«Իրենք սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը ու մենք պետք է հեռացնենք այն իշխանություններին, ովքեր ամեն ինչ անում են, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ընդդիմության հրավիրած արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ըստ Ռուստամյանի, եթե իշխանությունները չեն ասում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ համաձայնում են Ադրբեջանի հետ: Հարցին՝ բա որտե՞ղ պետք է լինի Արցախը՝ նա պատասխանեց՝ անկախ պետք է լինի: Լրագրողները ճշտեցին՝ կարո՞ղ է Ռուսաստանի կազմում լինի Արցախը՝ Ռուստամյանը պատասխանեց. «Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ ում կազմում լինի: Արցախը գնացել է ինքնորոշման ճանապարհով, որից հետո կորոշի՝ միանա՞լ ՀՀ-ին, թե՞ չէ»:
Ըստ Ռուստամյանի, նոյեմբերի 9-ի փաստաթղթով Փաշինյանը ստորագրել է, որ Արցախը սուբյեկտ չէ, մինչդեռ ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի հանդես գալ Արցախի անունից:
Ռուստամյանը նաեւ ասաց, որ այն հայտարարությունները, որոնք անում է Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ինքը չի կարող մեկնաբանել. «Ինձ համար ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը չի կարող վերադառնալ նաեւ Արցախ, եթե հանկարծ պայմանավորվի, որ համաձայնել է Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ո՞ւմ համար պարզ չէ, որ եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ Արցախում հայ չի մնա, սա ակնհայտ է»:
Կարդացեք նաև
Ըստ Ռուստամյանի, Արայիկ Հարությունյանին հավանաբար Փաշինյանը ստել է, նա կարող է է այսօր մի բան ասել, վաղը՝ այլ բան. «Մի օր հայտարարում է, որ տեսական հնարավորություն էլ չկա Արցախը Ադրբեջանի կազմից դուրս բերել, մյուս օրը ասում է՝ դուք ինձ սխալ եք հասկացել նշաձողի իջեցման հետ կապված, երեւի Արայիկ Հարությունյանին էլ է ասել՝ ես երբեք դեմ չեմ, որ Արցախի հարցը լուծվի այնպես, ինչպես Արցախի ժողովուրդն է պահանջում: Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը հենց տեսնի՝ նեղն է ընկնում, մեզնից առաջ ընկնի ու ավելի ջանքով, եռանդով պաշտպանի Արցախի այն կարմիր գծերը, որոնք մենք ասում ենք, անգամ Մուշն ու Սասունը կարող է ուզի, չեմ բացառում: Իր իշխանությունը պահելու համար նա ցանկացած հայտարարության պատրաստ է»:
Շարժման մասին խոսելով՝ Ռուստամյանն ասաց, որ 88-ի ոգին է տեսնում փողոցում ու լաոն լավ էլ զարթնել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ