՄԻԵԴ-ում։ Ինձ համար դա մեծ նվաճում է, բայց միջազգային մակարդակով դա ուղղակի ինչ-որ կերպ անտեսվել էր։ Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ ռազմագերիների հարցը կա, իմ դեպքը կարող է այդ առումով օգտակար լինել»։

Ալեքսանդր Լաշպինին համաժողովի մասնակիցները խնդրեցին պատմել՝ ի՞նչ պայմաններում է եղել ադրբեջանական բանտում։ Նա պատմեց, որ գտնվել է Բաքվից դեպի արևելք՝ Սումգայիթի մոտ գտնվող բանտում, որտեղ 500 բանտարկյալ էր պահվում։ Մեծամասնությունն ադրբեջանցիներ էին, մոտ 10 իրանցի․«Բանտի տնօրենն ասաց՝ 4-6 հայեր պահվել են 2017-ին հենց նույն բանտում։ Նրանք ինձ առանձին էին պահում, եթե ընդհանուր խցում պահեին, ինձ ուղղակի կսպանեին։ Ես մի քանի ամիս անցկացրի առանց պատուհանի, հեռուստացույցի, առաջին երկու ամիսը առանց գրքերի ու թերթերի։ Երբեմն Կարմիր խաչի ներկայացուցիչներն էին ինձ այցելում։ Ինձ Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալն ասաց, որ մենք վարում ենք հիմա գործդ, և ինձ դատապարտում են Ադրբեջանի տարածքն անօրինական հատելու համար։ Եթե ես ընդունեմ ԼՂ-ն որպես Ադրբեջանի տարածք, ինձ անմիջապես ազատ կարձակեն։ Ինձ սպառնում էին տեղափոխել նույնասեռականների խուց, ենթարկել սեռական բռնության, և երբ քեզ նման կերպ են սպառնում,  պատրաստ ես ճանաչել անգամ Ալյասկան, Արցախը և ամեն ինչ Ադրբեջանի մաս»։

Փաստմանը՝ այդ ամենից հետո Դուք հայց եք ներկայացրել Իլհամ Ալիևի դեմ, չե՞ք վախենում, Ալեքսանդր Լապշինը պատասխանեց․ «Չէ, նախևառաջ դա հրեային բնորոշ հոգեբանություն է։ Երկրորդը, երեք տարի անցկացրի Իսրայելի բանակում, ինչ- որ ձևով պատրաստ էի այդ բանտին։ Հիմա ես տեսնում եմ, որ ես պարտավոր եմ շարունակել իմ ճանապարհը։ Կարծում եմ՝ Ստրասբուրգի դատարանի որոշումը բավարար չէ, դիմելու ենք ամերիկյան դատարան։ Դա կլինի իմ անձնական հայցը նախագահ Ալիևի դեմ, իրեն մոտ կանգնած Հիքմեթ Հաջիևի և մյուսների դեմ։ Դա կլինի առաջին նախադեպը պատմության մեջ։ Հիքմեթ Հաջիևն ինձ ասում էր, որ Ադրբեջանը ժողովրդավար պետություն է, որ իմ իրավունքները պաշտպանված են։ Դա կլինի իմ կողմից իրենց նվերը։ Ես ամեն օր էլ պատրաստ եմ մեռնել, ես արթնանում եմ, ուրախ եմ, որ կարողացա արթնանալ։ Անգամ ինձ բաց թողնելուց հետո նրանք առնվազն երկու անգամ փորձել են ինձ սպանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930