«Սա մի կաթիլ էր օվկիանոսի մեջ»,-Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. պատերազմից հետո» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն իրավական գործընթացներին, որոնք իրականացնում են միջազգային դատարաններում՝ ՄԱԿ-ի դատարանում և ՄԻԵԴ-ում:
Եղիշե Կիրակոսյանը հիշեց՝ իրենց շատ էին ասում՝ հնարավոր է արդյունք չտա այդ ամենը, բայց նշեց՝ իրենք գնացել են այդ քայլին, որովհետև այսօրվա միջազգային օրենքն ու հարաբերությունները փոխվում են արմատական կերպով:
Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային հանրությանը պատրաստել է նրան, որ արդարացվի ուժի կիրառումը: Օրինակ՝ հրատարակում էին տեքստեր, զեկույցներ, որոնցում ներկայացված էր իրենց տարածքային իրավունքները, ՀՀ-ն ներկայացվում էր՝ որպես ագրեսոր: Այդ զեկույցները ներկայացնում էին հայտնի գիտնականներ, որոնց խոսքը կշիռ ունի աշխարհում:
Հարցին՝ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ միջազգային մամուլը միջազգային հանրության կարծիքի վրա ազդեցության առումով, նա պատասխանեց. «Իհարկե, միջազգային մամուլի դերակատարությունը վճռորոշ է, բայց մինչ այդ մենք պետք է կարողանանք ճիշտ շեշտադրումներ անել բոլոր պատերազմական հանցագործությունների պատմությունները ներկայացնելու և փոխանցելու միջազգային ԶԼՄ-ներին: Դա մեծ ազդեցություն կարող է ունենալ մարդկանց մոտ ճիշտ ընկալումներ ձևավորելու հարցում»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ Ադրբեջանը չի ճանաչում որոշ հայ ռազմագերիների ներկայությունը իրենց երկրում, ինչպիսի՞ միջոցներ կարող ենք օգտագործել այդ մարդկանց վերադարձի առումով, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց․ «Բարդ հարց է: Մենք օգտագործել ենք բոլոր հնարավոր գործիքները միջազգային կազմակերպությունների։ Մենք ՄԻԵԴ-ին խնդրեցինք, որ նրանք պահանջեն հայրենադարձություն, գիտեինք, որ դա տեղի չի ունենա, քանի որ միջանկյալ միջոցի շրջանակները շատ նեղ են: Դա երկրորդ և երրորդ հոդվածների շրջանակներում է արվում: Խնդիրն այն է, որ աշխատանքային խմբերի գործառույթները և մեխանիզմները սահմանափակ են, հավաքում են այդ հայտերը ու ներկայացնում Ադրբեջանի կառավարությանը։ Չեմ կարծում, որ այն կտարբերվի այն պատասխանից, որը ներկայացվել էր ՄԻԵԴ: Պետք է հնարավոր ուղիներ շարունակենք փնտրել, քաղաքական ճնշում պիտի կիրառենք: Կա իրավական գործիքակազմ, որը պետք է երաշխավորի մարդկանց կյանքի անվտանգությունը»:
Եղիշե Կիրակոսյանը նաև հայտարարեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել ատելության խոսքը։ Դրա դրսևորումն է նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը, որն աշխատում է հայկականության հետքերի ջնջման ուղղությամբ: Մենք բոլոր այդ փաստերը հաղորդում ենք Ադրբեջանին՝ պահանջելով պարզաբանում։ Ցավոք, մենք չենք ստացել որևէ բացատրություն»։
Հարցին՝ ինչպե՞ս կարող է ՄԻԵԴ-ի որոշումն օգտակար լինել հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում, Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց. «Մենք գտնվում ենք շատ վաղ փուլում դատարանում, երբ ՀՀ-ն ներկայացրել է խտրականության հայց։ 20-րդ դարի սկզբում էլ են ջարդեր եղել, ցավոք, դրանք այդքան տեսանելի չէին սովետական ժամանակահատվածում, քանի որ առանձնացված ինչ-որ դեպքեր էին, որոնք էթնիկ բնույթ ունեին։ Հայր Ալիևն իրականացնում էր Ադրբեջանի ազգաբնակչություն ավելացնելու քաղաքականություն, նպատակ ուներ նվազեցնել հայերի թիվը։ Իսկ որդի Ալիևն արդեն ատելության քաղաքականություն էր վարում, նա ինստիտուցիոնալիզացրեց ատելությունը։ Բոլեր այս օրինակաները ցույց են տալիս խորացված ռասսայական ատելությունը։ Դա է ընկած հանցագործությունների հիմքում։ 44-օրյա պատերազմում տեսել ենք գլխատումներ, և դա դրսևորում է այդ ատելությունը։ Դա նշանակում է՝ Արցախը, որը բնակեցված է հայերի կողմից, չի կարող Ադրբեջանի մաս կազմել, որովհետև դա իրականում կնշանակի էթնիկ զտումներ։ Ահա թե ինչու այս գործը շատ կարևոր է այդ առումով, դա անմիջապես կապված է դրա հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ